Վարչապետի ուղիղ հանձնարարականը չի կատարվել. ինչու է հերքվում անհերքելին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության սաբոտաժին: Մեր հոդվածում մի քանի հարց ենք բարձրացրել և սպասում էինք ՀՀ ԱԳՆ արձագանքին: Սակայն ստացանք ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը, միանգամայն այլ լրատվամիջոցում, եւ այդ պատասխանը, մեր մեջ ասած, վայել չէ դիվանագետին: Նա փորձել է հերքել փաստերը, բայց ոչ թե հակափաստարկներ բերելով, այլ` մեր հասցեին վիրավորանքներ հնչեցնելով:

«Իրականությունից կտրված ցածրորակ գրչակության հերթական օրինակ է, որով փորձ է արվում սաբոտաժի ենթարկել նոր Հայաստանի ձեռքբերումները։ Այն աստիճան հիմարություն է, որ հնարավոր չէ լուրջ մոտեցում ցուցաբերել եւ մեկնաբանել։ ԱԳՆ-ն` նախարար Մնացականյանի գլխավորությամբ շարունակում է վստահորեն իրականացնել իր կարեւոր առաքելությունը, որը, փաստորեն, ընկալելի չէ որոշների համար»,- նշել է նա:

Մինչդեռ, պարոն Բալայանն անտեսել է բովանդակային քննադատությունը, փորձելով շեղել մարդկանց ուշադրությունը կոնկրետ հարցադրումներից

Ինչ էինք մենք ասում.

1. Ս.թ. մայիսի 15-ին ներկայացնելով ԱԳ նախարարին վարչապետն ընդգծել էր որ «ներկայում Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և այն լավ հնարավորություն է վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների»՛: Այդ գնահատականից հետո ՀՀ ԱԳՆ-ն պետք է անհապաղ մշակեր ծրագիր և ձեռնարկեր կոնկրետ քայլեր՝ առաջացած բարենպաստ իրավիճակից երկրի համար շոշափելի և երկարաժամկետ դիվիդենտներ քաղելու նպատակով: ԱԳ նախարարը անմիջապես պետք է նախաձեռներ քննարկում, որը պետք է մշակեր շրջաբերական և անհապաղ ՀՀ բոլոր դեսպաններին հանձնարարեր անձամբ հանդիպել դեսպանընկալ պետությունների ԱԳ նախարարներին, պատգամավորներին, տարածաշրջանում, Հայաստանում ներգրավված խոշոր ընկերությունների ղեկավարներին, համայնքներին: Ասածներս այն է, որ սա չի արվել:

Վկայություն

ա.  ԱԳ նախարարի մամուլի հաղորդագրությունները, ուր ինտիտուցիոնալ գնահատական չի տրվել Հայաստանում տեղի ունեցածին: Թավշյա հեղափոխությունը և դրա հետևանքով Հայաստանում արմատական փոփոխությունները չեն դարձել ԱԳ նախարարի հանդիպումների մեխը:

բ. Որևէ դեսպան չի հանդիպել և չի ներկայացրել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, չի խոսել ՀՀ նոր կառավարության նախաձեռնությունների մասին

Եզրակացություն. Չի կատարվել ՀՀ վարչապետի ուղիղ հանձնարարականը

2. Չկա որևէ հաղորդում ՀՀ վարչապետի սպասվող այցերի մասին: Եթե լիներ պատշաճ հանձնարարական ԱԳՆ-ից, ապա մեր դեսպանների համար որևէ դժվարություն չէր հանդիսանա կազմակերպել ՀՀ վարչապետի այց առանցքային մայրաքաղաքները: Այսօր առավել քան անհրաժեշտ է կազմակերպել ՀՀ նոր ղեկավարության ներկայությունը ԵՄ-ում, ԱՄՆ-ում,. խորհրդարանական հարթակներում, ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքներում:

3. Վարչապետը խոսում է ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման մասին, իսկ ԱԳ նախարարը` դրանց տրամադրման դյուրացման մասին, իսկ ազատականացման մաիսն է խոսում միայն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի կենտեքստում: Եւ անհասկանալի է թե ինչու է նա սեթեւեթում` ասելու, որ սա նոր կառավարության առաջնայնությունն է, մեզ մոտ այնպիսի բարեփոխումներ են իրականացվում, որ մենք մեզ համարձակություն պետք է թույլ տանք այսուհետ բարձրացնելու վիզաների ազատականացման հարցը: Մեզանում փոփոխությունների խորոթյունն ու ինտենսիվությունը ոչ միայն չի զիջելու արդեն իսկ այդ համակարգից օգտվող Վրաստանից, այլեւ` գերազանցելու է հարեւան երկրին: Դժվա՞ր է ասել դա, եթե այդ մասին արդեն իսկ խոսել է վերադասը:

5. Հայաստանում ժողովրդավարության զարգացումը, մարդու իրավունքների իրական պաշտպանությունը, տնտեսական դաշտում իրականացվող ու ակնկալվող փոփոխությունները Հայաստանի հեղինակության բարձրացումն ակնհայտ ուժեղացնելու են մեր դիրքերը ԼՂ խնդրի բանակցային գործընթացում: Սա ակնհայտ է եւ այս կապակցությամբ մենք նշել էինք, որ այս մասին հստակ, համակարգված տեղեկությունների տարածումը կամ փոխանցումը մեր գործընկեր երկրներին, նաեւ անվտանգության խնդիր է: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն արդյո՞ք որեւէ բան արել է այս ուղղությամբ: Այդ ամենի մասին այսօր պատմում են ՀԿ-ները, բայց ոչ կառավարական կազմակերպությունները:

Ի դեպ, ավելի քան մեկ ամիս սպասել ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն կսկսի այդ ուղղությամբ աշխատել, խոսել Նոր Հայաստանի մասին ճիշտ շեշտադրումներով, բայց ցավոք: Եւս մեկ ամիս այս ոճով շարունակելու դեպքում կամաց-կամաց փոշիացած կլինի Հայաստանի բարձր վարկը:

Հ.Գ. Ի դեպ, մեր հոդվածն ունեցավ մեկ դրական ազդեցություն. ՀՀ ԱԳ նախարարությունը թավշյա հեղափոխությունից երկու ամիս անց վերջապես արտաբերեց Նոր Հայաստան բառակապակցությունը: Հուսանք` նախարարի մակարդակով եւս նման խոսք կհնչեցվի: Այլապես, կարձանագրենք, որ սաբոտաժը շարունակվում է:

Արման Գալոյան




Լրահոս