Ովքեր են Մանվելի Գրիգորյանի հակառակորդները. ԵԿՄ-ում կռիվ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրապահ Կամավորական Միության նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այդ կառույցի շուրջ պայքարը շարունակվում է: Այս օրերին ակտիվացել են ազատամարտիկների տարբեր միությունների անդամներ, ովքեր ցանկանում են միությունն իրենցով անել: Ընդ որում` խոսքն այնպիսի ազատամարտիկների մասին է, ովքեր տարբեր տարիներին դադարեցրել են ԵԿՄ անդամակցությունը կամ այրել են կամուրջները հենց Մանվել Գրիգորյանի պատճառով: Ու հիմա կարծես թե եկել է վրեժխնդիր լինելու եւ այդ կառույցն էլ Գրիգորյանի ձեռքից վերցնելու իսկական ժամանակը:

Խոսքը «Ազատամարտիկների դաշինք»-ի մասին է, որն այն ժամանակ ստեղծել էին մի խումբ ազատամարտիկեր՝ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի գլխավորությամբ: Նրանք Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ակտիվ հանդիպումների մեջ էին, եւ այն, կարծես թե, ունեցավ այնպիսի հանգուցալուծում, որը հենց նրանց սրտով է:


Երեկ ԵԿՄ գլխավոր մասնաշենքում տեղի ունեցավ ԵԿՄ անդամների նիստը, որին մասնակցում էին նաեւ ոչ ԵԿՄ անդամ հանդիսացող ազատամարտիկները` Ռազմիկ Պետրոսյան, Ռուստամ Գասպարյան, Գագիկ Մելքոնյան, Մյասնիկ Մալխասյան (ԵԿՄ նախկին փոխնախագահ), Սմբատ Հակոբյան եւ այլք: Հենց այս մարդիկ տարիներ շարունակ ոչ մի շփում չեն ունեցել Մանվել Գրիգորյանի հետ:
Երեկ ազատամարտիկների միջեւ քննարկումները բավական լարված էին եւ երկարատեւ:

Ակնհայտ է, որ շատ հարցերում կան սկզբունքային տարաձայնություններ, լարվածություններ: Եվ սա բնական է, ի վերջո, հավաքվել են տարբեր ազատամարտիկներ, տարբեր խառնվածքներ: Եվ առաջին հերթին հակասությունը վերաբերում է ԵԿՄ-ի հետագա կառուցվածքին: Բանն այն է, որ «Ազատամարտիկերի դաշինք»-ի անդամները ԵԿՄ-ի հետագա գործունեությունը տեսնում են վարչության տեսքով, ինչպես հենց իրենց մոտ է, իսկ ահա ԵԿՄ-ի գործող անդամները, նաեւ փոխնախագահներ Ղուկաս Ուլիխանյանն ու Համլետ Հայրապետյանն այլ կարծիք ունեն: Վերջիններս կարծում են, թե ԵԿՄ-ն պետք է նախագահ ունենա, այլ ոչ թե միայն վարչություն:

Հենց այս հանգամանքն էլ երեկ բուռն քննարկման առարկա է դարձել: Սակայն մյուս կողմից բոլորն էլ հասկանում են, որ դժվար կլինի գտնել մի մարդու, ով կունենա բոլոր ազատամարտիկների անվերապահ աջակցությունը եւ կդառնա ԵԿՄ նախագահ: Եվ մինչ ազատամարտիկների միջեւ սկզբունքային տարաձայնությունները շարունակվում են, երեկ որոշում կայացվեց հունիսի 24-ի անցկացնել ԵԿՄ ընդլայնված նիստ, որի ժամանակ կկասեցվեն Մանվել Գրիգորյանի լիազորությունները, եւ կորոշվի արտահերթ համագումարի հարցը: Իսկ մինչ այդ էլ կառույցի նախագահի պարտականությունները կկատարեն հենց փոխնախագահները:

Այն հանգամանքը, որ ԵԿՄ գործող անդամները չեն ցանկանում առանց նախագահ մնալ, պարզ է դառնում նաեւ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանի խոսքերից: Մասնավորապես, նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծես ուղերձ հղեց Ալբերտ Բազեյանին, Արամ Սարգսյանին եւ Սասուն Միքայելյանին, որ իրենք եւս գան եւ մասնակցեն քննարկումներին` անուղղակի հասկացնելով, որ հենց նրանցից մեկին են տեսնում հետագա ղեկավարի պաշտոնում:

Հետաքրքիր է, որ ԵԿՄ-ում այնքան էլ լավ չի ընդունվել «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամների կամ Ռուստամ Գասպարյանի կամ իր թիմի միանալը: Գործող ԵԿՄ-ականները կարծում են, թե վերջիններս անձնական ամբիցիաներ են առաջ տանում` «առաջ ուր էին», «դե կարող էին, թող Մանվելի ժամանակ գային» եւ այլ այդպիսի փաստարկներ բերելով: Ընդ որում` երկրապահներին հատկապես վիրավորում է այն հանգամանքը, որ իրենց նոր միացածները փորձում են տարբերակում դնել` ասելով, թե լավագույն մարդկանցից շատերը դուրս են եկել ԵԿՄ-ից: Այս արտահայտությունը երեկ եւս վեճի առիթ է դարձել եւ հանգեցրել նրան, որ գործող ԵԿՄ-ներից մի քանիսը ցուցադրաբար սենյակից դուրս են եկել` ասելով, թե հենց ԵԿՄ-ում են լավերը մնացել:

Փաստ է մեկ բան` ԵԿՄ-ի համար եւս լավ օրեր չեն սկսվել, եւ այստեղ եւս Մանվել Գրիգորյանից տարբեր առիթներով նեղացածներն են փորձելու շահած դուրս գալ:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս