Կոնսերվատորիայի ղեկավարը հրաժարական կտա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից հետո Գյումրիում անհամբեր սպասում են, որ հրաժարական կտա նաեւ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարինե Ավդալյանը, ում անունը մշտապես շրջանառվում է կոռուպցիոն պատմությունների մեջ: Մեկ ամիս առաջ Գյումրի այցելեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա այն ժամանակ եկել է ՇՊՀ-ի խնդրով, բայց խոստացել է մոտակա ժամանակահատվածում զանգահարել Կարինե Ավդալյանին ու հասկանալ՝ ինչու են բուհ-ում բողոքում:

Նախօրեի ուշ երեկոյան Արայիկ Հարությունյանը կրկին Գյումրիում էր, բայց Կոնսերվատորիա կրկին չայցելեց: Փոխարենը բողքողների բանակն էր եկել նախարարի հետ հանդիպման: Նախարարն ասում է՝ խնդրով զբաղվում է, միայն թե արդյունքներն են անտեսանելի. «Անկեղծ ասած` բուն էությունը բուհ-ի խնդիրների չեմ հասկանում: Հրապարակումները շատ են, հակասական կարծիքները եւս: Սա նրա անունով վարկ վերցրեց, սա նրան չնշանակեց, սա փողը կերավ, մյուսը չկերավ, արդար է, արդար չէ: Ես զրուցել եմ Կոնսերվատորիայի տնօրեն պարոն Շահինյանի հետ եւ պայմանավորվել ենք, որ նա լուծումներ կգտնի»,-ասում է ԿԳ նախարարը:

Սակայն մինչ նախարարը Կոնսերվատորիայի տնօրենի լուծումներին է սպասում, կառույցում իրավիճակն առավել է սրվում: Ովքեր բողոքում են, պատժվում են անհապաղ. Կարինե Ավդալյանի որդեգրած քաղաքականությունն է: Պատժվողների ցանկում ուսանողական խորհրդի նախագահ Լենա Խռխռյանն է: Երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր Ավդալյանի անօրինական գործողությունների մասին, ընդամենը ժամեր անց վերջինիս զանգել ու տեղեկացրել էին, որ այլեւս չի ղեկավարում ուսանողական խորհուրդը. Երեկ Լենա Խռխռյանը տեղեկացրեց, որ բուհ-ում վախի մթնոլորտ է, անգամ այն դասախոսները, որոնք ցույց են տալիս, որ Ավդալյանի կողմից են, առանձին հանդիպումներ են ունենում բողոքող կողմի հետ ու դժգոհում:

Նախարարի հետ հանդիպման ընթացքում էլ պարզաբանում խնդրին չի տրվել: Արայիկ Հարությունյանը միայն ասել է, որ խնդրով արդեն իրավապահ մարմիններն են զբաղվում, ինքն այս պարագայում որեւէ անելիք չունի:

Ուսանողների փոխանցմամբ` քննիչներն արդեն մի քանի օր բուհ-ում ինչ-որ գործողություններ են անում, փաստաթղթերն են ստուգում, արխիվն են զննում, զրուցում են դասախոսների հետ: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն էլ փոխացեց, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանության աշխատակիցներն էլ Կոնսերվատորիայում հատուկ գործողություններ ու ուսումնասիրություններ են իրականացվում, հավաքագրված փաստերի հիման վրա էլ կհարուցվի քրեական գործ:

Կարինե Ավդալյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց ըստ շրջանառվող լուրերի` վերջինս հենարան է որոնում, որ կարողանա պահպանել դիրքն ու պաշտոնը, իսկ հեռանալ սեփական կամքով չի պատրաստվում, այդ մասին նա բազմիցս է հայտարարել:

Շուշանիկ Օհանյան
Գյումրի




Լրահոս