Մարտի 1-ի բացահայտման մեխանիզմները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ խորհրդարանում Մարտի 1-ի վերաբերյալ խոսել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը. «Մարտի 1-ի գործով մեր սպասումները շատ են: Առաջիկայում այդ գործով ունեցած մեր տեղեկությունների մասով պարբերաբար հաշվետու ենք լինելու հանրությանը, եթե, իհարկե, դրանք չեն խոչընդոտի բացահայտմանը: Հենց լինեն ռեալ արդյունքներ, կհրապարակենք»,-ասել է նա:
Սովորաբար, մարտի 1-ի բացահայտումների մասին խոսելիս շատերը նշում են միայն մարտի 1-ի տասը սպանությունների մասին: Սակայն իրականում դեպքերը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում: Ինչպես հայտնի է, 2008 թ. նախագահական կեղծված ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների շուրջօրյա խաղաղ հավաքը մարտի 1-ի առավոտյան ընդհատվեց ոստիկանության հարձակմամբ: Ոստիկաններն ավելի վաղ հայտարարել էին, թե տեղեկություն ունեն Ազատության հրապարակում զենք-զինամթերքի առկայության մասին եւ այդուհետ կոչ էին արել ցուցարարներին տարածքում զննություն կատարելու հնարավորություն տալ: Հենց այդ նպատակով էլ նրանք շարժվել էին Ազատության հրապարակ, որտեղ գիշերում էին մոտ 4000 խաղաղ ցուցարարներ: Արդյունքում բախում էր սկսվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Ոստիկանության ներկայացուցիչները կիրառել էին էլեկտրաշոկ, արցունքաբեր գազ, մահակներ:

Նրանք իրենց հերթին պնդում էին, որ ցուցարարներն իրենց վրա քարեր, փայտի կտորներ, մետաղյա ձողեր են նետել: Այստեղ կարեւոր մեկ հանգամանք. Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` զննությունը պետք է կատարվի առավոտյան ժամը 7-ից ոչ շուտ: Սակայն ոստիկանական ուժերն այդ իրականացրել էին ժամը 6.30-6.45-ի սահմաններում` այդպես կոպտորեն խախտելով օրենսդրությունը: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները խաղաղ նստացույց անող քաղաքացիներին ծեծի էին ենթարկել, ինչի մասին մամուլի բազմաթիվ հրապարակումներ եղան այդ օրերին: Ոստիկանությունը զննություն կատարելու հանգամանքը բացատրում էր այն բանով, որ իրենք տվյալներ են ունեցել, թե մարտի 1-ին սադրիչ գործողություններ պետք է տեղի ունենան, հրահրվեն զանգվածային անկարգություններ: Ցույցը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբից հակառակն էին պնդում. չնայած մոտ 20 րոպե ցուցարարների` մերկ ձեռքերով ցույց տված դիմադրությանը` վայրենաբար գործող զինվորներին հաջողվեց դաժան ծեծուջարդի, էլեկտրաշոկի եւ արցունքաբեր գազի միջոցով մարդկանց դուրս քշել հրապարակից եւ հիմնահատակ ավերել վրանային ավանը:: Երկրորդ կարեւոր դիտարկումը. խաղաղ ցույցը ցրվել է առանց քաղաքացիներին նախապես զգուշացնելու, այլ խոսքով` ապօրինի կերպով է կատարվել:

2008-ի ողբերգական դեպքերից հետո ստեղծվել էր Մարտի 1-ի գործով փաստահավաք խումբ, որն ուսումնասիրություն էր կատարում: Սակայն հաջորդ տարի` 2009 թ. հունիսին, Սերժ Սարգսյանը կասեցրել էր խմբի գործունեությունը: Չնայած դրան` 2010 թ. մայիսին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը հրապարակեցին զեկույց, որտեղ մանրամասն ներկայացրել էին մարտի 1-յան դեպքերին բանակի մասնակցության վերաբերյալ: Իսկ սա կարեւորագույն հարցերից մեկն է, որի ուղղությամբ ներկայիս ուժային բոլոր կառույցները պետք է աշխատանք կատարեն պարզելու համար եղելությունը:

Զեկույցի հեղինակներ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը մասնավորապես ընդգծում էին, որ այն ժամանակ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը 2008 թ. մարտի 23-ին ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը, որի համաձայն` Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Իսկ Երեւանի կայազորի պետ, Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել էր կայազորի պետի վարչակազմ: Սակայն փետրվարի 23-ին մեր երկրի վրա զինված հարձակում չի իրականացվել, եւ ռազմական դրություն էլ չի հայտարարվել: Եվ այս ամենի համատեքստում զարմանալի է այն իրողությունը, որ երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել:

Խումբը ներկայացրել էր նաեւ որոշակի փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի կողմից մինչև արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի հրապարակումը, բանակն արդեն ներգրավված է եղել ներքաղաքական իրադարձություններին: Այսպիսով, մարտի 1-ին 10 օր շարունակ անցկացվող խաղաղ ցույցը ցրվեց: Իսկ երեկոյան ընդդիմության աջակիցների նկատմամբ հրազեն կիրառվեց, ինչի արդյունքում տասը քաղաքացիներ զոհվեցին:

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու Քոչարյանի հրամանագիրը վիճարկելի էր, քանի որ այն ժամանակ գործող Սահմանադրության 55 հոդվածի համաձայն` նախագահը կարող է հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմ, իսկ «Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով»: Արի ու տես, որ այն ժամանակ դեռ Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք ՀՀ-ում չկար, ասել է թե` խախտվել է ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածը:

Հետագայում քննչական մարմինները եւ դատարաններն այդպես էլ չանդրադարձան օրենքի խախտումները բացահայտող փաստերին:

Այնպես որ, Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը պետք է սկսել հենց իրադարձությունների սկզբից առկա իրավիճակից եւ այդ ընթացքում իրավապահ համակարգի կողմից կատարված գործողությունների, դրանց իրավաչափության խնդրից: Պետք է մարտի 1-ի դեպքերի բացահայտումը սկսել նաեւ` Քոչարյանի այդ հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելով, որպեսզի այն հակասահմանադրական ճանաչվի։

Հ. Գ. Իսկ որոշ մասնագետներ պնդում են, որ սահմանադրական է այդ որոշումը: Եվ հարցը վերջնականապես փակելու համար պետք է գործին խառնվի ՀՀ սահմանադրական դատարանը: Նոր Հայաստանի Սահմանադրական դատարանը գուցե ի վերջո պատասխանի տարիներ շարունակ անպատասխան մնացած հարցին. այլևս կաշկանդվելու խնդիր չունեն:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս