Ինչ փոփոխություններ կլինեն Ընտրական օրենսգրքում. աշխատանքային խումբը պատրաստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որի համաձայն կստեղծվի վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Որոշման համաձայն` մշակվելու եւ վարչապետին է ներկայացվելու ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը, ապահովվելու է հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկումը:

Հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ քարտուղարը լինելու է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Վերջինս, ինչպես հայտնի է, այս օրերին զբաղված էր Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, մշակելու աշխատանքով: Իսկ Արարատ Միրզոյանին վարչապետի կողմից լիազորություն է տրված ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկումներ կազմակերպել Ազգային ժողովում ներկայացված, ինչպես նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներգրավել նրանց հանձնաժողովի աշխատանքներում:

Հայտարարություն տարածվեց նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի անունից: Ասվում էր, որ ԱԺ-ում ներկայացված 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ ԸՕ փոփոխությունների շուրջ, ձեւավորել աշխատանքային խումբ: Քննարկումներին յուրաքանչյուր խմբակցությունից մասնակցելու է երեքական պատգամավոր: ՀՀԿ-ից նրանք են լինելու Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը եւ Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Գեւորգ Պետրոսյանը, «Ելք»-ից` Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը եւ Գրիգորի Դոխոյանը, իսկ ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը եւ Լուսինե Հովհաննիսյանը: Նշենք, որ հավանաբար եկող շաբաթ կսկսվի ԸՕ առաջին նախագծի շուրջ քննարկումը: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը Դանիել Իոաննիսյանից պարզել է ԸՕ-ում կատարված փոփոխությունների վերաբերյալ մանրամասները եւ այլ հարցեր:

-Պարոն Իոաննիսյան, Ընտրական օրենսգրքի շուրջ ի՞նչ կերպ են քննարկումներն ընթանալու, երբ կառավարության կողմից մի աշխատանքային խումբ է ստեղծվում, իսկ ԱԺ խմբակցությունների կողմից` մեկ այլ:

-Ես կարծում եմ, որ իրենք քննարկելու են մեր առաջարկած նախագիծը:

-ԱԺ հայտարարության մեջ նշված է, որ խումբը պատրաստակամ է համագործակցել կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ:

-Իհարկե: Նախ խորհրդարանն ընդունող մարմին է, երկրորդը` խորհրդարանը ցանկանում է համագործակցել, եւ կառավարությունն ուզի, չուզի` պետք է համագործակցի: Բայց պետք է ասեմ, որ Ընտրական օրենսգրքի նախագծում անգամ մեկ տառ գրելուց առաջ մենք քննարկումների ենք կանչել բոլոր հիմնական դերակատարներին, քիչ թե շատ ծանրակշիռ կուսակցություններին:

-Սակայն ՀՀԿ-ն այդպես էլ չմասնակցեց այդ քննարկումներին:

-Հանրապետականը հրաժարվեց, իսկ մնացած բոլորի հետ մենք ունեցել ենք քննարկումներ, գաղափարների, մտքերի փոխանակություն: Եվ ոչ միայն կուսակցությունների, այլեւ դիտորդական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների եւ այլն: Եվ եթե Հանրապետականը չէր ուզում քննարկել, ես իրենց զգուշացրել էի, որ նախագիծն առանց իրենց հետ քննարկելու էլ կպատրաստվի: Իրենք, փաստորեն, կողմ են նախագծի` միայն խորհրդարանական ձեւաչափով քննարկմանը: Ես, իհարկե, կուզեի նաեւ ՀՀԿ-ի կարծիքը լսել: Բայց մենք գրում ենք, եւ ես հուսով եմ, որ դա լինելու է նախագիծ, որը կունենա հանրության լայն շերտերի սատարումը: Իսկ Հանրապետական կուսակցությունը չի ներկայացնում հանրության ծանրակշիռ զանգվածը: Իսկ այժմ ԱԺ աշխատանքային խմբի հետ պատրաստ ենք քննարկումների, որեւէ խնդիր չկա:

-Նախագծում ի՞նչ փոփոխութուններ են տեղ գտել:

-Փոփոխությունները շատ են լինելու: Նախ տեխնիկական բազմաթիվ փոփոխություններ են լինելու, որոնք Ընտրական օրենսգիրքը կհարմարեցնի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Երկրորդը` կապահովենք, որպեսզի ընտրությունները լինեն մրցակցային եւ մրցակցությունը լինի գաղափարների, ծրագրերի, ոչ թե դրամապանակների:

-Իսկ վարկանշային ընտրակարգը հանվա՞ծ է:

-Նախատեսվում է հանել:

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ լրատվության վարչությունից էլ փոխանցեցին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի տեսակետը: Ըստ այդմ` ԱԺ-ում ձեւավորված աշխատանքային խումբը պատրաստ է կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպել եւ սկսել քննարկումների շարքը: Առաջիկա հանդիպումներին կքննարկվեն ձեւաչափը եւ այլ մանրամասներ: Ինչ մնում է վարկանշային համակարգին, նշվում է, որ այդ մասին խմբակցությունների ներկայացուցիչները պետք է արտահայտվեն: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն, ընդհանուր առմամբ, հակված չէր ԸՕ-ից վարկանշային ընտրակարգը հանելու տարբերակին, սակայն չի բացառվում, որ քննարկումների արդյունքում այլ բան որոշվի:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս