ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք ունեինք երեք տարբերակ. Նիկոլ Փաշինյանը` կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկություններից մեկի ուսումնական և արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Ընկերության ղեկավարները վարչապետին մանրամասներ են ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ և հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ ունեցող շրջանավարտներով: Ընկերությունը համագործակցում է նաև ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հետ: Նշվել է, որ շրջանավարտների, ինչպես նաև ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասն աշխատում են ընկերությունում, բացի գիտական և հետազոտական աշխատանքներից ստեղծում Start-up ծրագրեր:

Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև պարտադիր կուտակային համակարգի հետ կապված կառավարության դիրքորոշմանը: «Գիտեք, մենք, ըստ էության, ժառանգել ենք կոնկրետ իրավիճակ, ընդ որում՝ ժառանգել էինք մի իրավիճակ, որտեղ արդեն հուլիսի 1-ից օրենքը պետք է մտներ ուժի մեջ: Այսինքն, մենք ունեինք չափազանց քիչ ժամանակ որևէ բան անելու համար: Մեր լուծումը ոչ թե արտահայտում է մեր գլոբալ դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ, այլ արտահայտում է մի գործնական նպատակ՝ ունենալ ժամանակ այդ խնդիրը բոլոր շահագրգիռ ուժերի ներգրավվածությամբ, հանդարտ պայմաններում, առանց ցայտնոտի քննարկելու համար: Եվ սա ամենակարևոր արձանագրումն է, որովհետև գիտեք, որ կառավարությունում էլ կան նախարարներ՝ շատ հարգելի, հեղինակավոր, ովքեր պնդում են, որ այդ համակարգն ընդհանրապես սահմանադրականության հետ կապված խնդիր ունի: Առաջ են քաշում տարբեր խնդիրներ և մեր մոտեցման անկյունաքարը հետևյալն է՝ մենք սրանով ժամանակ ենք շահում, որպեսզի խնդիրը հանդարտ պայմաններում քննարկենք և կարողանանք հասնել համաձայնության, համաձայնեցված որոշումների:

Մենք ունեինք երեք տարբերակ՝ առաջին տարբերակն օրենքի գործարկումը հետաձգելն է. ինչո՞ւ մենք չգնացինք այդ ճանապարհով. մի պարզ պատճառով, քանի որ այն փոփոխությունը, որ իրականացրեցինք՝ կոչվում է սիրո և համերաշխության հեղափոխություն: Այստեղ համերաշխության սկզբունքը կարող էր խախտվել, որովհետև այն 207 հազար մարդկանց, ովքեր ինչ-ինչ լծակներով արդեն համակարգի մեջ էին՝ մենք փաստորեն պետք է նրանց ասեինք դուք մնացեք նույն վիճակում, մենք ձեզ ոչնչով չենք ուզում և չենք կարող օգնել, մենք շարունակում ենք մեր ճանապարհն այն 80 հազար քաղաքացիների հետ: Այսպիսով կխախտվեր համերաշխության սկզբունքը: Հաջորդը, արդյոք օրենքի չեղարկումը կա որպես տարբերակ, ինչու մենք չենք գնացել այդ տարբերակով: Նշել եմ բազմաթիվ պատճառներ՝ կապված մեր տնտեսության ներդրումային միջավայրի և այլնի հետ, բայց ամենակարևոր փաստարկը հետևյալն է. եթե մենք քննարկումների արդյունքում պետք է որոշենք, որ այդ համակարգը պետք է չեղարկվի՝ դա կարող ենք անել նաև 2 ամիս հետո և ոչ ոք ոչինչ չի կորցնի, բայց եթե մենք հիմա չեղարկենք, հետո մտածենք՝ ճի՞շտ ենք անում, թե ոչ, պրոցեսն այլևս հետ չենք կարող բերել: Այսինքն, եթե մենք քայլ անենք, հետո մտածենք՝ արդյոք ճիշտ էր այն, դա կարող է իր հետ բերել աղետների»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս