Գյումրին այսօր երկրորդ նախարարին էլ հյուրընկալեց: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի աշխատանքային առաջին այցը Գյումրի սկսվեց թիվ մեկ պոլիկլինիկայից: Այն, որ կառույցում խնդիրներ կան, նախարարը բազմիցս լսել է, բայց անձամբ է եկել ծանոթանալու աշխատակիցների դիրքորոշմանը: Արդեն երկու տարի քննարկվում է թիվ մեկ պոլիկլինիկայի տեղափոխության հարցը: Բանն այն է, որ պոլիկլինիկան համայնքապատկան կառույց է եւ վարձակալական հիմունքներով է հաստատվել այստեղ: Պոլիկլինիկան տարեկան 400 հազար դրամ վարձ է տալիս:
Տարիների ընթացքում 1.5 միլոն դրամ պարտք է կուտակել: Խնդրին «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ էր անդրադարձել: Նախարարը լսեց, բայց չշտապեց լուծման ուղիներ առաջարկել:
Առողջապահության նախարարի երկրորդ կանգառը Գյումրու ծննդատունն էր: Բժշկակական հաստատությունում ծագած խնդիրը իրավական դաշտ է մտել: Պարզվում է չարաշահումներ կան, ինչն առավել հստակ քննությունը կպարզի:
Գյումրու ծննդատանը վերջին տարիներին ծնունդների թիվն է խիստ նվազել: Այդտեղից էլ գալիս են հիմնական խնդիրները: Նախարարը չբացառեց ծննդատների օպտիմալացման տարբերակը: Բանն այն է, որ Գյումրում երկու ծննդատուն է գործում: Հենց Ավստրիական հիվանդանոցում սկսվեց մատուցվել մանկաբարձագինեկոլոգիական ծառայություն, հղիները հոսքը սկսվեց դեպի նորաբաց կառույց: Արդյունքում տուժեց Գյումրու ծննդատունը:
Արսեն Թորոսյանը Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական կենտրոն» ու Գյումրի ԲԿ եւս այցելեց: Խնդիրներին ծանթացավ, հաջորդ քայլը դրանց վերլուծումն ու ելքեր փնտրելը կլինի:
Շուշանիկ Օհանյան