«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացվեց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: ՈՒ տեւական ժամանակ Սերժ Սարգսյանի իշխանությունը ՀՀ քրեական օրենսգրքում արված այդ փոփոխությունները հատկապես միջազգային հարթակներում ներկայացնում էր որպես կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի ուղղությամբ քաղաքական կամքի մասին ապացույց: Միայն թե, հակառակ այդ հայտարարություններին, Սերժ Սարգսյանի իշխանությունն այդպես էլ որեւէ մեկի նկատմամբ այդ հոդվածով քրեական գործ չհարուցեց: Փոխարենը ապօրինի հարստացման համար առաջին քրեական գործը հարուցվեց թավշյա հեղափոխությունից հետո, եւ հարուցվեց հենց Սերժ Սարգսյանի ամենամերձավոր անձանցից մեկի՝ Վաչագան Ղազարյանի դեմ: Վերջինս, հիշեցնենք, ՊՊԾ պետի նախկին առաջին տեղակալն էր: Նա մշտապես եւ ամենուր Սերժ Սարգսյանին ուղեկցել է դեռ նրա՝ պաշտպանության նախարար աշխատած տարիներից:
Եւ ահա երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ փաստացի Ղազարյանին պատկանող «Յանս» ակումբում կատարված խուզարկությունների արդյունքում քրեական գործ է հարուցվել հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու, ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ:
Ըստ ՔԿ-ի` Ղազարյանի կինը հանդիսանում է նաեւ «Յանս» ակումբի, «Սելենա» ՍՊԸ փաստացի սեփականատերը, բայց այդ մասին բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Վ.Ղազարյանը օրենքով սահմանված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նաեւ խուզարկություններ են կատարվել Վաչագան Ղազարյանի տանը, որտեղից բավական մեծ գումար էր հայտնաբերվել` 35 մլն դրամ, ավելի քան 1 մլն դոլար, 230.500 եվրո, թանկարժեք ժամացույցներ ու մեքենաներ: Բայց խուզարկությամբ հայտնաբերված առանձնապես խոշոր չափի միջոցների ու թանկարժեք իրերի վերաբերյալ Ղազարյանի եւ նրա կնոջ հայտարարագրերում բացակայել են նշումներ»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: