Արցախում հակառակորդին հետ մղած և վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում 2015 թվականի մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակումը հերոսաբար հետ մղած, սակայն վիրավորված Գոռ Դարմանյանն աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաստատեցին, որ Գոռ Դարմանյանը կաշխատի իրավաբանական վարչությունում` որպես ավագ փորձագետ:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս ֆեյսբուքի էջում անդրադարձել է Գոռի նշանակմանը՝ գրելով, որ մոտ մեկ ամիս առաջ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցի ընթացքում կոչ է արել, որպեսզի տարբեր կառույցներ աշխատանքի ընդունեն վիրավոր տղաներին:

«Գոռն այն տղաներից է, ում համար կարելի է շռայլել ՀԵՐՈՍ կոչումը: Գոռը ջախջախեց թշնամուն, հաղթեց առողջական խնդիրներն ու չնայած բազմաթիվ վիրավորումների՝ անցավ աշխատանքի: Օրինակելի վերաբերմունք հերոս տղաներին: Նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ սա առաջին աշխատատեղն է, փորձելու է այլ վիրավոր տղաների էլ աշխատանքի ընդունել»,-գրել է Մուրադյանը՝ հերոսին մաղթելով աշխատանքային հաջողություններ:

2015 թվականի մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմանում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում: Հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են: Վիրավորված զինծառայողներից Սամվել Հակոբյանը մարտի 26-ին հոսպիտալում մահացել է: Նշված օրը վիրավորում էր ստացել նաև Գոռ Դարմանյանը:




Լրահոս