Այսօր Միսաք Մեծարենցի հիշատակի օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ բանաստեղծ Միսաք Մեծարենցը ծնվել է 1886թ.-ին առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում (1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։

Գրել սկսել է 1901–ից։ 1903–ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն»: Աշակերտական տարիներին չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք` 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր տաղեր»։ Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։

Մ.Պեշիկթաշյանից և Պ.Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։

Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինր արբեցությամբ…»)։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»` Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին` «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» («Տո՛ւր ինձի, Տե՛ր…», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։ Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի հովերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»)։

Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավերի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։

Միսաք Մեծարենցը մահացել է 1908-ին թոքախտից:




Լրահոս