Դեմ ըլլալով կրկին կողմ բոռացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ից նախատեսվում է կուտակային կենսաթոշակային համակարգը դարձնել պարտադիր: Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 78 կողմ, 2 դեմ եւ 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նիստին ներկա ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել` բացառությամբ նիստին ներկա Միհրան Պողոսյանի եւ Արթուր Գեւորգյանի: Երկու պատգամավորներն էլ դեմ էին քվեարկել: «Ծառուկյան» դաշինքից Գեւորգ Պետրոսյանը չի քվեարկել: Բայց «Ծառուկյան» խմբակցության՝ նիստին ներկա մյուս պատգամավորները, նաեւ «Ելք» խմբակցությունը ՀՀԿ-ի հետ համատեղ կողմ քվեարկեցին: ՀՅԴ-ն ամբողջությամբ ձեռնպահ էր: Եվ սա այն դեպքում, երբ Դաշնակցության ներկայացուցիչները մշտապես դեմ են հանդես եկել պարտադիր կուտակային համակարգին: Հունիսի 11-ի կառավարության նիստում այս հարցով անգամ բանավեճ եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի միջեւ:

Իսկ ՀՅԴ մեկ այլ ներկայացուցիչ` պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ասել էր, որ իրենք հասնելու են նրան, որ պարտադիր կուտակային բաղադրիչը հանվի: Ավելին` երեկ ՀՅԴ-ն հանդես է եկել ծավալուն վերլուծությամբ հիմնավորելու պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի անընդունելի լինելը: Միգուցե նրանք դեմ չքվեարկեցին, քանի որ Փաշինյանի կառավարության կազմում են եւ փորձել են գործընկերներին չնեղացնել: Բայց եթե, այնուամենայնիվ, ՀՅԴ-ն իրեն ինքնուրույն, խիստ սկզբունքային ուժ է համարում, ապա պետք է դեմ քվեարկեր կամ առնվազն չմասնակցեր քվեարկությանը:

Միաժամանակ, մեղմ ասած, անհասկանալի էր «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների կողմ քվեարկելը: Որքան էլ «Ծառուկյան» խմբակցություը փորձեց պարզաբանել, թե սկզբունքորեն դեմ են, բայց կողմ են քվեարկում հետագայում կառավարության հետ քննարկելու հեռանկարով, մինեւնույն է, մի տեսակ չընկալվեց: Չընկալվեց նաեւ «Ելք»-ի դիրքորոշումը, առավել եւս, երբ այդ խմբակցության պատգամավորների մի մասը հանրությանը հայտնի դարձավ հենց «Դեմ եմ» շարժումից պարտադիր կուտակային կենսաթոշային համակարգի դեմ պայքարի շրջանակներում:

Ավելի ընդունելի կլիներ, եթե նրանք խոստովանեին, որ կողմ են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Միաժամանակ, ընդունելի կլիներ, եթե քաղաքական ուժերն ազնիվ գտնվեին ու բացատրեին հանրությանը, որ այլեւս կուտակային կենսաթոշակային համակարգն անդառնալի է ու պետք է կիրառվի: Իսկ եթե դեմ են, ապա միգուցե ճիշտ կլինի նաեւ լքեն այն կառավարությունը, որը հիմա պաշտպանում է կուտակային կենսաթոշակային համակարգը:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս