Ինչ առնչություն ունի ՊՆ գեներալը զինվորների օգնության անհետացման հետ. Վարդան Ավետիսյանը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված իրերի մեջ  է եղել նաև թիվ 164 հիմնական դպրոցի անձնակազմի կողմից ուղարկված միջոցները: ArmLur.am-ը գրել էր նաև, որ 164 հիմնական դպրոցի մանկավարժներին տարել են հարցաքննության: Ուշագրավն էլ այնն է, որ  Պաշտպանության նախարարությունից դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանին շնորհակալություն են հայտնել՝ գեներալ Մանվելին ուղարկած օգնության համար։ Շնորհակալություն հայտնողը գեներալ, պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանն է եղել:

ArmLur.am-ը կապ հաստատեց Վարդան Ավետիսյանի հետ` հասկանալու համար, թե ինչ են եղել դպրոցի կողմից հավաքված իրերը: Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, թե ապրիլյան պատերազմի օրերին իրենք հավաքագրում էին ազատամարտիկներին  և աշխարհազորայիններին, սպառազինում,  հանդերձավորում և ուղարկում Արցախ: Նրա խոսքով, հենց այդ օրերին է  սկսվել նաև օգնության մի շարժում` բազմաթիվ դպրոցներից, մանկապարտեզներից անգամ, բարերարներից օգնություններ են ստացել:

«Բացատրեմ, թե ինչպես է դա տեղի ունեցել: Լրացուցիչ օգնություններ էինք տալիս ջոկատի անդամներին, նրանք դա դնում էին ավտոբուսների մեջ և գնում նշանակման վայր:  Մենք այդ օրերին բազմաթիվ մարդկանց ենք հավաքագրել ու ուղարկել, հետո ասել են էլ կարիք չկա, դադարեցրել ենք: Այդ մարդկանց հետ նաև այդ օգնությունները համամասնաբար ըստ ջոկատների, ըստ ուղղության դրել ենք», – բացատրեց նա:

Ավետիսյանի խոսքով, ԵԿՄ-ն հենց առաջին օրվանից ամենաարագ արձագանքող կառույցներից  է եղել և իրենց հետ այդ օգնությունները նրա խոսքով, բերել են հրապարակ և ասել, որ դրանք էլ տան զինվորներին:

«164 դպրոցն էլ էր արկղ բերել, մենք դա տվել ենք ԵԿՄ անդամներին, որ այդ ավտոբուսներով տանեն: Որ ավոտբուսներում տեղ չէր լինում, դրանց ուղեկցում էին փոքրիկ բեռնատարներ, շատ հաճախ դրանց մեջ էին դրվում:  Թե ինչպես է հայտնվել այդ պահուստներում, ես ոչինչ չեմ կարող ասել», – հավելեց նա:

Ավետիսյանը հավելեց, թե ցավ է ապրում ամեն ինչի համար` նշելով, որ իրեն դեռ ԱԱԾ հարցաքննության չեն կանչել:




Լրահոս