ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նրա փաստաբանների`արգելանքից հանելու պահանջը։
Հիշեցնենք` հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Մինչ նախկին իշխող ուժը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական դրդապատճառ էր տեսնում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին «ապօրինի ձերբակալելու մեջ», նա կալանավորվեց երկամսյա ժամկետով` մեղադրվելով ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու մեջ:
ԱԱԾ հրապարակած տեսանյութում երևում էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…
Տեղեկացնենք, որ ըստ ընթացակարգի՝ խորհրդարանը պետք է քննարկեր ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, եթե գլխավոր դատախազությունը միջնորդություն ներկայացներ: Երբ հայտնի դարձավ, որ դատախազությունը ներկայացրել է համապատասխան միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը բաց նամակով դիմեց ԱԺ ախագահին և խմբակցույուններին. «Քանի որ չունեմ որևէ ցանկությունը խոչընդոտելու նախաքննությանը, կոչ եմ անում իմ գործընկերներին համաձայնություն տալ ինձ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ առանց իմ ներկայության։ Վստահ եմ, որ իմ անունը ես կվերականգնեմ»,- գրված էր Մանվել Գրիգորյանի նամակում։
Հունիսի 19-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից. կողմ քվեարկեցին 77, դեմ՝ 3 պատգամավոր:
Սակայն ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթներով Մանվել Գրիգորյանը դեռևս պատգամավոր է:
Այսպես, ԱԺ կանոնակարգ օրենքի 154 հոդվածը սահմանում է.
Այսպիսով, մինչ դատական վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, Մանվել Գրիգորյանը համարվելու է ԱԺ պատգամավոր: Կալանքի որոշում կայացնելը և խորհրդարանում ձայների ճնշող մեծամասնությամբ Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը նրան չեն ազատում պատգամավորի «պաշտոնից», եթե, իհարկե, Մանվել Գրիգորյանը մանդատից զրկվելու ինքնակամ դիմում չներկայացնի:
Ի դեպ, այս պահին չի կարող քննարկվել նաև նրան փոխարինողի հարցը: Մանվել Գրիգորյանի աթոռը դեռևս ազատ կմնա: