Բավական հուզված եմ, տեսնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը բավական լուրջ ընթացք է բռնել. Մրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր ես բավական հուզված եմ, տեսնում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը բավական լուրջ ընթացք է բռնել․դա շատ կարեւոր բանալի է մեր հասարակության մեջ առողջ մթնոլորտ ստեղծելու համար։ Հիմա մենք այդ ամենի ականատեսն ենք»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված վերջին բացահայտումներին։

Նա խոստովանեց, որ ոգեւորված է, եւ կարծիք հայտնեց, որ խոստումնալից տեմպերով առաջ ենք գնում․«Մեր հասարակության ընդհանուր մթնոլորտն է պետք փոխել։ Եթե շատերի արժեքային համակարգը խեղաթյուրվել էր, այսօր արդեն այն կվերականգնվի»,-հույս հայտնեց երգիչը։

Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա թիմի մասին ինչ կարծիքի է եղել երկու ամիս առաջ եւ ինչ կարծիքի է այսօր, պարոն Գրիգորյանը պատասխանեց․«Ես միշտ էլ մտածել եմ, որ Հայաստանում պետք է փոփոխություններ լինեն, միշտ էլ ասել եմ, որ մեր հույսը երիտասարդությունն է։ Փորձը ցույց տվեց, որ այդպես էլ կա։ Եթե ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ խորհրդային տարիներից մնացած մենթալիտետային խնդիրներ կան, ապա երիտասարդների շրջանում դրանք բացակայում են։ Նոր սերունդը շատ ավելի ազատ է»։

Երգիչն անդրադարձավ նաեւ մեր երկրում տարվող մշակութային քաղաքականությանը․«Այդ քաղաքականությունը ենթադրում է բարի ավանդույթների ժառանգում եւ ազգային մշակույթի պահպանման եւ հանրահռչակման հարցում նոր ուղիների որոնում»,-ասաց նա։

Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը բավական խելացի է․«Ես ճանաչում եմ նրան, գիտեմ, որ երկրում մշակութային ճիշտ ռազմավարություն իրականացնելու մեծ ցանկություն ունի։ Հիմա նա ավելի շատ հետազոտական գործերով է զբաղված, եւ յուրաքանչյուրս պետք է փորձի օգտակար լինել նախարարին՝ անկախ այն հանգամանքից՝ համակարգի ներսում աշխատում է, թե ոչ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Աննա Բաբաջանյան




Լրահոս