ԱԺ պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը բավական զգացմունքային պահեր են նախորդել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ձերբակալության օրը՝ հունիսի 16-ին, Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ է եղել ԵԿՄ-ի բաժանմունքում, եւ այդ ընթացքում նրա մոտ պարբերաբար մարդիկ են մտել եւ դուրս եկել, այդ թվում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իսկ մեկ այլ պատգամավոր` Սեյրան Սարոյանը, նրա հետեւից անգամ ԱԱԾ էր եկել:
Սակայն երբ արդեն ԱԱԾ-ն Գրիգորյանին հրավիրել է իր հետ գնալու, ասել է թե` հայտարարել է ձերբակալության մասին, գեներալը ցանկություն է հայտնել վերջին անգամ տեսնել եւ հրաժեշտ տալ իր փոքր որդուն` Վազգենին: Եւ ահա Գրիգորյանի՝ շենքից դուրս գալուց րոպեներ առաջ Վազգենին ուղեկցել են հոր մոտ: Նրանք սենյակում մի քանի րոպե առանձին են մնացել, որից հետո Վազգենը դուրս է եկել, մի քանի րոպե անց արդեն ԱԱԾ-ականների ուղեկցությամբ շենքից դուրս է եկել նաեւ Մանվել Գրիգորյանը: