100 գրամ վիսկի խմեցի՝ խիզախության համար. Սոս Ջանիբեկյանը՝ հեղափոխության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը հեղափոխության, նոր Հայաստանի եւ ապագայի հետ կապված հույսերի մասին զրուցել է դերասան Սոս Ջանիբեկյանի հետ:

-Սոս, Դուք հայտնիների շրջանում այն առաջիններից էիք, որը ժողովրդական շարժման ընթացքում բարձրացավ բեմ եւ այնտեղից շարժմանը միանալու կոչեր արեց, ոգեւորեց մարդկանց: Այն, ինչ ակնկալում էիք ունենալ նոր Հայաստանում, դրա ծիլերը այսօր տեսնո՞ւմ եք:

-Եթե խոսեմ անձնական սպասումներից, կնշանակի իմ էությամբ չեմ տեղափոխվել նոր Հայաստան, անկեղծ չեմ եղել, չեմ սկսել փոփոխությունն ինքս ինձնից: Իսկ նոր կառավարությունից, իհարկե, ունեմ սպասելիքներ միայն որպես ՀՀ քաղաքացի: Բայց քսան տարուց ավել մշուշոտ տարածության մեջ նոր բաներ կառուցելու համար պետք է կարողանալ մշուշը մաքրել: Հիմա այդ փուլն է:

-Որոշ կայքեր լուրեր տարածեցին, թե շարժմանը միանալու պատճառով Ձեզ աշխատանքից հեռացրել են: Եղե՞լ է նման բան, Ձեր առջեւ խոչընդոտներ դրվե՞լ են:

-Հիմա ոչ մի տեղ չեմ նկարահանվում, չեմ աշխատում. դա փաստ է, բայց նաեւ զուգադիպություն: Պարզապես հարմար հրավեր չի եղել: Դժվար թե քաղաքացիական դիրքորոշմանս պատճառով անգործ մնամ: Իհարկե, ասում են, որ նման դեպքեր մեր երկրում եղել են: Բայց ես դրանից չեմ վախենում: Եթե դու քեզ համարում ես ժողովրդինը եւ նման կրիտիկական պահին նրա կողքին չես, դա կեղծ եւ շինծու մոտեցում է: Ես՝ որպես դերասան, արժանացել եմ ճանաչման եւ սիրո այդ ժողովրդի կողմից, սա ավելի կարեւոր է, քան սեփական շահ հետապնդելը:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք միանալ շարժմանը, մի փոքր կպատմե՞ք:

-Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկեցին, հասկացա, որ այլեւս չեմ կարող չմիանալ ժողովրդին, չեմ կարող հանդուրժել այդ բռնատիրությունը: 100 գրամ վիսկի խմեցի՝ խիզախության համար: Ժողովուրդն ինքը ուզեց, որ բեմ բարձրանամ: Ես նման մտադրություն չունեի: Երբ տնից դուրս եկա, տեսա, որ ցուցարարների մի մեծ հոսք գալիս է իմ կողմ: Դա ընդունեցի որպես նշան եւ միանգամից միացա ժողովրդին: Ի դեպ, ասեմ, որ նախկինում ցույցերի չեմ մասնակցել, որովհետեւ ինձ պատասխանատու եմ զգացել իմ ներկայությունից ոգեւորվող եւ հրապարակ գնացող քաղաքացիների համար: Բայց այս անգամ վստահ էի, որ գնալու եմ մինչեւ վերջ, նույնիսկ եթե վերջը լիներ վտանգավոր: Սկզբում միացել էի շարժմանը Փաշինյանին ազատ արձակելու պահանջով, բայց դեռ չէի պատկերացնում նրան երկրի ղեկավարի պաշտոնում: Հետո արդեն, երբ խորհրդարանում Փաշինյանի վարչապետության հարցն էր քննարկվում, հարցուպատասխանին հետեւելուց հետո հասկացա, որ որպես քաղաքացի ցանկանում եմ տեսնել նրան իմ վարչապետի պաշտոնում:

-Իսկ ի՞նչ կասեք ժողովրդի համար վճռորոշ պահին չեզոքություն ցուցաբերածների մասին: Արվեստի ոլորտից, շոու-բիզնեսից շատերն այսօր իրենց աշխատանքներն են ներկայացնում հանրությանը, բայց արժանանում են կա՛մ արհամարհանքի, կա՛մ հարձակումների: Ինչպե՞ս պետք է նրանք ապրեն այդպիսի Հայաստանում:

-Ես փողոցի դաստիարակություն եմ ստացել, եւ փողոցի տղայական կանոնների համաձայն՝ այդպիսիններին չեն ներում: Բայց այդ տարիքից դուրս եմ եկել, այդ կարծրատիպերը կոտրվել են: Հիմա կարծում եմ, որ լռելու համար ամեն մեկը գուցե իր պատճառն է ունեցել: Ժպիտով ու ներողամտությամբ վերաբերվենք նրանց: Կարեւորն այն է, որ հիմա տարածությունը մաքրվի անտաղանդներից, այն ճարպիկներից, որոնք, իրենցից ոչինչ չներկայացնելով, հասել են ինչ-ինչ հաջողությունների, դիրքի: Մարդիկ փորձել են ինքնադրսեւորվել եւ կայանալ ջունգլիի օրենքներով: Հիմա նոր օրենքներ պետք է ստեղծվեն: Իսկ չեզոքներից ով շնորհալի է, թող շնորհք ունենա հասկանալու նաեւ իր սխալը ժողովրդի հանդեպ, և վստահ եմ, որ ժողովուրդը ըմբռնումով կմոտենա նրան:

-Հետհեղափոխական Հայաստանում Ձեր ունեցած զգացողությունների մասին կպատմե՞ք:

-Հիմա զգում եմ, որ ես եմ տերը իմ երկրի: Իսկ նախկինում դու կարող էիր ամեն քայլափոխի վտանգ զգալ ինչ-որ պաշտոնյայի որդու պահվածքի համար, որին «պռախոդ» էին տվել: Հիմա դու կարող ես ասել. «Տղա ջա՛ն, սա իմ երկիրն էլ է, քեզ խելոք պահի՛ր»: Այդ տեր լինելը դրսեւորվում է ամենաչնչին մանրուքներում: Հիմա սիգարետը գետնին չես գցում, որովհետեւ քո երկիրը քոնն ես համարում: Այսինքն՝ ինքդ քեզնից ես սկսում փոփոխությունը՝ այդպիսով դառնալով օրինակ շատերի համար: Իսկ դա մեծ պատասխանատվություն է:

-Ձեր առաջնեկը կծնվի օգոստոսին: Նրա ապագան կապո՞ւմ եք Հայաստանի հետ:

-Իհարկե, հիմա ես գիտեմ, որ երեխայիս կարող եմ չդաստիարակել որպես խորամանկ, հարմարվող, շահամոլ մեկին, այլ որպես լավ մասնագետի եւ լավ մարդու: Եվ եթե սա այն Հայաստանն է, որի համար պայքարել ենք, ուրեմն նա անպայման կգտնի իր տեղը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս