Քաղաքական նոր իրողության պայմաններում Վանաձորի ավագանու առաջին նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը հարց ուղղեց գործընկերներին, թե քաղաքական իրավիճակ է փոխվել, ՀՀԿ-ն բարձր ատյանում իրեն հայտատարարել է ընդդիմություն, այստեղ ինչ վերադասավորումներ են սպասվում:
Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը պատասխանել էր, թե Վանաձորում ոչինչ չի փոխվել. «Ավագանին միատար չէ, մի ուժի կողմից չի կառավարվում, մենք մեզ ընդդիմություն չենք հայտարարում: ՀՀկ-ն ընդդիմություն է Աժ-ում, իսկ այստեղ ավագանիների այն խումբն է, որն ունի մեծամասնություն, եւ այդ մեծամասնությունն ինձ ընտրել է քաղաքապետ: Այդ մեծամասնության ուղղվածության եւ կառավարության ծրագրերին համապատասխան` Վանաձորին ծառայելու համար եմ ընտրվել քաղաքապետ, ոչ թե կուսակցությանը ծառայելու»:
Քաղաքական ուժերի կողմից որեւէ հայտարարություն ու մեկնաբանություն չհնչեց, մինչ օրս որեւէ արձագանք չկա: «Ժողովուրդ» օրաթերթը Վանաձորի ավագանու ղեկավարներից հետաքրքրվեց, թե ինչպես են աշխատելու, ինչ վերադասավորումներ ու փոփոխություններ են հնարավոր:
10 անդամ ունեցող ԼՀԿ խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն ասում է, թե ընդդիմություն են մնում այն իմաստով, որ Վանաձորի ավագանին ձեւավորվել է կուսակցական ճանապարհով, եւ կուսակցությունների կողմից ձեւավորված ավագանու ներսում ունենք փաստացի մեծամասնություն՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՀՎԿ: «Եթե կուսակցության որդեգրած գիծ կա, որին չի հետեւոմ տարածքային կառույցը, դա լուրջ խնդիրներ եւ հարցեր պետք է առաջացնի նույն կուսակցության ներսում: Կուսակցությունը դրա համար պետք է պարզաբանումներ տա, բայց ինչպես տեսաք, որեւէ մեկը այդ մասով հայտարարություն չարեց, բացի նրանից, որ եթե բան փոխվի, հայտարարություն կանենք, ու իրենց փոխարեն պատասխանեց համայնքի ղեկավարը՝ չթողնելով, որ նրանք հանկարծ ինչ-որ սխալ բան արտահայտվեն»,- մեզ հետ զրույցում նշել է Մարուքյանը: Իսկ դիտարկմանը, թե Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում է իր իշխանությունը երկարաձգել, Մարուքյանն արձագանքել է. «Միայն իր իշխանությունը երկարաձգելու հարցը չԷ, այլ մյուսներին նույն խաղի մեջ ներքաշելու միտումն է»:
Հետաքրքիրն այն է, որ կրկին ՕԵԿ դարձած նախկին «Հայկական վերածնունդը» Վանաձորում շարունակում է իշխանության մաս կազմել. փոխքաղաքապետի պաշտոնը, ինչպես հայտի է, զբաղեցնում է այս խմբակցության անդամ հայտնի Ական` Արկադի Փելեշյանը: ՀՎԿ խմբակցության ղեկավար Կարեն Դավթյանը պնդում է, որ իրենց դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել, իմաստ էլ չկա փոխվելու. «Քաղաքապետի հայտարարությանը Տարածքային կառավարման նախարարը պատասխանեց, պարտադիր չէր մենք պատասխանեինք կամ արձագանքեինք: Մեզ համար դա բավարար էր»,-ասաց նա:
ՀՅԴ-ն թեեւ դադարեցրեց ՀՀԿ-ի հետ կոալիցիան, սակայն Վանաձորի ավագանիում շարունակում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Դաշնակցական Արեւիկ Լոքյանն իրենց պահվածքը մեկնաբանում է, թե իբր հիմնական նպատակը քաղաքի համար աշխատելն է: «Մենք ոչ մեկի հետ էլ չենք միացել, որպես ավագանի հարցին պատասխանում եմ, մեր աշխատալաոճում փոփոխություն չկա: Կարեւոր չէ` մենք ԲՀԿ-ին միացած կլինենք, թե ՀՀկ-ին, մենք մեր ձայնի տերն ենք: Անգամ սեփական նախաձեռնությունների համար չենք դիմում այլ կուսակցությունների: Եթե որեւէ փոփոխություն լինի, մենք տեղյակ կպահենք հանրությանը: Հիմա որեւէ էական փոփոխություն չի կատարվել»,- ասում է նա:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, նա դեռեւս արձակուրդում է, իսկ նրա հայտարարությանը որեւէ ձեւով չանդրադարձան, անգամ ՀՀԿ-ական ավագանու անդամները:
Նելլի Դավթյան
Վանաձոր