ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղում լարված իրավիճակ է ստեղծվել: Վահրամ Գեւորգյանը, ով այժմ Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է, մի քանի օր է, ինչ բարձրաձայնում է ամբուլատորիայում տեղի ունեցած չարաշահումների մասին: Նա անգամ այս առիթով գյուղի բնակիչների մի մասի հետ բողոքի ակցիա է անցկացրել:
«Մինչեւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելս այս ամբուլատորիայում տեղի են ունեցել ֆինասնական խոշոր չարաշահումներ, կեղծիքներ: Օրինակ` ամբուլատորիայի աշխատողներին իբր մեքենա է սպասարկել, բայց գործնականում այն չի եղել, միայն փաստաթղթերով գիտենք մեքենայի գոյության մասին, մինչդեռ այդ ավոտեմքենայի համար ամսական 100 լիտր բենզին է գնվել պետական միջոցներով: Փաստաթղթեր կան, որտեղ նշված են դրանց մասին: Տեսեք, ես ընտանեկան բժիշկ եմ եղել մինչեւ տնօրենի ԺՊ նշանակվելը, բայց չեմ իմացել, որ ամբուլատորիան վարորդ եւ ավտոմեքենա է ունեցել»,- «Ժողովուրդ» օրաթերին իրավիճակը ներկայացրեց Վահրամ Գեւորգյանը:
Պարզվում է` մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը ստուգումներ է իրականացրել Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում եւ մի շարք խախտումներ բացահայտել: Ըստ Վահրամ Գեւորգյանի` բացահայտումները վերաբերում են ամբուլատորիայի 2013 թվականից մինչեւ 2016 թվական ընկած ժամանակահատվածի գործունեությանը: Իսկ այդ տարիներին ամբուլատորիայի տնօրենն է եղել Աշխարհուհի Ղազարյանը, ով 2016 թվականին ազատվել է աշխատանքից թոշակի անցնելու կապակցությամբ: Այս բացահայտումների մասով ինքը` Վահրամ Գեւորգյանը, դիմել է ՀՀ ոստիկանություն: Ավելին` նա այս առիթով հրավիրվել է ոստիկանություն եւ խոսել «կոռուպցիոն բացահայտումների մասին»:
«Հրավիրվել եմ ոստիկանություն, որտեղ արձանագրեցին կոռուպցիոն դեպքերը, հիմա հետաքննություն է կատարվում, այդ տարեթվերի թղթաբանությունն են ստուգում: Այդ չարաշահումները փաստացի արձանագրվել են: Ամբուլատորիայի աշխատակիցները հերթով կանչվել են հարցաքննության, այդ թվում եւ հաշվապահը, բուժքույրերը: Նաեւ նախկին տնօրենը եւս հարցաքննվելու է»,- հավելեց Վ. Գեւորգյանը:
Իսկ ահա Ազատավանի ամբուլատորիայի նախկին տնօրեն Աշխարհուհի Ղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով իր հասցեին հնչած մեղադրանքներին, զայրացավ. «Կոռուպցիոն երեւույթները իր մոտ է, թող բարի լինի` անուններով խոսի: Սուտ է ասում, վարորդի հատիք երբեք չի եղել, ուղղակի մեքենան իմն է եղել, իսկ ես վարորդի հաստիք չեմ բացել ֆինանսական ծախսեր չանելու համար: Ես էլ կարող եմ շատ բաներ ասել, բայց պետք է հիմքեր ունենամ: Պետք է ինքն էլ կարողանա ասածները ապացուցել»: Զրույցի ավարտին նա փոխանցեց նաեւ, որ դեռ չի հրավիրվել ոստիկանություն բացատրություն տալու համար:
Իսկ մինչ այդ Վահրամ Գեւորգյանը շարունակում է խոսել չարաշահումների, կեղծիքների մասին: «Այլ հաստիք է գրանցված եղել ամբուլատորիայում, բայց նման աշխատող չի եղել: Նաեւ հաշմանդամության կարգ ունեցող մարդիկ, 0-4 տարեկան երեխաները դեղատոմսերով պետք է որոշակի քանակության դեղեր ստանային, բայց դա նրանց չի տրամադրվել: Դեղերի բացթողման ցուցակում մարդկանց ստորագրությունները բացակայել են: Հայտնի չէ` մարդիկ ստացել են դեղերը, թե ոչ: Այսինքն` դեղատան հետ գործարք է արվել: Ես դա բացահայտել եմ մարդկանց հետ զրուցելիս: Մարդիկ շատ են այս մասին բողոքել»,- հայտարարեց Վ. Գեւորգյանը: Մեր զրուցակցի խոսքերով` այդ գործարքը կատարվել է Արարատի փոխմարզպետ Հայրապետ Բաբայանին պատկանող դեղատան հետ, որը ժամանակին կցված է եղել ամբուլատորիային: Իսկ ահա դաշնակցական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանն էլ իր հերթին պնդում է, որ ինքը փոխմարզպետի պաշտոնին անցնելուց հետո չի զբաղվում դեղատնով: Միաժամանակ, սակայն, ՀՅԴ-այկան գործիչը նշեց, որ այդ դեղատնով զբաղվում է կինը:
«Ի՞նչ դեղատուն, տեր Աստված, նման բան գոյություն չունի: Ես պաշտոնին նշանակվելուց հետո այլեւս որեւէ գործարքի դեղատան հետ կամ պայմանագրեր կնքելու, մրցույթի չեմ մասնակցել: Տիկինս է զբաղվում դեղատնով»,- հայտարարեց Բաբայանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ օրեր առաջ տեղի է ունեցել Ազատավանի ամբուլատորիայի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթ, որին մասնակցել են երկու մարդ` Վահրամ Գեւորգյանը եւ Արմեն Կարապետյանը:
Եւ փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վահրամ Գեւորգյանը զայրացել է, որ չի ընտրվել, եւ այս օրերին սկսել է խոսել ինչ-որ չարաշահումների մասին: Ինքը` Վահրամ Գեւորգյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անկեղծացավ` նշելով, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթն անմիջական կապ ունի կոռուպցիոն դեպքերի հետ. «Քանի որ այս մրցույթով չէին ցանկանում, որ ես լինեի տնօրեն, որպեսզի այդ կոռուպցիոն երեւույթները չբացահայտվեին»:
Բայց փոխմարզպետ Հայրապետ Բաբայանն այս ամենին այլ բացատրություն է տալիս: Նրա խոսքերով` ինքը իրավասություն չունի խառնվելու մրցույթային հանձնաժողովի աշխատանքներին: «Վահրամ Գեւորգյանը մրցույթի տեստային աշխատանքում 9 սխալ է թույլ տվել: Իսկ չարաշահումների մասով եղել է աուդիտ, որի արդյունքներով բժիշկը`Աշխարհուհի Ղազարյանը, ով նախկին տնօրենն է, ազատվել է աշխատանքից, ապա տված վնասի չափով գումար է վերականգնվել, իսկ Վահրամ Գեւորգյանին նկատողություն է հայտարարվել, որովհետեւ այդ խնդիրները իր պաշտոնավարման օրոք էլ կային, քանի որ օգնության դեղերի ավել քանակ է եղել իր մոտ: Ինքն էլ դրա մեջ: Ես ձեզ հավաատիացնում եմ, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակներում: Իսկ 9 սխալ թույլ տալը արդեն վտանգավոր է բժշկի համար»,- նկատեց փոխմարզպետը:
Չնայած այս ամենին` Արարատի մարզի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը «ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ առավոտյան կարգադրություն է ստորագրել, ըստ որի` Ազատավանի ամբուլատորիայի տնօրեն է նշանակվել մրցույթը հաղթած Արմեն Կարապետյանը:
Ինչեւէ, նկատենք, որ այս թեմայով զարգացումները դեռ առջեւում են: Սպասենք զարգացումներին:
Սյունէ Համբարձումյան