ՀՀԿ-ականները նախընտրեցին կուսակցական մատաղ անել իրենց գաղափարական գործընկերոջը․ Վահան Արծրունին՝ Մանվել Գրիգորյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվել է զինվորական միավորման «կոմպլեկտ»՝ գուլպայից մինչեւ զինամթերք, դեղորայք եւ սնունդ։ Չեմ զարմանա, եթե պարզվի, որ նախապատրաստվում էր զինված հեղաշրջում ռեժիմի ռեստավրացիայի նպատակով։ Կարծում եմ, որ նման պահեստները բազմաթիվ են եւ դեռ կհայտնաբերվեն Հայաստանի ամբողջ տարածքում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Վահան Արծրունին՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով ձեռք բերված մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք պահելու գործին:

Նրա խոսքով՝ դպրոցականների նամակները լուռ վկաներն են հրեշային անբարոյականության այնպիսի դրսեւորման, որն իր հակամարդկային ցինիզմով գերազանցում է նույնիսկ Օսվենցիմի ոսկե ատամի շապիկներով լի արկղերի փաստերին. «Սա, կարծում եմ, մարդկության պատմության մեջ այսուհետ ներկայանալու է որպես «բացառիկ» զազրելի օրինակ։ Բարոյական պատասխանատվությունը Մանվելի հետ կիսում են Հանրապետական կուսակցությունն ու Երկրապահ կամավորական միությունը։ Առավել արդիական եմ համարում լյուստրացիան։ Պահը հասունացել է»,-շեշտեց պարոն Արծրունին:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այն արձագանքին, թե իրենք չգիտեին եւ չէին պատկերացնում, որ Մանվել Գրիգորյանը թաթախված է նման պատմություններում, պարոն Արծրունին պատասխանեց. «Եթե գիտեին, ապա առաջինը գիտեին հենց ՀՀԿ-ականները, որոնք հիմա նախընտրեցին կուսակցական մատաղ անել իրենց գաղափարական գործընկերոջը։ Սա իրենց պարագայում երեւի ընդունված նորմատիվ է եւ արդեն ծիսական բնույթ է կրում, եթե վերհիշենք այդ պահին իրենց կոալիցիոն գործընկերոջ՝ Ծառուկյանի հետ եղած հայտնի պատմությունը։ Բնականաբար դժվար է հավատալ նրանց կուսակցական ապրումների անկեղծությանը»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս