Բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունը` դատական քաշքշուկների մեջ. հին հաշիվնե՞ր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս օիլ Քորփորեյշն» ընկերությունը տեւական ժամանակ դատական քաշքշուկների մեջ էր: Ի դեպ, այս ընկերությունը գնումների գործընթացի շրջանակներում որոշ գերատեսչություններին բենզին է մատակարարում: Այդ գերատեսչությունների թվում է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն, որը պահանջում է ընկերությանը ներառել սեւ ցուցակում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն (նախկին ԱՎԾ-ն) դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում ներառել «ՍիՓիԷս օիլ Քորփորեյշն» ընկերությանը: Բանն այն է, որ կոմիտեն ռեգուլյար տեսակի բենզինի ձեռքբերման նպատակով մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաեւ նշված ընկերությունը, եւ գնահատող հանձնաժողովը որոշել է առաջին տեղ զբաղեցնող մասնակից ճանաչել «Սի Փի Էս օիլ» ընկերությանը: Բայց միաժամանակ վիճակագրական կոմիտեն հայտ ներկայացնելու նույն օրը որոշել է պետական եկամուտների կոմիտեից հետաքրքրվել` արդյոք «ՍԻ Փի Էս օիլ» ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ ունի, թե ոչ: Բայց գնահատող հանձնաժողովը սահմանված ժամկետում ՊԵԿ-ից տեղեկություն չի ստացել, ինչի արդյունքում որոշել է ընտրված մասնակից ճանաչել հենց «Սի Փի Էս օիլ» ընկերությանը եւ առաջարկել է կնքել գնման պայմանագիր:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ը սահմանված ժամկետից ուշ վիճակագրական կոմիտեին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ «Սի Փի Էս օիլ» ընկերությունը մրցույթին հայտ ներկայացնելու օրվա դրությամբ պետական բյուջեի նկատմամբ ունեցել է ժամկետանց հարկային պարտավորություններ` 3 մլն 575 հազար դրամ: Մինչդեռ «Սի Փի Էս օիլ» ընկերությունը պնդում է, որ հարկային պարտավորությունների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատաախանում: Բայց չնայած սրան` ընկերությունը իր հերթին եւս դիմում է ՊԵկ եւ ստանում հետեւյալ պատասխանը. «Ընկերության ժամկետանց հարկային պարտավորությունը առաջացել է այս տարվա փետրվարի 28-ին 2017 թվականի դեկտեմբեր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի ճշգրտելու արդյունքում, որը այնուհետեւ վերահաշվարկվել եւ զրոյացվել է ԱԱՀ-ի հաշվարկը կրկին ճշգրտելու արդյունքում»: Հաշվի առնելով սա` «Սի Փի Էս օիլ» ընկերությունը պնդում է, որ բավարարում է մրցույթով սահմանված պահանջներին:

Ավելին` ըստ «Սի Փի Էս օիլ» ընկերության` նույնիսկ հարկային պարտավորություն ունենալու դեպքում հնարավոր չէ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառել, քանի որ մասնակիցը տվյալ դեպքում ի սկզբանե գնման գործընթացի շրջանակում չի ստանձնել որեւէ պարտավորություն, որը խախտվել է, կամ թույլ չի տվել պայմանագրով նախատեսված որեւէ պարտավորության խախտում, կամ չի հրաժարվել գնման գործընթացին հետագա մասնակցությունից, ինչպես նաեւ չի հրաժարվել պայմանագիրը կնքելուց: Նաեւ ընկերությունը գտնում է, որ այս դեպքում ներկայացրել է հայտարարություն, որը ստուգվել է սահմանված կարգով, եւ որի իրականությանը չհամապատասխանելու հանգամանքը հիմք է տվյալ պահին հայտը մերժելու, այլ ոչ թե սեւ ցուցակում ներառելու: Բայց սա վիճակագրական կոմիտեին չի խանգարել դիմել գնումների բողոքարկման խորհուրդ, բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությանը ներառել սեւ ցուցակում: Իսկ ինչպես հայտնի է, սեւ ցուցակում ընկերությունները մնում են 2 տարի, ինչի հետեւանքով չեն կարողանում մասնակցել գնումների գործընթացին: Թե ինչ նպատակ է հետապնդել վիճակագրական կոմիտեն, հայտնի չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «» ընկերությունը դիմել է բողոքարկման խորհուրդ եւ խնդրել է ընկերությանը չներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ընկերությունը դատական կարգով վիճարկել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում ներառելու պաշտոնական ընթացակարգ նախաձեռնելու համար կայացրած որոշումը: Ընկերությունը դատարանից խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց եւ մինչեւ դատական գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը արգելել բողոքարկման խորհուրդին սեւ ցուցակում ներառել:
Ի վերջո ընկերությանը հաջողվել է այս պատմությունից հաղթած դուրս գալ, քանի որ գնումների բողոքարկման խորհուրդը գտել է, որ «Սի Փի Էս օիլ» ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքեր չկան:

Արդյունքում Խորհուրդը որոշել է ընկերությանը սեւ ցուցակում ներառելու նպատակով նախաձեռնված ընթացակարգը մերժել: Այս ողջ քաշքշուկն ուշագրավ է, միան թե պարզ չէ` ինչու են «Սի Փի Էս օիլ» ընկերության նկատմամբ Վիճակագրական կոմիտեում այդպես վարվել. հին հաշիվներ են միմյանց հետ ունեցե՞լ, թե՞ այլ խնդիր կա:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս