«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ խորհրդարանում պատրաստվում են քննարկել Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու հարցը, Գրիգորյանից այս կամ այն պատճառով նեղացած գործիչները ԵԿՄ վերադառնալու քայլեր են անում:
Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այն անձինք, ովքեր ժամանակին ունեցել են ջերմ հարաբերություններ Մանվել Գրիգորյանի հետ, սակայն ճակատագրի կամ հանգամանքների բերումով բաժանվել են հաճախ ոչ իրենց կամքով փորձում են վերադառնալ իրենց իսկ կողմից մերժված ԵԿՄ:
Մասնավորապես՝ երեկ «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները հանդիպում էին կազմակերպել ազատամարտիկների միությունների մի քանի ղեկավարների հետ և որոշում կայացրել ԵԿՄ-ն իրենց վերահսկողության տակ վերցնել, քանի որ ԵԿՄ ղեկավար կազմն ընդհատակ է անցել:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, Արշալույս Փայտյանը և էլի շատերը ԵԿՄ տարածքային կառույցների անդամների հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ վերջիններս պետք է դատապարտեն Գրիգորյանի արարքներն ու ինքնալուծարման գնան, որպեսզի լինի ԵԿՄ արտահերթ համագումար, նոր ղեկավար կազմ ընտրվի: Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ ԵԿՄ-ն նախագահ չպետք է ունենա, կոլեգիալ պետք է որոշումները կայացվեն: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. այս հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց վարչապետի խոսնակ Արման Եղոյանին, որն էլ ասաց. «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է և պետք է գործի օրենքով սահմանված կարգով այնպես, ինչպես մյուս բոլոր հասարակական կազմակերպությունները»:
Այսքանից հետո արձանագրենք մեկ կարևոր փաստ. ԵԿՄ-ն այսուհետ պետք է դադարի լինել պետության ու բանակի միակ հենարանը, պետք է դադարի քաղաքական գործընթացների վրա ունենալ ճնշող ազդեցություն, ինչ եղել է մինչև հիմա, պետք է դադարի լինել կիսառազմականացված կառույց, և համապատասխան խնդիրները պետք է դրվեն պետության ուսերին: Իսկ ԵԿՄ-ն մի հասարակական կազմակերպություն է, ինչպիսիք կան մեր երկրում տասնյակներով՝ տարբեր ազատամարտիկների կողմից ստեղծված: Ի դեպ, սա նոր Հայաստանի ղեկավարության հրամայականներից է»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում