ՊՆ-ում հայտնաբերված չարաշահումների հետքերով. Սեյրան Օհանյանին կպատժե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով: Ինչպես հայտնի է, Պետական եկամուտների կոմիտեն մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ 2014-ից 2017-ի ընթացքում Պաշտպանության նախարարությունում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի, որոնցից մեկը ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանն է: Ի դեպ, ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջինս ՊԵԿ քննիչներին ցուցմունք է տվել, որ տարիներ առաջ անձամբ է բացահայտել այս պատմությունը եւ խնդրի մասին տեղյակ պահել իր վերադասներին:

Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը երեկ` կառավարության նիստից հետո, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից փորձեց տեղեկանալ, թե վերոնշյալ գործով մեղադրյալները բավականին ուշագրավ ցուցմունքներ են տվել, որ իրենք անձամբ են տարիներ առաջ այս ամենը բացահայտել եւ խնդրի մասին տեղյակ պահել իրենց վերադասներին, սակայն այս ամենից հետո իրենք են հայտնվել մեղադրյալի աթոռին:

– Պարոն Անանյան, մեղադրյալ Աշոտ Գրիգորյանը քննիչներին ցուցմուք է տվել եւ հայտնել, որ ինքն է անձամբ այս ամենը բացահայտել եւ ներկայացրել իրենց վերադասներին, սակայն չնայած ցուցմունքին` նա հայտնվել է մեղադրյալի աթոռին:

-Հնարավոր է, որ նա այդպիսի բան ասած լինի, ես գործի հետ կապված որեւէ բացահայտում անելու իրավասություն չունեմ այս պահին, քանի որ ցանկացած անձ, որ այս պահին ներգրավված է քննության մեջ եւ ինչ-որ հայտարարություններ է արել, իր հայտարարությունները եւս հանդիսանում են քննության առարկա: Այսինքն` այդ հայտարարությունների վերաբերյալ քննչական գործողություններ են ընթանում, հետեւաբար ես չեմ կարող ասել, թե այդ հայտարարությունը արժանահավատ է, թե արժանահավատ չէ: Այսինքն` մենք պետք է հիմա համբերատար սպասենք` քննությունը ավարտվի, եւ քննության արդյունքներով ինչ-որ առաջդրվի հանրությանը, կիրազեկենք:

-Հաշվի առնելով ցուցմունքը, որ գործով մեղադրյալները չարաշահումների մասին տեղյակ են պահել իրենց վերադասներին` հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհնայնը ինքն անձամբ հայտնեց, որ իրեն հարցաքննել են, տեղեկություններ կան, թե չի բացառվում, որ ՊՆ նախկին նախարարին այս գործով պատասխանատվության կանչեն, ի՞նչ կասեք այս մասին:

-Որակումներ կամ կարգավիճակի փոփոխություններ, դրանց առումով ես որեւէ հայտարարություն այս պահին չեմ կարող անել:

Քնար Մանուկյան




Լրահոս