ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ ազնվության վրա կասկածողներն Աստծո առջև են կանգնելու. Տիգրան Ուրիխանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել է, որ հունիսի 17-ին տեղի է ունեցել «Ալյանս» կուսակցության համագումարը, որին մասնակցում էին Գյումրու կառույցի ներկայացուցիչները, մի շարք կուսակցականներ: Միջոցառմանը բաց քվեարկությամբ Ալյանսը միացավ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը: Հատկանշական է, որ Ալյանսի հիմնադիր, ինչպես նաեւ` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներկա չէր: «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 18-ին փորձել է Որիխանյանից պարզել այս եւ այլ հարցերի պատասխանը:

-Պարոն Ուրիխանյան, Դուք ինչո՞ւ ներկա չէիք «Ալյանս» կուսակցության համագումարին, որ տեղի ունեցավ հունիսի 17-ին:

-«Ալյանս»-ի համագումար տեղի չի ունեցել:

-Ասում են, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը 60 մլն դրամ է Ձեզ տրամադրել` ընտրություններին Գյումրիում կազմակերպչական աշխատանքների համար, սակայն Դուք գումարի մեծ մասը յուրացրել եք եւ միայն մի փոքր հատվածը ծախսել:

-Ուրեմն, այդ ասում են-ը քրեական օրենսգրքում համապատասխան ձեւակերպում ունի: Ասելու համար էլ է հասնում քրեական պատիժ, յուրացումներ անելու համար էլ: Առաջարկում եմ զգույշ լինել: Ինֆորմացիայի տարածման դարում նախընտրական շրջանում շատ ենք լսելու ինքներս մեր հանցագործությունների, մահացության եւ այլ աներեւակայելի բաների մասին:

-Մեզ հետ զրույցում «Ալյանս» կուսակցության համար Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ աշխատած, բուկլետներ բաժանած ամուսինները պնդում էին, որ Դուք իրենց խոստացել եք գումար վճարել, սակայն այդպես էլ չեք վճարել: Վերջիններս մի կերպ 10.000 դրամ են կարողացել կուսակցության ղեկավար կազմից ստանալ:

-Բուկլետները բաժանում են հանուն գաղափարի, կուսակցական գործի, հայրենիքի եւ ծրագրերի:

-Անվճա՞ր:

-Օրենքով սահմանված կարգով այո, հասարակական աշխատանքը հանուն գաղափարի անում են անվճար, ինչպես օրինակ ես եմ անում: Իսկ եթե ունեցել են շտաբի պետ, որը խարդախության համար հիմա կրում է ազատազրկում, կարող են դիմել իրեն:

-Այդ անձինք ասում են, որ Դուք 120.000 դրամ գումար եք խոստացել իրենց, սակայն չեք տվել:

-Ոստիկանությունը կպարզի այդ հարցերը: Ոստիկանությունը ստացել է արդեն համապատասխան գրություն բոլոր այդ անձանց գործողություններում շորթման քողարկված կամ իրական երեւույթի առկայությունը պարզելու, ապօրինի դրամական պահանջներ ներկայացնելու եւ այլ հանցակազմ պարունակող դեպքերի առթիվ:

-Դուք այդ համատեքստում մտավախություն չունեք:

– Ազատեք ինձ այդպիսի հարցերից: Իմ ազնվության վրա կասկածողներն Աստծո առջեւ են կանգնելու:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս