
«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, որ այսօր հրաժարականի դիմում է ներկայացնելու Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։ Այսօր Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն ընդունել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանին, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին, ովքեր հանդես էին գալիս նրա դեմ:
Նրանց հետ ունեցած հանդիպման ընթացքում մարզպետը քննարկել է վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Հավելենք, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն այսօր կքննարկվի Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում: