Ես պատրաստ եմ պատասխան տալու. մարտի 1-ի ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո տեղաշարժ է նկատվում մարտի 1-ի քրեական գործով. ՀՔԾ-ն արդեն ձեռնամուխ է եղել այս գործով քննչական նոր գործողությունների, նշանակվել են նոր փորձաքննություններ: Այս գործի մասին ՀՔԾ-ին հանձնարարական է տվել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` օրերս հայտարարելով` ՀՔԾ ամենակարեւոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն, մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է:
Ինչպես հայտնի է, Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար եղել է Գրիգոր Գրիգորյանը: Ավելին` օրերս մամուլում տեղեկություներ տարածվեցին, որ Գրիգոր Գրիգորյանին հարցաքննել են, եւ Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից:

Ավելին՝ Քոչարյանը մանրամասն հրահանգավորել է, որ ցուցարարների վրա դիմահար կրակ բացվի և կիրառվեն նման դեպքերի համար արգելված հատուկ միջոցներ: Քանի որ Քոչարյանը, լինելով նախագահ, միաժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն էր, ներքին զորքերի հրամանատարը չի կարողացել ընդդիմանալ և չկատարել երկրի ղեկավարի արյունոտ հրամանները: Ավելին` Գրիգորյանը տեղեկացրել է, որ ինքը իր անձնական ապահովության համար ձայնագրել է իր և Քոչարյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը, և այն կարող է ներկայացնել որպես իր ասածների հիմնավորում:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գրիգոր Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար բարձրաձայնում է մարտի 1-ի բացահայտման մասին, Դուք մտավախութուն չունե՞ք, որ մարտի 1-ը բացահայտվի, եւ Ձեզ համար խնդիրներ առաջանան:

-Ընդհանրապես ես աշխատում եմ չշփվել մամուլի հետ, սկսենք այստեղից, օրերս արտահոսք եղավ, թե ինձ կանչել են հարցաքննության, իբր թե Ռոբերտ Քոչարյան եւ նման այլ բաներ: Եթե չեմ սխալվում, երկու ժամ հետո ՀՔԾ-ն հերքում տվեց, քանի որ նման բան չէր եղել եւ չէր կարող լինել: Ես եղել եմ զորքերի հրամանատար, պետական պաշտոնյա, ես 10 տարուց ավել է` չեմ աշխատում, գտնվում եմ տանը, երբեք Հայաստանից չեմ բացակայել, չեմ խուսափում որեւէ բանից, ինքս իրավաբան եմ, ինձ պատասխանատու անձ եմ համարում, երբեք չեմ խուսափել իմ արածների եւ ասածների համար պատասխանատվությունից: Այնպես որ ես այն ժամանակվա առումով էլ մեզ` որպես պետական կառույցի ներկայացուցիչներ, համարում եմ նաեւ տուժող կողմ, որովհետեւ մենք մեր պաշտոնեական ծառայությունն ենք իրականացրել, ցավոք սրտի, այդ ծառայության ընթացքում` մեր ժամանակ, այդ դեպքերը եղել են, այդ թվում մեր զինվորը եւ սպան սպանվեցին: Այնպես որ բացահայտմանը ես միանշանակ կողմ եմ, որ ցանկացած մեկը, որը հրաման է տվել, որը կարգադրություն է արել մարդկանց վրա կրակելու, պատասխան տան:

-Դուք եղել եք ներքին զորքերի հրամանատարը, նշեցիք, որ Ձեզ ՀՔԾ չեն կանչել, բայց եթե կանչեն, կգնաք, կասե՞ք, թե Ձեզ ով է հրահանգել կրակել, Ռոբերտ Քոչարյա՞նն էր:

-Այն բառակապակցությունը, որ Ռոբերտ Քոչարյանը ինձ հեռախոսով հրահանգ է տվել, ու ես ել ստիպված եմ եղել հրահանգ կատարել, ուրեմն ասեմ հետեւյալը. փաստ է, որ ես երբեք հեռախոսով, երբեք, ոչ մի անգամ, Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ խոսել, ընդհանրապես կյանքում ես իր հետ հեռախոսով չեմ խոսել: Այնպես որ ինքը ինձ նման հրահանգ տալու հնարավորություն չուներ: Բացի այդ, պետական ծառայության մեջ կան սուբորդինացիաներ: Հանրապետության նախագահը` Գերագույն գլխավոր հրամանատարը, ուղղակի նման ցուցումներ երեք չորս աստիճան ցածր մարդուն չի տալիս:

-Հիմա եթե Ձեզ կանչեն Հատուկ քննչական ծառայություն, կասե՞ք, թե ով է տվել հրահանգ, Դուք եք եղել ներքին զորքերի հրամանատարը, Դուք եք կրակել:

-Ես ասում եմ, ես իրավաբան եմ, հասկանում եմ այս ամեն ինչի կարեւորությունը ու ես պատրաստ եմ իմ բոլոր կարգադրությունների, հրահանգների ու կատարածի համար պատասխան տալու, այլապես ես Հայաստանում չէի լինի: Այսինքն` ես ոչ մի արարք, որի համար մտավախություն ունենամ, չեմ կատարել ու նման հրահանգներ չեմ տվել եւ ոչ էլ որեւէ մեկից նման հրահանգներ եմ ստացել :

-Ի՞նչ կասեք թավշյա հեղափոխության մասին :

-ճիշտ ասած` այն, ինչ այսօր կատարվում է, դրա գնահատականը, նախ այդ իրադարձություններին ծանոթ չեմ, գնահատական տալ չեմ կարող, եւ, առհասարակ, ընդամենը մեկ-երկու ամիս է անցել, ինչ գնահատական պետք է տանք, մեկ-երկու ամսվա ընթացքում ոչ մեկ չի կարող լուրջ փոփոխություններ կամ, չգիտեմ, երկնքից աստղեր իջեցնել, ժամանակ պետք է տրվի մարդկանց, հետո գնահատվի :

Քնար Մանուկյան




Լրահոս