Ռուս պրանկերներն արդեն երկու անգամ ներկայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից եւ հեռախոսազրույց ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մայիսի 24-ին պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը եւ Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին: Բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ: Հաջորդ զանգը եղել է հունիսի 13-ին: Պրանկերներն այս անգամ խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Վերջինս շնորհավորել է Փաշինյանին` վարչապտի պաշտոնը ստանձնելու առթիվ: Արդյոք վտանգներ են պարունակում այս զանգերը, այս եւ այլ հարցերի շուրջ Ժողովուրդ օրաթերթը զրուցել է Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյանի եւ Նախկին ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի հետ:
Արտաքին գործերի նախկին նախարար Վահան Փափազյան
-Պարոն Փափազյան, գիտենք, որ հստակ ձեւ գոյությունի ունի, որով կատարվում են միջպետական պաշտոնական զանգերը: Կխնդրեի մանրամասնեիք, թե դա ինչպե՞ս է տեղի ունենում, երբ մի պաշտոնյան ցանկանում է կապ հաստատել մեկ այլ երկրի պաշտոնյայի հետ:
-Սովորաբար զանգ են տալիս գրասենյակ, ասում են, որ այսինչ անձն ուզում է Ձեզ հետ խոսի, Ձեզ հարմա՞ր է, նա էլ ժամ է նշանակում, եւ այդ ժամին կապը հաստատվում է, որպեսզի խնդիրներ չառաջանան:
-Հիմա անհրաժե՞շտ է, որպեսզի մեր երկրի արտգործնախարարությունը որեւէ քայլ կատարի այդ հարցով:
-Մեր արտաքին գործերի նախարարությունն այդ առումով անելիք չունի: Ես այդպես եմ կարծում: Դա առաջին հերթին վերաբերում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը: Դա իրենց խնդիրն է: Իրենք պետք է հասկանան, որ դա կեղծ է, կեղծիք է, եւ դրա դեմն առնեն, եւ ԵԱՀԿ-ն, որին նույնպես զանգել էին:
-Իսկ վարչապետ Փաշինյանը, որի անձին է վերաբերում այս հարցը, պե՞տք է որեւէ քայլ կատարի:
-Չեմ կարծում: Վարչապետը կարող է զվարճանալ:
-Պրանկերները խոսել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ եւ կարող են որոշակի տեղեկատվություն ստանալ, հետո փոխանցել հենց իրենց իշխանություններին:
-Առաջին անգամ չէ, որ նրանք այս տեսակ բաներ են անում, նման փոստ կամ խոխմա: Հայտնի մարդիկ են այդ պրանկերները: Եվ սա միայն Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի հետ կապված չի: Եվ դա Հայաստանի դեմ չի: Նրանք Ուկրաինային առնչվող նման բաներ էլ են արել` Պորոշենկոյի մասով: Այնպես որ դրան լուրջ վերաբերվել պետք չի:
-Վտանգներ, այնուամենայնիվ, չե՞ն կարող լինել:
-Ես, համենայնդեպս, չեմ տեսնում: Դրանով կարելի է միայն զվարճանալ:
-Օրինակ, եթե այն ժամանակ, երբ Դուք արտգործնախարար էիք, Ձեզ զանգահարեին, գլխի կընկնեի՞ք, որ դա կեղծ զանգ է:
-Երեւի գլխի կընկնեի: Չեմ կարող 100 տոկոսով վստահ լինել:
Նախկին ԱԱԾ պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյան
-Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս կարող էր ստացվել, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պրանկերի հետ կես ժամ խոսեր, որը ներկայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
-Այսօր համացանցում ինչ ուզեք, կգտնեք, այդ թվում` Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հեռախոսահամարը: Մնում է կեղծել ձայնը, ինտոնացիան, շեշտադրությունը եւ զրուցել: Հետո կարեւորն այն է, որ մարդը մասնագիտացել է եւ թեմատիկ զրույցներ է տանում: Նա էլ հաճույքով պատասխանել է:
-Իսկ ՀՀ կողմից, մասնավորապես` ԱԱԾ-ի, ի՞նչ պետք է արվի այս դեպքում: Գուցե ռուսական կողմը ցանկանում է այս ձեւով Փաշինյանին առնչվող որեւէ տեղեկությո՞ւն ստանալ:
-Ո՛չ, ամենեւին: Եթե նման բան լիներ, մենք չէին իմանա, որ նման զանգ է եղել: Ուղղակի մարդիկ իրենց հնարավորություններն են ցույց տալիս: Իսկ ԱԱԾ-ն այստեղ ոչինչ անել չի կարող: Ինչ պետք է անի, եթե զանգը կատարվում է Ռուսաստանից, Բելգիայից կամ այլ երկրից: Մնում է, որ մարդիկ, ովքեր զանգ են ստանում, ստուգեն իրենց եկած կողմնակի զանգերը: Ուրիշ պրակտիկա այստեղ գոյություն չունի:
-Ռուսական կողմը սրանով ի՞նչ է ուզում ցույց տալ:
-Սա ռուսական կողմը չէ, այլ բախտավոր դեմքեր են: Պատկերացրեք` հայ է զանգ տվողը, ինչ պետք է անի հայկական կողմը հայի համար, ոչ մի բան: Խուլիգանություն չկա, ուղղակի զանգ է, կատակ է, քրեորեն պատժելի արարք չէ:
-Այսինքն` պատասխանատվության ենթարկելու հարց չի՞ կարող լինել:
-Բայց խոսում են, հետո ի՞նչ են անում, ոչ մի բան:
-Սա վտանգներ չի՞ պարունակում, որ կարող են գաղտնի տեղեկություններ իմանալ:
– Եթե բաց հեռախոսով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պետք է գաղտնիքներ ասի, ապա ի՞նչ անենք դրա դեմ: Թող իրենք մտածեն. զանգ ստացողը թող մտածի:
-Այսինքն` վերահսկողությո՞ւն էլ չի կարող լինել:
-Ոչ մի: Վերահսկողություն պետք է սահմանի զանգ ստացողը: Այդ պրանկների թեման պարզապես անիմաստ խոսակցություններ են: Այսօր միջպետական զանգերը որպես կանոն գնում են հատուկ խողովակներով, որտեղ պրանկերներն անելու ոչինչ չունեն: Նրանք զանգ են տալիս սովորական քաղաքային հեռախոսով: Բավական է պարզել որեւէ պաշտոնյայի հեռախոսահամար եւ կարող ես զանգ տալ ցանկացած հեռախոսից: Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի անունից են զանգ տվել: Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնավոր հեռախոսներով զանգ տալ մարդու, նա կառավարական կապով կկապվի: Նա ոչ թե տվյալ պաշտոնյայի հետ կկապվի, այլ աշխատակազմ եւ այդ միջոցով կկազմակերպվի հեռախոսազրույցը: Իսկ եթե արտգործնախարարը վերցրել է հեռախոսը եւ սկսել խոսել, դա իրենց խնդիրն է:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ