Խաչիկ Ասրյանը պատրա՞ստ է Սերժ Սարգսյանի համար լինել դժոխքի դարպասների պահակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 23-ին կկայանա ,Հայոց արծիվներ. Միասնական Հայաստանե կուսակցության համագումարը: Հիմնադիրը Սպորտի եւ երիտասարդության հարցրերի նախկին փոխնախարար, նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Ասրյանն է, որը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո լքեց կուսակցությունը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հենց Խաչիկ Ասրյանի հետ:

-Պարո՛ն Ասրյան, Հայաստանում կա մոտ 8 տասնյակ կուսակցություն: Եվս մեկը բացելով` Դուք ի՞նչ խնդիր եք լուծում:

-Այո՛, Հայաստանում 70-ից ավելի կուսակցություններ կան, բայց ինձ երբեք այդ թիվը չի հետաքրքրել եւ չի հետաքրքրում: ,Հայոց արծիվներե-ն իր անցած 15 տարվա գործունեության արդյունքում 1500 միջոցառումների տեսքով հայ ժողովրդի արյան մեջ եւ սրտում շատ մեծ, օգտակար, դրական ազդեցություն է ունեցել: Եվ երբ սույն թվականի ապրիլի 23-ից, իմ խորին համոզմամբ, Հայաստանում սկիզբ առավ քաղաքական նոր ժամանակաշրջան, ժողովի որոշմամբ մենք ստեղծեցինք «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որի առաքելությունը հայապահպանությունն է, հայ ժողովրդի եւ հայոց պետականության անվտանգությունը:

-Երբ «Հայոց արծիվներ» ՀԿ-ն հիմնում էիք, այդ ժամանակվանի՞ց էիք մտադիր կուսակցություն դարձնել, թե՞ հետո որոշվեց:

-Կուսակցություն ստեղծելու գաղափարն ինձ մոտ ծնվել է երեւի վերջին 5 տարիների ընթացքում: Պարզապես լավագույն ժամանակը հենց սա էր:

-Իսկ ինչո՞ւ 5 տարի առաջ չէիք հիմնում, երբ Սերժ Սարգսյանն էր դեռեւս երկրի նախագահը:

-Բացառվում է, որ Ս. Սարգսյանի նախագահ եղած ժամանակ ես դուրս գայի փոխնախարարի պաշտոնից, ՀՀԿ-ից դուրս գայի եւ Ս. Սարգսյանի դեմ քայլ անեի: Իսկ այդ ժամանակ կնշանակեր այդպես: Ոչ մի պատճառաբանություն իմ կողմից չէր կարող արդարացնել,եթե ես 5 տարի առաջ այդ քայլն անեի: Երբ ապրիլի 23-ին Հայաստանի 3-րդ նախագահ Ս. Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց եւ ինքնակամ հեռացավ պետական համակարգից, դրանից հետո է իմ կողմից բարոյական «Հայոց արծիվներ»-ը կուսակցություն դարձնել եւ ինքնուրույն մասնակցել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին: Խնդիրն այստեղ զուտ բարոյականության մեջ է:

-Այսինքն` եթե այն ժամանակ կուսակցություն բացեիք, դա Սերժ Սարգսյանի նկատմամբ անբարո՞ քայլ կլիներ:

-Իհարկե: Իմ կողմից եւ «Հայոց արծիվներ»-ի կողմից դա բացասական կանդրադառնար ամեն ինչի վրա:

-Որքանով տեղյակ ենք, Ձեր ՀԿ-ն ֆինանսավորվում էր երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանի կողմից: Իսկ հիմա ո՞վ է ֆինանսավորում:

-Բացառվում է, որ երջանկահիշատակ Լեւոն Հայրապետյանը «Հայոց արծիվներ»-ին ֆինանսավորեր: Հայրապետյանը համագործակցել է 7 միջոցառումներ Ազգային բանակի տարբեր զորամասերում կազմակերպելու հարցում եւ թվով 600 օդամղիչ հրացաններ իր կողմից գնելու եւ դպրոցներին աջակցելու: Համարենք, որ 8, 9 միջոցառման է մասնակցել Լ. Հայրապետյանը, իսկ «Հայոց արծիվներ»-ն, ինչպես նշեցի, 1500 միջոցառում է կազմակերպել:

-Իսկ նոր կուսակցության համար միջոցներ որտեղի՞ց եք գտնելու:

-Առայժմ ես ժամանակ չունեմ մտածելու կուսակցության հզորացման համար միջոցներ հայթայթելու մասին: Բայց կոնկրետ մեր համագումարը մենք լրիվ մեր ուժերով ենք կազմակերպում. 3-3,5 մլն դրամ ենք ծախսել այս պահին:

-ՀՀԿ-ն ի՞նչ կապ ունի Ձեր կուսակցության հետ:

-Ոչ մի կապ: Իհարկե, մենք հրավիրել ենք Հայաստանում գործող բոլոր կուսակցությունների ղեկավարներին, երեք նախագահներին եւ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին: Ոչ մի կապ Հանրապետական կուսակցությունը չունի եւ չի կարող ունենալ մեր կուսակցության ոչ հիմնադրման, ոչ էլ` գործունեության հետ:

-Իսկ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ի՞նչ կապ ունի:

-Ոչ մի կապ չունի: Սուրիկ Խաչատրյանի հետ ես տարիներ ի վեր ոչ մի շփում չունեմ. տեսած տեղը բարեւում ենք ու վերջ, այսինքն` այնպիսի հարաբերություններ են, ինչպիսին միշտ եղել է:

-Խնդիրնե՞ր կան, որ այդքանով շփումն ավարտվում է:

-Ոչ մի խնդիր: Որպես սյունեցի, ես ու Սուրիկ Խաչատրյանը ծնունդով գորիսեցի ենք, տեսած տեղն իրար բարեւում ենք ու վերջ:

-Ավելի շատ ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ եք լինելու:

-Այդ բառերն ինձ համար մերժելի են, քանի որ ինքս հայածին եմ, հայակենտրոն եմ: Մեր արտաքին քաղաքականությունն ուղղելու ենք ռազմավարական, քրիստոնյա ռուս ժողովրդի, ասել է թե` Ռուսաստանի հետ, հատկապես` ՀԱՊԿ-ի դերն ավելի ուժեղացնելու մեր հարաբերությունների մեջ: Իսկ սա չի նշանակում ռուսամետություն, պարզապես ցանկացած կուսակցություն պետք է կողմնորոշվի` արտաքին ինչպիսի քաղաքականություն է ունենալու:

-Իսկ ինչպե՞ս ընդունեցիք Ս. Սարգսյանի հրաժարականը:

-Շատ ցավոտ: Անսպասելի եւ շատ ցավոտ: Ոչ միայն ես չէի սպասում, այլ ոչ ոք չէր սպասում:

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ բավական մեծ թվով քաղաքացիներ դուրս եկան փողոց եւ մերժում էին Ս. Սարգսյանին ու ՀՀԿ-ին:

-Եթե նման հոծ բազմություն դուրս եկավ եւ մերժեց, նշանակում է` իրոք, խնդիրներ եղել են: Բայց այնպես չի, որ այդ խնդիրներն այս պահին արդեն լուծվել են: Խնդիրներ միշտ էլ լինելու են, պարզապես պետք է օրվա 24 ժամը ջանք ու եռանդ չխնայել դրանց լուծման համար:

-Ս. Սարգսյանի հրաժարականի օրը տոնախմբություն էր հանրապետությունում: Սա ինչպե՞ս ընդունեցիք:

-Համազգային տոնախմբություն չի կարող լինել, պարզապես մարդիկ փորձում էին ուրախանալ եւ ուրախացան:

-Շամպայնով փողոցներում նշում էին մարդիկ:

-Ես շամպայն, ոչ մի բան չեմ տեսել:

-Այնուամենայնիվ, ինչո՞ւ դուրս եկաք ՀՀԿ-ից: Ս. Սարգսյանն այլեւս Ձեր առաջնո՞րդը չէ: Նա շարունակում է ՀՀԿ նախագահը լինել:

-Գիտեմ: Բայց դա արդեն իմ եւ կազմակերպության գործունեության հետ էլ որեւէ կապ չունի: Մենք արդեն որոշում ենք կայացրել, եւ դա նշանակում է, որ այսուհետ մենք էլ որեւէ մեկի հետ ոչ մի կապ չունենք: Եթե Ս. Սարգսյանը հրաժարական չտար, մենք կուսակցություն չէինք բացի:

-Այսինքն` միայն հանուն Սարգսյանի՞ էիք ՀՀԿ-ում մնում:

-Ոչ միայն հանուն Ս. Սարգսյանի: Ես ՀՀԿ-ում 2003 թ. էի լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հորդորով: Ես ՀՀԿ-ական եմ բացառապես գաղափարական առումով եւ հիմա իմ գաղափարաբանությունը տանում եմ առանձին:

-Ժամանակին Դուք ասում էիք, որ պատրաստ եք դժոխքի դարպասների պահակը լինել Ս. Սարգսյանի համար:

-Այստեղ մենք խոսում ենք արժեքների մասին: Առաջնորդապաշտությունը երբեք չխառնեք անձնապաշտության հետ: Ես «Հայոց արծիվները» հիմնել եմ 2010 թ., իսկ այդ ժամանակ նախագահը Ս. Սարգսյանն էր: Ինչ վերաբերում է նրան, որ ասել եմ, պատրաստ եմ ցանկացած հրաման կատարելու, այդ թվում` լինելու դժոխքի դարպասնեերի պահակը, իհարկե դրսի կողմից, շեշտում եմ: Այսօր էլ եմ ես պատրաստ նույնն ասելու իմ պետության եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

-Հիմա երկրի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է: Հիմա էլ իրե՞ն պետք է պաշտել:

-Չենք կարող ասել, որ առաջնորդը Ն. Փաշինյանն է, քանի որ Հայաստանում գործում է ՀՀ նախագահը: Իհարկե, Ն. Փաշինյանը բավական լուրջ լծակներ ունի, բայց մի՛ մոռացեք, որ ունենք նոր նախագահ:

-Իսկ Ս. Սարգսյանի հետ կապը պահո՞ւմ եք:

-Ո՛չ: Ս. Սարգսյանին վերջին անգամ հանդիպել եմ 2017 թ. փետրվարի 7-ին:

-Իսկ գեներալ Մանվել Գրիգորյանի դեպքն ինչպե՞ս եք գնահատում:

-Չեմ բացառում անմեղության կանխավարկածը, բայց միաժամանակ` երեւույթն ազգային խայտառակություն է եւ խիստ դատապարտելի: Բանակից գողանալու հարցում տեսակետ չպիտի լինի, դա պետք է խստագույնս պատժվի: Ինչպե՞ս կարող է բանակից հայ մարդը գողություն անի: Դա նշանակում է` ինքն իր ընտանիքից է գողություն անում, իր զավակներից: Իսկ դա աններելի է, անթույլատրելի: Եվ օրենքի ողջ խստությամբ պետք է նա կամ նրանք դատապարտվեն: Ուրիշ ձեւ չկա:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս