ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Վահրամ Բաղդասարյանը շրջանառության մեջ են դրել «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերին:
Մասնավորապես, պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում: Այժմ սահմանված են հետեւյալ դրույքաչափերը. ամսական մինչեւ 120 հազար դրամ եկամտի դեպքում՝ 24.4 տոկոս է, 120 հազ. դրամից մինչեւ 2 մլն. դրամ եկամտի դեպքում՝ 26 տոկոս, 2 մլն. դրամից ավելի եկամտի դեպքում՝ 36 տոկոս: Իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով սահմանվել են եկամտային հարկի հետեւյալ դրույքաչափերը՝ ամսական մինչեւ 150 հազ. դրամ եկամտի դեպքում՝ 23 տոկոս, 150 հազ. դրամից մինչեւ 2 մլն. դրամ եկամտի դեպքում՝ 28 տոկոս, իսկ 2 մլն. դրամից ավելի եկամտի դեպքում՝ 36 տոկոս:
Բայց արի ու տես, որ հիմա իրենց նախագծով պատգամավորներն առաջարկում են էականորեն նվազեցնել եկամտային հարկի գործող դրույքաչափերը՝ ամսական մինչեւ 500 հազար դրամ հարկվող եկամտի համար սահմանելով 20 տոկոս, իսկ գերազանցող մասի համար՝ 25 տոկոս դրույքաչափ:
Նախագծի համահեղինակներից Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե այս օրենքի փոփոխությունը նախաձեռնված է եղել դեռեւս անցյալ տարի եւ այս ընթացքում տարբեր քննարկումներ անցել, այդ թվում` ՀՀ ֆինանսների ներկայիս նախարար Ատոմ Ջանջուղազյանի եւ ՊԵԿ ներկայիս նախագահ Դավիթ Անանյանի հետ: Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այն փոփոխությունները, որոնք իրենք նախաձեռնել են, համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության ստվերի դեմ պայքարելու թեզին, եւ օր առաջ օգտագործելը կարեւոր է համարում:
Նրա խոսքով` օրենքի էությունը կայանում է աշխատուժի ստվերային շրջանառությունը կրճատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մեջ: Ըստ պատգամավորի` հենց եկամտահարկի բարձր լինելն է պատճառ դառնում ստվերային աշխատողներ ունենալու համար: «Այս նախաձեռնությունը մենք դեռեւս սկսել ենք անցյալ տարվա հուլիսից, երբ որ կառավարության հետ քննարկում էինք Եկատահարկի դրույքաչափերի նվազեցման խնդիրը: Փոփոխությունների էությունը պետք է կայանար ոչ միայն գործատուի վրայից հարկային բեռը թեթեւացնելու մեջ, այլ նախ եւ առաջ նպաստավոր պայմաններ ստեղծելու, որպեսզի ստվերային շրջանառությունն աշխատավարձի եւ աշխատողների, էապես կրճատվեր: Այսինքն` գործատուի մոտ վերացնել կամ չեզոքացնել մոտիվացիան աշխատողին լիարժեք ցույց չտալու եւ ստվերայինվճարումներ կատարելու համար», – նշեց նա:
Հարությունյանի խոսքով` միակ օպտիմալ տարբերակը եկամտային հարկի դրույքաչափի համապատասխանեցումն է շահութահարկի դրույքաչափին: «Մենք մինչեւ 500 հազար աշխատավարձ ստացողների համար սահմանել ենք 20 տոկոս, 500-ից բարձր ստացողների համար՝ 25 տոկոս: Բանն այն է, որ մոտ 90 տոկոսի վարձատրությունը չի գերազանցում 500 հազարը, եւ պրակտիկան ցույց է տալիս, որ հենց այս տիրույթում է տեղի ունենում աշխատուժի ստվերային գործունեություն: Դրա համար հենց այս հատվածի համար ենք փոփոխություններ կատարում»,- հավելեց Հարությունյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը մեզ հետ զրույցում նշեց, թե որպես այդպիսին նոր կառավարության հետ քննարկում չեն ունեցել, սակայն իրենց հեղինակած նախագիծն ուղարկել են նրանց: «Դեռեւս անցյալ տարվանից քննարկումներ են եղել նաեւ Ֆինանսների նախարարությունում, եւ նույնիսկ կատարված են որոշ վերլուծություններ: Եվ քանի որ այսօրվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախկին գանձապետն է եւ թեմայի մեջ, իսկ ՊԵԿ նախագահն էլ՝ նախկին ֆինանսների փոխնախարար, դրա համար հավելյալ քննարկումների նախնական անհրաժեշտություն չունեցանք»,- եզրափակեց նա:
Նաիրա Հովհաննիսյան