2017 թվականին իրավապահ մարմինները Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում հերթական չարաշահումն էին բացահայտել: Սակայն, ինչպես ցույց տվեց նախաքննության ավարտը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբայրը ջրից չոր դուրս եկավ:
Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի պակասուրդ` ընդհանուր առմամբ ավելի քան 30 միլիոն դրամի չափով: Բացի այդ, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաեւ պակասուրդ ապրանքների հաշվապահական ձեւակերպումներն իրականացրել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի խախտումներով, ինչը հանգեցրել է նրան, որ պակասուրդ գույքը տարիներ շարունակ չի հայտնաբերվել:
Ինչեւէ, յուրացման կամ վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու պաշտոնեական անփութության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Եվ ահա չարաշահման դեպքով մեղադրյալի աթոռին էր հայտնվել «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստի պահեստապետ Համբերիկ Գալստյանը:
Նշենք, որ դեռեւս այդ ժամանակ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն էր` Արթուր Ավագյանը: Տպավորությունն այնպիսին էր, որ բացի պահեստապետից՝ մեղադրյալի աթոռին պետք է հայտնվեր նաեւ նա, քանի որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պատասխանատուն է, ասել է թե` ինքն է նաեւ ստորագրել համապատասխան փաստաթղթերը: Սակայն ոչ: Այս գործով նախաքննությունը ավարտվել է, եւ պահեստապետից բացի՝ որեւէ մեկը այդպես էլ չհայտնվեց ամբաստանյալի աթոռին:
Իսկ ահա Համբերիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1983թ. հուլիսի 1-ից աշխատելով որպես «Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստի պահեստապետ եւ հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, քրեական գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ 2012թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում յուրացրել է իրեն պատասխանատու պահպանման վստահված, առանձնապես խոշոր չափերով՝ 12 միլիոն 950 հազար 105 դրամ, տնտեսական ապրանքներ:
Նկատենք, որ իրավապահները չեն կարողացել պարզել կամ, ինչ-ինչ շահագրգռվածությունից ելնելով, չեն ցանկացել պարզել, թե պահեստապետը ում հետ է յուրացրել համալսարանի ապրանքները:
Քնար Մանուկյան