Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալումն ու այսօր խորհրդարանում սպասվող զարգացումներն ակտիվություն են առաջացրել ազատամարտիկների շրջանում: Ընդ որում` խոսքն այն ազատամարտիկների մասին է, ովքեր այս կամ այն պատճառով նեղացած են Մանվել Գրիգորյանից եւ չեն հանդիսանում ԵԿՄ անդամ կամ դադարել են այդպիսին լինելուց:
Մասնավորապես, «Ազատամարտիկների դաշինքը», որն այն ժամանակ ստեղծել էին մի խումբ ազատամարտիկեր՝ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի գլխավորությամբ, այս օրերին ակտիվ հանդիպումներ է նախաձեռնում տարբեր միությունների ղեկավար ազատամարտիկների հետ: Դրանցից մեկն էլ կայացավ երեկ դաշինքի գրասենյակում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջիններս ցանկանում են իրենց ձեռքը վերցնել միությունը, սակայն ընդհանուր լեզու այնքան էլ չեն կարողանում գտնել:
Դաշինքի անդամներն առաջին հերթին լուրջ խնդրի առջեւ էին կանգնել հատկապես միության նախագահի հարցում: Նրանք հասկանում են, որ պետք է լինի այնպիսի անձ, ով պետք է վստահելի եւ ընդունելի լինի բոլորի կողմից: Ըստ այդմ էլ` միությունում բազմաթիվ անուններ են շրջանառվել, սակայն ընդհանուր հայտարարի չգալու հարցում այլ որոշում է կայացվել:
Մեր տեղեկություններով` դաշինքում ի սկզբանե ցանկություն են ունեցել պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանին տեսնելու այդ պաշտոնում, սակայն արդյունքում հասկացել են, որ այլ ազատամարտիկների կողմից դա միանշանակ չի ընդունվի: Հավանական թեկնածուների շարքուն քննարկվել են նաեւ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի անունները: Սակայն երկուսն էլ մերժել են ԵԿՄ-ն գլխավորելու առաջարկը:
Այդքանից հետո «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախնական քննարկումների արդյունքում այլ որոշում է կայացվել: Մասնավորապես, որոշվել է փոխել կառույցի կանոնադրությունը եւ ամրագրել, որ այն ղեկավարվում է ոչ թե նախագահի, այլ վարչության անդամների կողմից: Ըստ այդմ` որոշում է կայացվել այսօրվանից սկսել գործընթացը: Այսօրվանից սկսած` ԵԿՄ տարածքային մի քանի կառույցներ դատապարտող հայտարարություններ են տարածելու` նաեւ բարձրաձայնելով արտահերթ համագումարի հրամայականի մասին: Երեկ արդեն իսկ այդպիսի հայտարարություն եղել է Կոտայքի ԵԿՄ 8 բաժանմունքների կողմից: Արդեն ԵԿՄ համագումարի ժամանակ ազատամարտիկների համաձայնությամբ վարչությունը կլուծարվի, կընտրվեն վարչության անդամներ եւ ղեկավար կազմ: Ընդ որում` ազատամարտիկներն այս սցենարին փորձում են հասնել ամենակարճ ժամկետներում:
Այն, որ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածից հետո նրանից նեղացածները փորձելու են «վրեժխնդիր» լինել` հենց նրա տեղը զբաղեցնելով, պարզ է: Սակայն այս իրավիճակն էլ իր հերթին նոր, ավելի վտանգավոր իրողության կարող է հանգեցնել: Այնպես չէ, որ այժմ ոտքի կանգնած բոլոր ազատամարտիկների անցյալը մաքուր է: Մասնավորապես, նրանց շարքերում ակտիվ գործում է նաեւ ԶՈւ շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը, ում անվան հետ եւս աղմկահարույց բացահայտումներ են կապված, որի պատճառով էլ ազատվել էր աշխատանքից, կամ նույն Գագիկ Մելքոնյանը, ով եղել է Պաշտպանության փոխնախարար, եւ այլ մեծ թվով ազատամարտիկներ, ովքեր պարզապես այս կամ այն պատճառով գժտված են Մանվել Գրիգորյանի հետ եւ այժմ իրավիճակը շտկելու ամենալավ պահն են համարում: Սակայն սա էլ կարող է հակառակ էֆեկտը ունենալ եւ այն, ինչի վերածել է Գրիգորյանը ԵԿՄ-ն, կարող է նույնը մնալ սակայն արդեն նոր ղեկավարների պարագայում:
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ Երկրապահ կամավորական միությունն աջակցություն է ստացել թե՛ կառավարությունից, թե՛ կրթության եւ գիտության նախարարությունից, թե՛ պաշտպանության նախարարությունից: Խոսքը մոտ 500 միլիոն դրամի մասին է: Ավելին` ԵԿՄ-ին ֆինանսական օգնություն ցուցաբերելու «պլան» էր դրված նաեւ գործարարների ուսերին «սեւ դրամարկղի» շրջանակներում: Եվ այս պարագայում մեծ հարց է նաեւ առաջանում, թե, ի վերջո, ինչի վրա են ծախսվել այդ գումարները: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ զրույցում եւս հաստատել է, որ կառույցը ՊՆ-ի կողմից տարբեր առարկաներ է ստացել:
«Շուրջ 20 եւ ավելի տարիներ ԵԿՄ-ն ամեն տարի բանակումներ է իրականացնում հարյուրավոր երիտասարդների եւ դրա համար դիմում ու ստանում է համապատասխան առարկաներ: ՊՆ-ն այլ վերահսկողություն չունի»,-նշել է նա: Նույնը նաեւ մյուս կառույցների պարագայում է, ովքեր նրանց գումարներ են տրամադրել, սակայն այդպես էլ չի վերահսկվել` դրանք ինչի վրա են ծախսվել: Արդյունքում էլ ստեղծվել է նման իրավիճակ, երբ ամենաթողության պայմաններում փոշիանում է անգամ զինվորի համար տրված օգնությունը:
Ամեն դեպքում, Արցախյան հերոսամարտում մեծ դեր կատարած եւ սպարապես Վազգեն Սարգսյանի անունը կրող Երկրապահ կամավորական միությունն իսկապես բարդ իրավիճակում է հայտնվել, եւ ղեկավարի բացակայության պարագայում անսպասելի զարգացումներ կարող են լինել: Եվ այս պարագայում, ի վերջո, կարող է որոշիչ լինել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը: Արդյոք երկրի ներսում զինված գերհզոր կառույցը մեզ պե՞տք է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրա մամուլի խոսնակ Արման Եղոյանից հասկանալ` ինչպիսի դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը ԵԿՄ-ի հետագա ճակատագրի վերաբերյալ: Վերջինս մեզ փոխանցեց հետեւյալը. «ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է եւ պետք է գործի օրենքով սահմանված կարգով, այնպես, ինչպես մյուս բոլոր հասարակական կազմակերպությունները»:
Սա նշանակում է, որ եԿՄ-ն պետք է դադարի լինել պետության ու բանակի միակ հենարանը: ԵԿՄ-ն կառույց է, ինչպիսիք կան մեր երկրում տասնյակներով՝ տարբեր ազատամարտիկների կողմից ստեղծված:
Հ.Գ. Հավելենք, որ երեկ հայտարարություն է տարածել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը` պատգամավորներին կոչ անելով քվեարկել եւ զրկել իրեն անձեռնմխելիությունից` ընդգծելով, թե ինքն իր անունը կվերականգնի:
Մեկ փաստ էլ. երեկ լուրեր էին շրջանառվում, որ Մանվել Գրիգորյանը հասցրել է իրենով անել նաեւ ԵԿՄ կենտրոնական մասնաշենքը: Ասում են` դա իր սեփականությունն է:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ