Երեկ ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդության քննարկման ժամանակ վերջինիս հորդորեց ինքնասպանություն կատարել` հայտարարելով. «Մանվելին կփրկի պարանը»: Ու սա այն դեպքում, երբ անձին ինքնասպանության դրդելը քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է. այդ մասին ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի 111 հոդվածում` ինքնասպանության հակելը` հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով, անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Թեկուզ եւ ծանր, ամոթալի հանցագործության մեջ մեղադրվող Գրիգորյանին նման հորդորով դիմում է մի մարդ, որն ի տարբերություն գեներալի, չի մասնակցել Արցախյան ազատամարտին` այդ տարիներին զբաղեցնելով Երեւանի կերամիկական կոմբինատի արտադրամասի պետի պաշտոնը: Մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց՝ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ունի 200 մլն դրամի չափով դրամական միջոց: Պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ պատգամավորն ունի մեկ բնակարան, անավարտ շինություններ, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, երկու հատ հողամաս եւ մեկ հատ PorscheCayenne 3.6 մակնիշի ավտոմեքենա: Պատգամավորը 4 ընկերություններում ունի 85 հազար 100 դրամի չափով բաժնեմաս: Հետաքրքիր է` ինքն ինչպե՞ս է ձեռք բերել այս ամենը: