«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են դիմել ԵՊԲՀ ստոմատոլոգայի ամբիոնի մի խումբ պրոֆեսորներ` բողոքելով, որ իրենց բուհի աշխատակից, միեւնույն ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանը տարբեր մեթոդներով պարբերաբար խնդիրներ է առաջացնում կոլեկտիվում: Քյալյանի ժամանակ դեկանից հեռացված, իսկ այսօր պատգամավորի աթոռին հայտնված տիկինը որոշել է ամբողջ գերդաստանով խոր արմատներ քցել ԵՊԲՀ-ում և այդ նպատակին հասնելու համար դիմում է ոչ այդքան ազնիվ մեթոդների, օրինակ, կարելի է ասել, որ սպառնում է բոլորին` ասելով, որ իր պահանջների կատարումը պետք է ապահովվի, քանի որ նա ունի Ծառուկյանի դաբրոն:
Պատգամավորի որդին այս բուհում է աշխատում, դուստրը նույնպես: Բայց երևի թե այս ամենը չի բավարարում ԲՀԿ-ական պատգամավորին, և նա, հաշվի առնելով երկրում տեղի ունեցած փոփոխությունները, փորձում է օգուտներ քաղել ու, մեղմ ասած, ոչ ադքան արդար ճանապարհներով: Ըստ մեր աղբյուրների` պատգամավորուհին ջանքեր է գործադրում իր 30 տարեկան որդուն ամբիոնի վարիչի պաշտոնին նշանակելու համար:
Բանը հասել է նրան, որ երկարամյա փորձ ու վաստակ ունեցող ստամատոլոգները որոշել են բաց նամակ գրել ռեկտորին, առողջապահության նախարարին, միևնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի ի վերջո կարգի հրավիրեն տիկնոջը, որը կարծես թե դառնում է «անտանելի»:
Միայն թե անձամբ պատգամավորը փորձում է հերքել այս լուրերը. «Ուրեմն նրանք ստացել են ինֆորմացիա, քանի որ ես արդեն երկու շաբաթ առաջ իմ վերադասին` պրոռեկտորներին, զգուշացրել եմ, որ անարդարություն է ամբիոնում, գնում է ճնշում, եւ ես պետք է արդեն դիմեմ համապատասխան գերատեսչությանը: Մինչ այդ էլ երկու շաբաթ առաջ ես մոտեցել եմ նախարարին եւ ասել եմ , որ խնդիր կա, ճնշում կա իմ որդու նկատմամբ: Ինքը ինձ ասաց, որ գրավոր կբացատրեք , իմ սխալն այն է, որ ես գրավորը ուշացրեցի»:
Որդուն ամբիոնի վարիչ դարձնելու մասին հարցին էլ պատասխանեց, թե «Ուրեմն մեզ մոտ մրցույթ էր, ընդհանրապես, եթե ես էլ ուզենայի ամբիոնի վարիչ դառնալ, դեռ կրթության նոր օրենքը չկա, ես կարող էի դիմել, եւ համոզված եղեք, որ ես իմ հեղինակությամբ կանցնեի ամբիոնի վարիչի պաշտոնին: Եթե ես նման նպատակ ունենայի, իմ տղան կտար, մրցույթին կմասնացեր, իմ տղան ամբիոնի վարիչի մրցույթին գործերը չի տվել, մասնակցությունը չի տվել, ինքը մրցույթին մասնակցել է թափուր պաշտոնի տեղին, ինչի մասին է խոսքը…:
Ես շատ լավ գիտեմ, բոլորին էլ լավ ճանաչում եմ, մեր խոհանոցն էլ լավ գիտեմ, ամեն ինչն էլ կբացվի եւ չեմ վախենում, վերջապես թող արդարությունը գա ջրի երես: Այն նախկին ռեժիմին հավակնողները եւ հաճոյացողները, թող հիմա դիմակ չհագնեն ու չասեն, որ ես թավշյա հեղափոխություն եմ օգտագործում եւ այլն եւ այլն, Գագիկ Ծառուկյանի անունն եմ տալիս , թող ամաչեն »:
Քնար Մանուկյան