Հանրապետական նախկին պատգամավոր, «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանը գոհ է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատանքից։ «Ազատության» հետ զրույցում Մովսիսյանն ասաց, որ իրեն տարել են ԱԱԾ օրենքի տառին համապատասխան։
«Ազգային անվտանգությունը ներխուժեց մեր բնակարան՝ իրենց ամեն ինչով։ Որտեղ ինչ ունեի, օրենքի տառին համապատասխան ստուգեցին։ Այնտեղ կային օրինական միավորներ՝ իմ ատրճանակները։ Մի հատ անօրինական բան չեն արել, շատ շնորհքով ներխուժել են, ոչ մի երեխա նաև չի վախեցել տանը։ Հարցրել են աղջկաս՝ «զենք կա՞ տանը», ասել է՝ «այո՝ հենա սեյֆի մեջ դրած»։ Ես տանը չեմ եղել, ինձ կանչել են, պանիխիդա էի։ Օրենքի տառին համապատասխան ստուգել են», – ասաց Մովսիսյանը՝ շարունակելով. – «Ես շատ շնորհակալ եմ Ազգային անվտանգությունից, նախկինում նման բան չի եղել, վայրագություններ է այն ժամանակ եղել, իմ ողորմածիկ եղբոր տանը բերին զենք գցին, թուղթ գցին։ Ես օրինականից բացի ինչ ունեցել եմ, տարել, հանձնել եմ, ոչ մի միավոր չեմ թողել, ես շատ շնորհակալ եմ մեր այս կառույցից, որ օրենքի տառին համապատասխան արել են»։