«Բարեգործության մասին» ՀՀ օրենքի ոդիսականը. կոմպրոմիսիա կա՞ր, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը: Այն նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել սահմանադրության պահանջներին: Վարչապետի որոշմամբ` ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որն էլ լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու: Սահմանվելու է, թե որ ծրագրերն են ենթակա բարեգործական որակմանը եւ կարող են որակվել որպես հարկային արտոնություններ ստացող:
Այս նախագիծը կառավարության եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ կոնֆլիկտի պատճառ դարձավ: Ի վերջո, «Ծառուկյան» խմբակցությունում այսօրինակ նախագիծն ընդունեցին որպես իրենց առաջնորդի դեմ քայլ, իրենց նետված մատահրավեր: Հատկապես նախագծի առաջին ընթերցման ժամանակ շատ էին կառավարության հասցեին խայթոցները, չնայած իրենք էլ են նույն այդ կառավարության մաս:

Երեկ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենց մտահոգությունները` նախագծի հետ կապված, քննարկումներ եղել են, և դրանք հանված են։ «Կոմպրոմիսը գտնված է, և «Ծառուկյան» դաշինքը քվեարկում է կողմ», – ասաց Զոհրաբյանը։
Միայն թե վարչապետի խոսնակ Արման Եղոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հակառակն է պնդել.«Օրենքն ընդունվել է հենց այն բովանդակային իմաստով, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե: Համենայնդեպս, կառավարությունը որեւէ կոմպրոմիսի չի գնացել, որովհետեւ նման կոմպրոմիսի կարիք չի տեսել»:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Նաիրա Զոհրաբյանի հետ պարզելու համար, թե ինչ կոմպրոմիսի մասին է խոսքը, եթե վարչապետի խոսնակը հերքում է այդ հանգամանքը: «Ես պնդում եմ իմ ասածը: Այն դեպքում, երբ ցանկանում ես հարկային կամ որեւէ այլ արտոնություն կամ պարգեւատրում բարեգործության համար, այդ հատվածը նախկինում կառավարության որոշմամբ էր կարգավորվում, հիմա ներառվել է օրենքում: Այդ իսկ պատճառով մենք քվեարկել ենք կողմ: Սա մեզ համար կոմպրոմիս է, եւ հորդորում եմ հարգարժան խոսնակին կոմպրոմիս բառից չանհանգստանալ եւ հատուկ ընդգծված հայտարարություններ չանել: Ի վերջո, սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ենթադրում է նաեւ կոմպրոմիսներ»:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս