ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լեւոն Երանոսյանին ազատեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից:

Թեկնածուներն ու թեժ քննարկումները
Լեւոն Երանոսյանի ազատումից անցել է մեկ շաբաթ, սակայն վերջինիս պաշտոնը շարունակում է թափուր մնալ, որի շուրջ այս օրերին բավականին լուրջ քննարկումներ եւ խոսակցություններ են ծավալվել ոստիկանությունում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանությունում խոսակցություններ են սկսվել, թե ում նշանակեն Լեւոն Երանոսյանի պաշտոնում, եւ մի շարք թեկնածուների մասով լուրջ դժգոհություններ են առաջացել: Մասնավորապես ոստիկանության զորքերում խոսակցություններ են տարածվել, որ այս պաշտոնում ցանկացել են նշանակել ոստիկանության զորքերում գնդի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին: Սակայն վերջինիս նշանակումը լուրջ բանավեճի պատճառ է դարձել, քանի որ Գուրգեն Գրիգորյանին ճանաչողները այդքան էլ լավ կարծիք չեն ունեցել նրա մասին` նշելով, որ նա իր ճանապարհը սկսել է պաշտպանության նախարարությունից, եղել է ճարաշանի պետ, ինչ-ինչ ճանապարհով դիպլոմ է ստացել եւ նշանակվել Վայքի զորամասի հրամանատարի տեղակալ, եւ այդ շրջանում նրա անվան շուրջ խոսակցություններից հետո նա միշտ ասել է, որ իր նպատակն է դառնալ գնդի հրամանատար: Արդյունքում ՊՆ-ից դուրս է եկել եւ գնդի հրամանատար է նշանակվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում:
Երբ վերջինիս նշանակման մասով խոսակցությունները թեժացել են, ոստիկանությունում կարծես թե որոշել են չշտապել եւ սպասել, թե ում կարող են նշանակել պաշտոնում, որը, ըստ էության, նորանշանակ վարչապետի սրտով կլինի եւ կընդունվի ոստիկանության զորքերի կողմից: Սակայն նկատենք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվել. խոսակցություններ կան, որ միգուցե այդ պաշտոնում նշանակեն Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին` Կոռնիձորի Արոյին, սակայն վերջինիս մասով դեռ չեն շտապում որոշում կայացնել:

Գվարդիան կենթարկվի ՊՆ-ին
Չնայած ոստիկանության զորքերի հրամանատարի թեկնածուների շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն քննարկումներ են եղել նաեւ այն մասով, որ արդյոք ոստիկանության զորքեր անհրաժեշտ է ունենալ, թե ոչ:
Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունների հետեւանքով ոստիկանությունը դարձավ վարչապետին ենթակա կառույց: Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավառի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվությունը վարչապետի առջեւ:
Արդյունքում այս ֆոնին ոստիկանությունը նպատակ ուներ փոփոխություններ իրականացնել ոստիկանության զորքերի կառուցվածքում եւ ոստիկանության զորքերը ցանկանում է տեսնել ազգային գվարդիայի տեսքով:
Դեռեւս ամիսներ առաջ ոստիկանությունից հայտնել էին, որ ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն` պետական կառավարման համակարգի մարմինը պետք է ունենա նախարարության կամ կառավարության, վարչապետին եւ նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ: Ոստիկանության կարգավիճակի վերջնական որոշումից հետո պարզ կդառնան ներգերատեսչական կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունն ու ուղղությունները: Ոստիկանական գվարդիայի մասով առաջարկություն ներկայացրել է ՀՀ ոստիկանությունը: Առաջարկության վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս գոյություն չունի:
Ըստ ոստիկանության` ոստիկանության գվարդիան պետք է հանդիսանա հակաահաբեկչական, զանգվածային անկարգությունները կանխող ու խափանող պրոֆեսիոնալ ոստիկանական եւ ոչ թե ռազմական ստորաբաժանում: Ըստ մեզ հասած լուրերի` քննարկում է եղել, թե գվարդիայի ստեղծումը անհրաժեշտ է, թե ոչ, անգամ խոսակցություն է եղել, որ միգուցե գվարդիայի ստեղծման գաղափարը կյանքի կոչվի, բայց այն հանդիսանա ոչ թե ոստիկանության մաս, այլ լինի պաշտպանության նախարարությանը ենթակա կառույց:
Ուստի միգուցե այս խոսակցություններն էլ պատճառ են դարձել, որ ոստիկանության զորքերի թեկնածուների անցյալն ու ներկան խառնվել է իրար, եւ նշանակման գործընթացը ուշանում է: Ավելին` տեղեկություներ կան, որ չի բացառվում, որ ստեղծվելիք Գվարդիան ենթարկվի ոչ թե ոստիկանությանը, այլ ենթարկվի պաշտպանության նախարարությանը:

Խիստ ռեժիմն ու դիմումները
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի նշանակումից հետո ոստիկանության ներքին զորքերում իրավիճակ է փոխվել:
Մեզ տեղեկություններ հասան, որ ոստիկանության զորքերի մի շարք ծառայողները այս օրերին աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում: Իսկ ինչի՞ց է սկսվել դիմումների շարքը:
Բանն այն է, որ նախկինում ոստիկանության զորքերի աշխատակիցները այնպիսի ռեժիմով են աշխատել, որ կարողացել են բացի զորքերում աշխատելուց իրենց ընտանիքը պահելու համար այլ մասնավոր աշխատանքներ անել: Մեզ լուրեր հասան, որ ոստիկանության զորքերում աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ուստի շատերը չեն կարողացել իրենց ընտանիքի հոգսերը հոգալ: Արդյունքում, երբ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսիպյանը, ռեժիմը խստացրել է, եւ աշխատակիցները այլեւս չեն կարողացել մասնավոր գործով զբաղվել, եւ հիմա վերջիններս դժգոհում են, որ միայն ոստիկանության տված աշխատավարձով չեն կարող ընտանիք պահել, ուստի ավելի լավ է` դիմում գրեն հեռանան:
Ստեղծված իրավիճակների մասով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, որտեղ, անդրադանալով ոստիկանության զորքերի հրամանատարի նշանակմանը, հայտնեցին. «Այդ պաշտոնին անձ նշանակում եւ ազատում է ՀՀ նախագահը»:
Անդրադառնալով խիստ ռեժիմին եւ աշխատակիցների դիմումին` ոստիկանությունից հայտնեցին, թե խիստ ռեժիմ ասված չկա, կա կանոնակարգ` նորմատիվ ակտերով, իսկ աշխատանքից ազատման դիմումների մասով տեղեկությունը իրականությանը չի համապատասպանում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն կոռուպցիոն մեծ շղթա է բացահայտել: Ըստ պաշտոնական հաղորդագրության` բնակավայրերում թափառող կենդանիների դեմ պայքարի հարցը լուծելու համար Երեւանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարել է «Թափառող կենդանիների ստերջացման եւ պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ, եւ 2009 թ. սկսած` այդ մրցույթին մասնակցել եւ հաղթել է նույն «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն` տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ: Եւ ահա ԿՀԴՊ ԳՎ-ն պարզել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երեւանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձեւակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ փաստացի օգտագործվել է 12,6 տոննա, ձեւակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձեւակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ: Պարզվել է նաեւ, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը: Ու կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանը համապատասխան վերահսկողություն չի արել: Հիշեցնենք՝ «Յունիգրաֆ-Իքս»-ը պատկանում է Վրաստանում ՀՀ դեսպան, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանին:

 

 

ՓՈԽՎԵՑԻՆ
Երեկ աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտապի պետ Մովսես Հակոբյանը` նշանակվելով ՀՀ Գլխավոր ռազմական տեսուչ: Իսկ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Նա արցախյան ազատամարտի մասնակիցներից է, նախկինում զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետի, ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնները։

 

 

ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԴԵՄ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր համայնքի նախկին ղեկավար, 1960թ. ծնված Համո Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այն առնչվում է 2013թ. ռուսական մի ընկերությունից գնված հացահատիկի սերմացուի գումարների յուրացմանը: Ըստ քրեական գործի նյութերի? Հ. Գեւորգյանը սերմացուն կիլոգրամը 160 դրամով վաճառել է իր շուրջ 300 համագյուղացիներին եւ ստացված ավելի քան 10 միլիոն դրամը յուրացրել: Քրեական գործը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով` («Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է` պաշտոնական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»): Այդ քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը: Համո Գեւորգյանը Աչաջուր համայնքը ղեկավարել է 2000-2013թթ.:

 

 

ՀԱՅՑԸ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
Կառավարության նիստում որոշվել է Դանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանին հատուցել 2500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Նշենք, որ ՄԻԵԴ-ի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռվել էր Արզումանյանի հայցը բավարարել:
Գործը վերաբերում է փողերի լվացման գործով Ալեքսանդր Արզումանյանին, որպես նախկին արտգործնախարար եւ «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի կալանքի տակ պահելու հանգամանքին: Արզումանյանը ձերբակալվել է 2007 թվականի մայիսին եւ կալանավորվել: Ա. Արզումանյանը պնդում էր, որ դատարանը բավարար կերպով չի արդարացրել նրա կալանքի անհրաժեշտությունը, եւ խախտվել են ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքները:

 

 

ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
Դատարանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինել է գրավով: Ըստ դատարանի որոշման` Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 միլիոն դրամ գրավի դիմաց: Հիշեցնենք, որ Եղնուկյանը անազատության մեջ է 2016թ. հուլիսից, նրան մեղսագրվում է պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելը, եւ նրա գործը քննվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործի հետ միասին:




Լրահոս