Գաղտնիք չէ, որ աշխարհի բոլոր երկրների արտաքին գերատեսչությունների հիմնական գործառույթներից մեկը միջազգային ասպարեզում այդ երկրի իմիջի և հեղինակության բարձրացումն է: Ընդ որում, կան երկրներ, որոնք այդ նպատակով ծրագրված ահռելի գումարներ եւ հնարավորություններ են ծախսում: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ մեր հարեւան Ադրբեջանն այս առումով ամենաակտիվներից է եւ սեփական երկրի վարկանիշը բարձրացնելու, նաեւ ԼՂ խնդիրը ցանկալի տեսքով ներկայացնելու համար ոչինչ չի խնայում` ի տարբերություն Հայաստանի, որի նախկին իշխանությունները գերադասում էին գումարները յուրացնել, իսկ եթե ծախսել, ապա շատ փոքր մասը:
Բայց թավշյա հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո Հայաստանն, անկախ ԱԳՆ կամքից և հակառակի ուղղությամբ կոնկրետ գործողություններից, միջազգային ասպարեզում հայտնվել է ճանաչվածության գագաթնակետին: Եւ Հայաստանը դրան հասել է առանց փող ծախսելու: Հիմա ՀՀ գործադիր իշխանության համար հրամայական է՝ այդ ճանաչվածությունն ու դրական իմիջը ոչ միայն պահպանելը, այլեւ բարձրացնելը: Եվ պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Մնացականյանին ներկայացնելիս նրա առջեւ հենց նման խնդիր էր դրել:
«Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը առաջարկելու մոտիվացիան եղել է հետևյալը. ապահովել քաղաքական փոփոխությունների սահունությունն արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական կորպուսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է լրջորեն աշխատենք, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք կարևոր եւ կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներկայում Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա եւ այն լավ հնարավորություն է վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների: Եվ ի՞նչ պետք է անի քո երկրի արտաքին գործերի նախարարությունն այս իրավիճակում: Պետք է նախ հենց իրենք` նախարարի, փոխնախարարների մակարդակով, ձեռնամուխ լինեին Նոր Հայաստանի «գովազդմանը» և շրջաբերական նամակ ուղարկեին բոլոր երկրների ՀՀ դեսպաններին՝ հստակ նախանշելով թեմաները, որոնց մասին նրանք պետք է խոսեին իրենց հանդիպումներում, ներկայացնեին Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսության ազատականացումն ու հավասար պայմանների ստեղծումը, մենաշնորհների դեմ անհաշտ պայքարը, թավշյա հեղափոխության արդյունքները: Զոհրաբ Մնացականյանն այդպես չի վարվել, համենայնդեպս արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում առկա հանդիպումների և ելույթների բաժնում որևէ դրական խոսք Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին չկա, իսկ այն, որ որևէ դեսպանություն իր հանդիպումներում չի խոսում Հայաստանում դրական գործընթացների մասին, վկայում է, որ հանձնարարական/շրջաբերականը չի գնացել:
Իհարկե բոլորն էլ գիտեն, թե Հայաստանում ինչ է կատարվում, սակայն Զ. Մնացականյանը` որպես ԱԳ նախարար, պարտավոր է դա անընդհատ ասել: Շեշտելով Հայաստանի տարբերությունը Ադրբեջանից` առաջին հերթին հենց անվտանգության խնդիր է, և սա չի կարող չհասկանալ ՀՀ ԱԳ նախարարը:
Զոհրաբ Մնացականյանի քայլերը, վարած քաղաքականությունը հասկանալու համար բավական է ուսումնասիրել նրա կենսագրական տվյալները, որից պարզ է դառնում, որ նա նախկին իշխանության եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կադրն է, որը անմնացորդ, հավատարիմ ծառայել է նաև Սերժ Սարգսյանին: Պատահական չէր, որ ՀՀ նախագահի հետ միասին Զ. Մնացականյանը հանդիպում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն դեպքում, երբ ՀՀ նախագահը նոր Սահմանադրությամբ բանակցություններ վարելու մանդատ չունի: Այսինքն՝ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել Փաշինյանին վերապահված ոլորտ, եւ Մնացականյանը նրան այդ առումով ուղեկցում է: Սա էլ հետեւանք է այն բանի, որ Մնացականյանն իր աշխատանքային բարձրունքների համար պարտական է Արմեն Սարգսյանին: Նա է եղել 1993-1997թթ. Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղարը: Իսկ այդ ժամանակ Բրիտանիայում ՀՀ դեսպանը Արմեն Սարգսյանն էր: Մնացականյանը 1997թ. եղել է ՀՀ վարչապետի օգնականը՝ Արմեն Սարգսյան վարչապետի օգնականը: Այսինքն, ստացվում է, որ նրա քաղաքական ուղին հարթել է հենց Արմեն Սարգսյանը, որը հիմա Հայաստանում իր լիազորություններն է փորձում ընդլայնել: Ավելին` Մնացականյանը 2008-2011 թվականներին եղել է Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչը: Դա հենց այն թվականներն էին, երբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերահողովը Հայաստանի հանդեպ չորս բանաձեւ ընդունեց ` մարտի 1-ի դեպքերից հետո: Եվ այդ ողջ ընթացքում Մնացականյանն ու ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը կռիվ էին տալիս ԵԽԽՎ-ում ապացուցելու համար, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, կան սովորական հանցագործներ՝ զանգվածային անկարգության կազմակերպիչներ: Եւ հիշում եք` մարտի 1-ի գործի շրջանակներում քաղբանտարկյալի կարգավիճակում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը: ՈՒ հիմա այնպիսի տպավորություն է, որ պրն Մնացականյանը մնացել է հենց այն Հայաստանում: Այդ առումով դեռ պետք է հասկանանք, թե նա ինչ է խոսում Բրյուսելում և ինչպիսի Հայաստան ներկայացնում:
Հ.Գ. Հայաստանի անվտանգության, հեղինակության բարձրացման շահերից է բխում պրոակտիվ, կասեինք գերակտիվ արտաքին քաղաքականությունը հենց այս փուլում: Այն պայմաններում, երբ վարչապետը հատուկ ուշադրություն դարձրեց ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը, այցելեց Վրաստան, ՀՀ ԱԳՆ պետք է նախաձեռներ վարչապետի այցեր ԵՄ, Եվրոպական խորհրդարան, ԵԽԽՎ, եվրոպական մայրաքաղաքներ, ԱՄՆ: Ամեն տեղ Ն. Փաշինյանը գրկաբաց կընդունվեր: Բայց արի ու տես, մեր դեսպանությունները նույնիսկ իրենց պարզ քայլերը չեն անում:
Նաիրա Հովհաննիսյան
Արման Գալոյան