Հունիսի 14-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր հանդիպում-խորհրդակցություն Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև անցկացվեց տվյալ դատարանների նախագահների ընտրություն:
Խորհրդակցության սկզբում Խորհրդի նախագահն ընդգծեց, որ նման հանդիպումների նպատակն է՝ անձամբ շփվել դատավորների հետ և ծանոթացնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև տեղեկանալ նրանց հուզող խնդիրներին:
«Բարձրագույն դատական խորհուրդն առաջին իսկ օրվանից շատ հստակ սկզբունքներ է որդեգրել, որոնցով առաջ է շարժվում, դուք դա կարող եք տեսնել նաև մեր որոշումներում՝ մասնավորապես Խորհրդի՝ ապրիլի 12-ի որոշման մեջ, չափորոշիչներում, որոնցով դիտարկվում են դատավորի և դատարանի անկախությունը, դատավորներին ուղարկված և դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված այն ուղեցույցի մեջ, որում նշված է, թե ինչ գործոններ ենք հաշվի առնելու և՛ դատավորների ընտրության, և՛ առաջխաղացման, և՛ գնահատման ժամանակ»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը:
Հանդիպում-խորհրդակցությունն անցավ կառուցողական մթնոլորտում, ներկայացված հարցերի վերաբերյալ դատավորների կողմից հնչեցին առաջարկություններ, կարծիքներ, դրանցից կարևորներն ու առանցքայիններն արձանագրվեցին՝ Խորհրդի գործունեության և ծրագրերի շրջանակներում դիտարկելու նպատակով:
Նիստի ավարտին Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Տավուշի, ապա Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնի համալրման նպատակով:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Արման Կուրեխյանը: Խորհրդի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Զաքինյան Զոյա -1
Իսկանդարյան Սիմա -0
Կուրեխյան Արման -7
Մարդանյան Սամվել -2
Մելքոնյան Ռաֆիկ -0
Օհանյան Արման -0
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով արձանագրվեց ձայների հետևյալ բաշխվածությունը.
Ասատրյան Ժաննա -1
Բեգլարյան Իգնատ -0
Գրիգորյան Սամվել -5
Թումանյան Անահիտ -1
Հովակիմյան Մուրադ -0
Սարգսյան Դավիթ -1
Սարդարյան Արսեն -1
Օհանյան Նապոլեոն -1
Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած և դատավորի երկար փորձառություն ունեցող երկու թեկնածուները:
Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետևյալ արդյունքը.
Գրիգորյան Սամվել -7
Թումանյան Անահիտ -1
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Սամվել Գրիգորյանը:
Դատական դեպարտամենտի մամլո ծառայություն