Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տեսանելի քայլեր է անում: Դեռ մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ տնօրենը նաեւ խոստացել էր, որ այդ ուղղությամբ հստակ քայլերը կմեկնարկեն մայիսի 23-ից:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն կան բերման ենթարկվածներ, ընդ որում` նրանց թիվն անցնում է 20-ից: Ավելին` այդ անձինք հանդիսանում են խոշոր ընկերությունների աշխատակիցներ: Սակայն ըստ մեզ հասած լուրերի բերման ենթարկվածների թիվը այսքանով չի ավարտվի, քանի որ կծիկը գնալով շատանում է: Սակայն ԱԱԾ լրատվական ծառայությունից չմանրամասնեցին՝ կոնկրետ ովքեր են բերման ենթարկվածները: Միայն տեղեկացրին, որ կատարվում է քննություն, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, եւ առաջիկայում կներկայացվեն գործով այլ մանրամասներ:
Թվով 51 պաշտոնյա այդպես էլ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017թ. իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրածներից 23-ը հիմա արդեն պաշտոնյա չեն, մյուս 28 հոգուց 2-ը կալանավորված են. խոսքը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի մասին է: Հայտարարագիր չեն ներկայացրել բավական մեծ թվով քննիչներ: Հայտարարագիր չներկայացրածների թվում են նաեւ դեսպաններ` Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատող Նիկոլայ Սարկիսովը, Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը: Այս 51 անձինք արդեն նկատողություն են ստացել, իսկ եթե կրկնվի, նրանց նկատմամբ վարչական վարույթ կհարուցվի եւ մինչեւ 200 հազար տուգանք կսահմանվի:
Դատավորների ընդհանուր ժողովը երեկ որոշել է Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու առաջադրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դանիելյանն անդրադարձել է ներքաղաքական իրադարձություններին եւ դատական իշխանության վրա դրա հետեւանքներին: «Փաշինյանի ասածներն էլ ավելի մեծ հենարան, ուժ են տալիս, դուխ են տալիս դատարաններին, որպեսզի իրենք գործեն անաչառ եւ ավելի անկաշկանդ: Ես կարծում եմ` շատ կարեւոր է, երբ պետության ղեկավարները մեկ անգամ եւս բարձրաձայն հնչեցնում են այն, որ դատական համակարգի գործերի մեջ չպետք է պետությունը խառնվի»,- պնդել է նա: Իսկ հարցին, թե նախկինում ինչպիսի միջամտություններ են եղել, դատավորը պատասխանել է. «Ես չեմ կարող Ձեր հարցին պատասխանել այնպես, ինչպես Դուք եք ակնկալում, ընդհանուր դատողություններ չեմ կարող անել: Համենայնդեպս, ես ոչ մեկի կամակատարը չեմ հանդիսացել, եւ երբեւէ ինձ ոչ ոք չի էլ դիմել նման խնդիրներով»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումից հետո ոստիկանությունում` մասնավորապես ոստիկանության ներքին զորքերում, փոխվել են խաղի կանոնները: Նախկինում ոստիկանության զորքերի աշխատակիցներն աշխատել են «թեթեւ ռեժիմով», կարողացել են աշխատանքին զուգահեռ երբեմն-երբեմն նաեւ տաքսի վարել «ջիջի» եւ «յանդքս» համակարգերի միջոցով: Սակայն Օսիպյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո խստացվել է աշխատանքային ռեժիմը, եւ հիմա ներքին զորքերի աշխատակիցներից պահանջում են աշխատանքային օրվա ընթացքում լինել տեղում: Ըստ մեզ հասած լուրերի` ոստիկանության զորքերում աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, իսկ այդքան քիչ աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել, եւ հիմա դժգոհություններ են հասունացել: Ոմանք նույնիսկ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել: Ու եթե նոր իշխանությունը միջոցներ չձեռնարկի աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ, ապա համակարգը խնդիրների առաջ կհայտնվի, թեեւ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հերքել են այս լուրերը:
ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻ՞Ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը` պնդելով, որ առաջիկա ամիսներին այն կարգավորելու հնարավորություն կա: «Առաջիկա ամիսները ղարաբաղյան հարցում կարգավորման հասնելու հնարավորություն են բերում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր` Միացյալ Նահանգները սպասում է Ձեզ հետ համագործակցությանը հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորումը գտնելու համար»,- Ադրբեջանի առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ Ալիեւին հղած ուղերձում գրել է Դոնալդ Թրամփը:
Ակնհայտ է, որ հայաստանյան քաղաքական զարգացումները որոշ ժամանակով հետաձգեցին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո ամբողջությամբ փոխվեց կառավարության կազմը: Որքան էլ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտության ասպարեզում նոր մարդ չէ (մինչ այս նա եղել է նախարարի տեղակալ), այնուամենայնիվ, ե՛ւ նրան, ե՛ւ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակ է հարկավոր գործընթացի մանրամասներին ծանոթանալու համար: Ու միայն բոլոր մանրամասներին տիրապետելուց հետո արդեն Հայաստանի նոր իշխանությունը կարող է լիարժեքորեն ներգրավվել բանակցային գործընթացում: Բայց այս պահին Փաշինյանի կառավարության համար ավելի առաջնային է ոչ այնքան ԼՂ խնդրի լուծման հարցը, որքան ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացումը եւ իշխանափոխությունն իր վերջնական հանգրվանին հասցնելու հարցը: Այնպես որ առաջիկա ամիսներին ԼՂ կարգավորմանը հասնելու հնարավորությունների մասին Թրամփի հայտարարություններն անհասկանալի էին:
Չի բացառվում` սա ԱՄՆ անուղղակի պատասխանն է Ռուսաստանին, որն ամենաակտիվն է Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Մեկ օր առաջ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան կշարունակի ակտիվ դեր խաղալ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, ու հավելել. «Ցանկություն չկա ինչ-որ ջութակ նվագել հերթական համարի ներքո: Ցանկություն կա կարգավորումը մոտեցնել այնպիսի միջոցներով, որոնք համարվում են ե՛ւ քաղաքակիրթ, ե՛ւ կհաստատեն իրենց արդյունավետությունը: Մենք շատ ակտիվ դեր ենք խաղացել եւ այդպես էլ կշարունակենք»: Սպասենք ԼՂ խնդրով նոր զարգացումների: