ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ստացել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ հավելելով, որ դիմումը հրաժարականի հայտարարությունից երեք օր անց ստանալու պատճառը վարչապետի՝ Մոսկվայում գտնվելն էր միայն:
Վարչապետի խոսնակը դժվարացավ ասել՝ այն կստորագրվի, թե ոչ՝ ընդգծելով, թե ե՛ւ ստորագրվելու, ե՛ւ չստորագրվելու դեպքում բոլորն էլ կիմանան այդ մասին:
Ինչպես հայտնի է, Մանե Թանդիլյանն աշխատանքից ազատվելու դիմում գրել էր երեքշաբթի օրը՝ հունիսի 12-ին: Նախարարի պաշտոնից ազատվելու պատճառն, ըստ Թանդիլյանի գրառման, այն էր, որ համամիտ չէ կառավարության կողմից ընդունված որոշմանը, որով շարունակվում է կենսաթոշակի կուտակային համակարգում մնալ «պարտադիր» բաղադրիչը:
Հրաժարականի դիմումից հետո՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, Թանդիլյանը չցանկացավ պատասխանել՝ ինչ կլինի, եթե դիմումը չստորագրվի՝ ասելով, թե եթե-ներով հարցերի չի պատասխանում: Սակայն փաստ է, որ մինչ այժմ դիմումը չի ստորագրվել: Ընդ որում՝ կառավարության երեկվա նիստում վարչապետը որեւէ կերպ չանդրադարձավ Թանդիլյանի դիմումին, իսկ վերջինս էլ մասնակցում էր կառավարության նիստին եւ նույնիսկ հարց բարձրացրեց:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ կառավարության նիստից հետո Մանե Թանդիլյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են եւ երկար զրուցել, սակայն հայտնի չէ՝ ինչ եզրահանգման են եկել: Ամեն դեպքում, մինչեւ օրվա վերջ հրաժարականի դիմումը չստորագրվեց: Չի բացառվում, որ վարչապետի հորդորով Թանդիլյանը ետ վերցնի հրաժարականի դիմումը կամ էլ, այնուամենայնիվ, ստիպված լինի շարունակել պաշտոնավարումը, եթե Փաշինյանը չստորագրի այն:
Նշենք, որ նախկինում եղել են դեպքեր, երբ պաշտոնյաների հրաժարականների դիմումները չեն ստորագրվում: Վերջին թարմ օրինակը ՀՀ էներգետիկ եթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի պարագայում էր, երբ նա հրաժարական ներկայացրեց, սակայն այն այդպես էլ Սերժ Սարգսյանի կողմից չստորագրվեց, եւ Մանուկյանը փոխադարձ համաձայնությամբ շարունակեց պաշտոնավարումը: Իսկ ավելի վաղ էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2005 թվականին չէր ստորագրել արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի դիմումը: Վերջինս էլ այդ քայլին էր դիմել որդու պատճառով, ով իր ծառայողական մեքենայով քաղաքացու էր վրաերթի ենթարկել:
Սակայն այս վերջին օրինակներն անձնական են, իսկ ահա Թանդիլյանը հրաժարական տվեց սկզբունքների պատճառով: Տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն:
Նաիրա Հովհաննիսյան