Տարոն Մարգարյանի աներորդին և փոխքաղաքապետը` անտեղյա՞կ. ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո առաջին ստուգումներից մեկը ԱԱԾ-ն անցկացրեց Երեւանի քաղաքապետարանի ստեղծած ու քաղաքապետարանի մասնաշենքում գործող «Երեւան» հիմնադրամում: Մի քանի ժամ տեւած խուզարկություններից հետո ԱԱԾ-ն առգրավեց փաստաթղթերն ու համակարգիչները, անգամ ձերբակյալեց հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին: Թեեւ հետո Ղազարյանը ստորագրությամբ ազատ արձակվեց, սակայն, սա չի նշանակում, թե խնդիրները վերացել են. շարունակվում է քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանությունն էլ իր հերթին ստուգումների արդյունքում ավելի քան 1 մլրդ դրամի յուրացումներ էր հայտնաբերել` երթուղային միկրոավտոբուսների տեխզննման կտրոնների հետ կապված, ու այս գործով էլ ներգրավված է նաեւ «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն, որը, ըստ շրջանառվող լուրերի, քաղաքապետ Մարգարյանի ընտանիքին է պատկանում:

Ոստիկանությունը յուրացումներ էր բացահայտել նաեւ «Յունիգրաֆ իքս» ընկերությունում, որը թափառող կենդանիների դեմ պայքարի նպատակով քաղաքապետարանի հետ մշտապես համագործակցող կառույցն է: Վերաբացվել է նաեւ «զիբիլիքսի» գործը. խոսքը Երեւանի ավագանու ընտրություններին հօգուտ ՀՀԿ-ի եւ Տարոն Մարգարյանի ընտրակաշառքներ բաժանելու մասին վկայող ցուցակների հայտնաբերմանն է վերաբերում, ցուցակներ, որոնք հայտնաբերվել էին ՀՀԿ նախընտրական շտաբին կից աղբամանում:

Արդեն երկու օր է՝ համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա տեղակալներն արդեն պատրաստել են հրաժարականի դիմումները, պարզապես դեռեւս չեն հրապարակայնացնում: Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը, անդրադառնալով Մարգարյանի հրաժարականի մասին լուրերին, ասել էր. «Այս պահին նման բան չկա»:

Ենթադրվում է՝ Տարոն Մարգարյանի ու նրա տեղակալերի հրաժարականի մասին կհայտարարվի եթե ոչ այսօր, ապա առաջիկա օրերին:

Քաղաքապետի եւ տեղակալների հրաժարականի, հնարավոր չարաշահումների, «Երեւան» հիմնադրամի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հետ:

-Պարո՛ն Նիկոյան, տեղյակ ենք, որ ԱԱԾ ներկայացուցիչները խուզարկություն են կատարել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատանը:

-Ես չգիտեմ:

-Այսինքն` նման տեղեկություն չունե՞ք:

-Ո՛չ:

-Վերջին շրջանում անընդհատ խոսվում է այն մասին, որ Տարոն Մարգարյանը պետք է հրաժարական տա: Դուք դրա անհրաժեշտությունը տեսնո՞ւմ եք այս պահին, երբ երկրում իրավիճակ է փոխվել:

-Եկեք ես հարցազրույց չտամ նմանատիպ հարցերի շուրջ: Ես չեմ ուզում կարծիք ասել:

-Պարզապես չափազանց կարեւոր են այս հարցերը, եւ ցանկանում ենք, որպեսզի Դուք ի պաշտոնե որոշակի կարծիք ներկայացնեք:

-Չեմ ուզում կարծիք ասել տվյալ հարցի շուրջ, իսկ փաստերի մասով տեղեկություն ուղղակի չունեմ:

-Ներկայում «Երեւան» հիմնադրամում առկա չարաշահումների մասին է խոսվում, նաեւ ԿԳ նախարարը եւ «Ելք» դաշինքի պատգամավորն են բարձրաձայնել այդ մասին: Գործն այժմ դատարանում է: Դուք առնչություն ունե՞ք այդ չարաշահումներին:

-Ո՛չ:

-Տեղյակ չե՞ք եղել, թե ինչ է կատարվում հիմնադրամում:

-Ես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ, բայց տեղյակ չեմ, միանշանակ:

-Պարո՛ն Նիկոյան, ԱԱԾ աշխատակիցները մտել էին քաղաքապետարան, ուսումնասիրություն էին կատարում, բավական մեծ քանակով փաստաթղթեր այնտեղից դուրս բերեցին:

-Ես այդ ժամանակ գործուղման եմ եղել:

-Հիմա երկրում քաղաքական իրավիճակ է փոխվել: Այս պայմաններում չե՞ք կարծում, որ Դուք` որպես փոխքաղաքապետ, պետք է հրաժարական ներկայացնեք:

-Ես կմտածեմ: Անպայման իմ կարծիքն առաջինը Ձեզ կասեմ, նաեւ իմ որոշման մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ, ով քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:

-Պարո՛ն Սարգսյան, տեղեկություններ կան, որ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատանը:
-Ես տեղյակ չեմ:

-Այս պայմաններում կարծում եք` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պե՞տք է հրաժարական ներկայացնի:

-Ես ոչ մի հարցի չեմ ցանկանում պատասխանել:

-Հիմա խառը իրավիճակ է երկրում, եւ հերթով բացահայտվում են պաշտոնյաների կողմից կատարված հնարավոր ապօրինի գործողությունները, եւ կարեւոր էր նաեւ Ձեր տեսակետն այս ամենի շուրջ:

-Ինչո՞ւ է խառը իրավիճակ. նորմալ վիճակ է երկրում:

-Նորմալ է, երբ քաղաքապետարանից մի քանի պարկ փաստաթուղթ է ԱԱԾ-ն դուրս բերում, քանի որ չարաշահումների վերաբերյալ լուրջ կասկածներ կան: Նշանակում է` իսկապես խնդիրներ կային քաղաքապետարանում:

-Ես չգիտեմ` խնդիրներ կա՞ն, թե՞ չկան:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս