Փորձված տականքն անփորձ ազնիվից լա՞վ է. Աշոտ Ադամյանը՝ հին և նոր կառավարությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավիճակի փոփոխությունը, որը գրանցվեց մեր երկրում երկու ամիս առաջ, այսօր խորացման փուլում է: Այս փուլում, իհարկե, կնկատվեն երերումներ. չէ՞ որ մարդիկ պատրաստ չէին այն դժվարին աշխատանքին, որը պետք էր անել հեղափոխությունից հետո: Ու թեեւ տարբեր տեսակետների հորձանուտում ենք, կա մեկ ընդհանուր տրամադրվածություն՝ նվաճածի նշաձողը պահելու միտումը: Անշուշտ, դժվար փուլ է, քանի որ մի բան է հեղափոխություն անելը, մեկ այլ բան՝ դրանից հետո ապրելը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասան Աշոտ Ադամյանը:

Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի թիվ մեկ թշնամին հանրության այն անգրագետ զանգվածն է, որը կարող է առանց ուղեղը բանեցնելու այս կամ այն կողմ նետվել. «Սա բոլոր ժամանակների ամենավտանգավոր տեսակն է: Բացի այդ՝ մարդիկ սովոր չեն օրինական կյանքով ապրել: Արժանապատվության եւ օրինապահության բեռն ավելի ծանր է, քան ստրկության բեռը: Պետք է կարողանաս ինքդ քո մեջ կոտրել ներքին ագահին եւ էգոիստին: Եթե օրենքի ծանրությանը դիմանանք, դա կբերի հասարակության բարօրության»,-մեկնաբանեց դերասանը:

Նա շեշտեց՝ կարեւոր չէ, թե այս պահին ինչ է խոսվում, կարեւորն այն է, թե ով է խոսողը. «Մենք տեսնում ենք, թե շարմազանովները ինչ հետաքրքիր եւ ազատատենչ տեքստեր են արտասանում: Բայց հո գիտենք նրանց ով լինելը»,-ասաց պարոն Ադամյանը:

Ինչ վերաբերում է նոր կառավարության անդամներին եւ նրանց հասցեին ուղղված այն քննադատությանը, թե վերջիններս անփորձ են, դերասանը նկատեց. «Իսկ փորձված տականքն անփորձ ազնիվից լա՞վ է: Այստեղ երկընտրանքի հարց չկա. պետք է սատարել այս իշխանությանը, իսկ եթե նա հանկարծ հանցագործ գտնվեց, ցույց կտանք իր տեղը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս