ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ ՔԱՅՔԱՅՄԱՆ ԵԶՐԻՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարչուհիներ Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի` Գյումրիի տուն-թանգարան պատկերասրահը հայտնվել է քայքայման եզրին: Ու չնայած Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պատկերասրահի վերանորոգման համար խոստացել էր տրամադրել 100 միլիոն դրամ, սակայն նրա ինչպես նախորդ խոստումները, այնպես էլ այս մեկը գործի չվերածվեց:

«Շատ կարճ ժամանակահատվածում նախագիծ-նախահաշիվ ենք կազմել ու ուղարկել նախագահի աշխատակազմ: Գումարը կբավարարեր ոչ միայն վերանորոգման, այլեւ տեխնիկական վերազինման համար: 20 օրվա ընթացքում ծրագրային փաթեթը պատրաստեցինք, բայց մինչ օրս սպասում ենք»,- ասում է պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:
Գումարի շրջանակում նախատեսվում էր ջեռուցման համակարգի տեղադրում, կոյուղու, բակի վերականգնում, պատշգամբի նորոգում, ներքին հարդարման աշխատանքներ: Սակայն ամենակարեւորը պատկերասրահի տնօրենը համարում է դրենաժային համակարգի ստեղծումը, ինչը հնարավորություն կտար այսուհետեւ խուսափելու մշտապես առկա խոնավությունից. «2004 թվականին շենքը ամբողջովին վերանորոգվել էր Լինսի հիմնադրամով: Աշխատանքները մի շարք թերություններով են իրականացվել: Տեղադրվել են օդորակիչներ, որոնք սակայն համապատասխան ջերմաստիճան չեն ապահովել: Դրանք մեր եղանակային պայմաններին ու շենքային առանձնահատկություններին չեն համապատասխանում: Դրանց վրա գրված է, որ 5 աստիճանից ցածր ջերմաստիճանի դեպքում չեն տաքացնում: Այն որպես ջեռուցման համակարգ անպիտան է: 2005 թվականից Ասլամազյանների մշակութային ժառանգությունը վտանգված է: Արդեն 13 տարի պատկերասրահը չի ջեռուցվում»,-նշեց Վահագն Ղուկասյանը:
Բացի ջեռուցման համակարգից մշտապես առկա է ստորգետնյա ջրերի ու քյարիզների առկայության խնդիրը: Հենց դա է շենքի խոնավացման պատճառը: Շենքի բակով նաեւ հարեւան շենքերի կոյուղիներն են անցկացված: Հորդառատ անձրեւների ժամանակ պատկերասրահը ջրով է ողողվում. «2004 թվականին նորոգման ժամանակ ստոգետնյա ջրերի առկայությունը հաշվի չի առնվել: Մի շարք բացթողումներ են կատարվել: Չի լուծվել արտեզյան ջրերի խնդիրը: Այդ է պատճառը, որ ոչ մի վերանորոգում արդյունք չի տալիս: Խնդիր ունենք` կապված կոյուղաջրերի հետ: Բացի պատկերասրահի կոյուղուց շենքի գլխավոր մուտքի դիմացից անցնում է նաեւ հարեւան տների կոյուղիները: Յուրքանչյուր հորդառատ անձրեւին կոյուղաջրերը դուրս են տալիս»,- ասում է տնօերնը:
Պատկերասրահի գլխավոր խնդիրը պատշգամբի վիճակն է: Հին Գյումրվա կոլորիտով կառուցված փայտյա պատշգամբը վթարայնության առաջին աստիճան ունի: 2016 թվականից այն փակ է, չի շահագործվում: Թեթեւ ծանրության դեպքում էլ պատշգամբը կարող է փլվել: Նախկին նախագահի տրամադրած գումարի առյուծի բաժինը հենց պատշգամբի նորոգմանն էր ուղղվելու. «Պատշգամբը 150 տարվա պատմություն ունի: Պատմամշակութային ժառանգությունը կառուցապատելիս մի շատ կարեւոր հանգամանք հաշվի չի առնվել. պատշգամբով անձրեւաջրերի համար խողովակներ չեն անցկացվել: Արդյունքում պատշգամբը, անընդհատ լինելով անձրեւաջրերի հոսքի տակ, քայքայվել է ու հիմա փլուզման եզրին է: Յուրաքանչյուր վայրկյան խնդիրը կա: Մենք մեր կողմից փորձում ենք ապահովել, որ որեւէ մեկը ոտք չդնի, ու հավելյալ ծանրությունից պատշգամբը չփլվի»:
Մեր հարցմանն ի պատասխան` Գյումրու քաղաքապետը ներկայացրեց, որ ինքն էլ տեղյակ չէ` գումարը կլինի, թե ոչ. «Ասլամազյան պատկերասրահի գումարը կարծես չի լինում: Ես նոր ներդրող եմ գտել: Գնալու ենք` նայենք իրավիճակը: Առաջնային նախատեսում ենք պատշգամբը նորոգել: Թանգարանները շատ կարեւոր մշակութային մաս են կազմում մեր քաղաքում, հատկապես հիմա, երբ ուզում ենք տուրիզմը զարգացնել մեր քաղաքում»,- հավելեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրու բյուջեից էլ միջոցներ չեն տրամադրվում, արդյունքում խնդիրը գնալով խորանում է: Իսկ պատկերասրահը այն արժեքներից է, որով ներկայանում է Գյումրին աշխարհին:
Իսկ մինչ այդ, հիշեցնենք, «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահը գործում է 1987 թվականից: Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթեւաններին եւ վերաբացվել է 2004 թվականին:
Շենքը կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի` Քեշիշովների կողմից որպես իրենց բնակարան: Պատկերասրահի շենքը 19-րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է` իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական եւ ավանդական հայկական ճարտարապետության տարրերը, ձեւավորել է Գյումրուն բնորոշ սեւ տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով եւ փայտյա պատշգամբով:
19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ

 

 

 

ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը Հայաստանում շահագործում է Սոթքի հանքը եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաեւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, հաղորդում է այն մասին, որ Սոթքի հանքում արտադրությունը կանգ է առել:

Արտադրության կանգ առնելու պատճառը տեղի մի խումբ կողմնակի անձանց գործողություններն են: Մասնավորապես, մայիսի 17-18-ը, ինչպես նաեւ մայիսի 22-ից մինչեւ այսօր մի խումբ անձինք, իրենց գործողությունները մոտիվացնելով քաղաքական եւ ազգայնական լոզունգներով, փակել են դեպի հանք տանող ճանապարհները եւ տեխնիկայի մուտքը դեպի վառելիքաքսայուղային նյութերի կայան: Նրանք փակել են նաեւ Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղ տանող ճանապարհը, որով իրականացվում է հանքաքարի ամենօրյա փոխադրումը Սոթքի հանքից դեպի Արարատի ֆաբրիկա: Հանքաքարի արդյունահանման դադարեցումը իր հետ բերել է նաեւ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի պարապուրդ (Հարավ-կովկասյան երկաթուղին Ռուսական երկաթուղու դուստր ձեռնարկությունն է Հայաստանում), որն ապահովում է նրա հասույթի գրեթե կեսը: Ստեղծված իրավիճակում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը ստիպված է կանգնեցնել նաեւ արտադրությունը Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում: Արտադրության սաբոտաժի մասնակիցները առաջ են քաշում տարբեր ուլտիմատիվ ազգայնական պահանջներ եւ ընկերության ղեկավարությանը ու աշխատողներին ենթարկում շանտաժի, հնչեցնում սպառնալիքներ:
Սակայն բողոքողների իրական նպատակն այն է, որպեսզի «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունը թույլատրի նրանց մուտքը հանքի տարածք ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար: Ընկերության բնականոն աշխատանքին խանգարող իրավիճակը լուծելու վերաբերյալ Ընկերության բազմաթիվ դիմումները ՀՀ ոստիկանության վարչություն արդյունքներ չտվեցին: Ոստիկանությունը իր անգործությունը բացատրում է նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, եւ իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որեւէ բան ձեռնարկել:
Բողոքողների կողմից շանտաժի իրական արդյունքը իշխանության անգործության պայմաններում դարձավ ձեռնարկության աշխատանքի դադարեցումը, աշխատողների աշխատավարձերի կորուստը, իսկ պետության համար՝ շահույթի, օգտակար հանածոների արդյունահանման դիմաց վճարվող հարկերի, բոլոր մակարդակներում սոցիալական վճարների կորուստը, երկրում ներդրումային մթնոլորտի վատթարացումը:
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ 2007թ. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը սույն արտադրական կոմպլեքսը ձեռք բերեց աղետալի վիճակում, պետության եւ աշխատանքային կոլեկտիվի նկատմամբ ունեցած պարտքերով: Հայաստանում աշխատանքի 10 տարիների ընթացքում Ընկերությունը ձեռնարկության զարգացման եւ արդիականացման ուղղությամբ ներդրել է ավելի քան 505 միլիոն ԱՄՆ դոլար` դառնալով ՀՀ տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը: Արդյունքում այսօր ընկերության աշխատողների թիվը հասնում է 2000-ի, իսկ Հայաստանի բյուջե վճարվող հարկերը անցնում են 200 միլիոն ԱՄՆ դոլարը: Միայն 2017 թվականին «ԳեոՊրոՄայնինգը» պետական բյուջե է վճարել մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար եւ ընդգրկվել երկրի հինգ խոշոր հարկ վճարողների թվում:
«ԳեոՊրոՄայնինգը» անհանգստանում է իր աշխատողների ֆիզիկական անվտանգության վերաբերյալ հնչող սպառնալիքների համար եւ ՀՀ Կառավարությանը եւ ուժային կառույցներին կոչ է անում կանգնել` ի պաշտպանություն պետության եւ օտարերկրյա ներդրողների շահերի, որոնք տեղերում սոցիալական ծրագրեր են իրականացնում: Ընկերությունը պետության կողմից աջակցության հույս է հայտնում` ակնկալելով, որ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի արդյունաբերական ձեռնարկությունների կայուն, առանց խոչընդոտների աշխատանքը ապահովելու համար միջոցներ կձեռնարկվեն:




Լրահոս