Ինչու Ստեփանակերտի օդանավականն այդպես էլ ամբողջական չի գործում և ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղիղ 6 տարի է անցել Արցախի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Դմիտրի Ադբաշյանի այն հայտարարությունից, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կենթարկվի 2012թ-ի հոկտեմբեր ամսին:Բայց առ այսօր օդանավակայանը շահագործման չի հանձնվել քաղաքացիական օդանավերին հարված հասցնելու Ադրբեջանի սպառնալիքների պատճառով: Օդանավակայանի վերագործարկումը քաղաքացիական կանոնավոր փոխադրումների համար ժամանակավորապես ձգձգվեց եւ մինչ այժմ էլ որեւէ լուծում չի ստացել:

Հիշեցնենք, որ 2008 թ. սկսվել է Ստեփանակերտի օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը: Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011 թ. մայիսին 9-ին, սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվեց, պաշտոնական վարկածով, զուտ տեխնիկական պատճառներով:

2012թ-ի նոյեմբերին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտի օդնավակայանի բացման կապակցությամբ նամակ էր հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` նշելով, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին անդրադարձել էին Հայաստանում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դեսպաննները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Վերջինս նշել էր, որ Ադրբեջանն անհաջող կատակ էր արել:
Ի վերջո 2013 թ-ի փետրվարին Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովն հայտարարեց, որ Ադրբեջանը չի պատրաստվում ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները: 2014թ.-ի նոյեմբերին խոցվեց ուսումնավարժական թռիչք իրականացնող Արցախի ՊԲ Մի-24 ուղղաթիռը: Եվ դրանից հետո եւս Ադրբեջանի կողմից այդպիսի հայտարարություններ են եղել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ հասկանալու համար, թե ինչ տեղաշարժ է առկա Ստեփանակերտի օդանավակայանից կանոնավոր փոխադրումներ իրականացնելու հարցում: «Ստեփանակերտի օդանավականն օգտագործվում է, վերջերս եղել է շատ հետաքրքիր փառատոն, որն արդեն ավանդական է դարձել: Ուղղաթիռներ են պարբերաբար չվերթներ իրականացնում, բայց ինչ վերաբերում է կանոնավոր` Ստեփանակերտ-Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթներին, ապա առ այսօր այս ուղղությամբ որեւէ առաջընաց չկա», – նշեց նա:
Բաբայանի խոսքով` միակ խանգարող հանգամանքն Ադրբեջանի քաղաքականությունն է. «Դուք գիտեք, որ նրանք պարզապես վարում են ֆաշիստական, ահաբեկչական քաղաքականություն եւ եթե դիմեն պրովակացիայի, այնպես չէ, որ վախենում ենք, բայց կարող են լինել զոհեր, եւ դա կարող է բերել արդեն լայնամասշտաբ պատերազմի: Սակայն չենք հրաժարվել այդ նպատակից, եւ ուշ, թե շուտ, օդանավակայանը կսկսի գործել», – հավելեց նա:

Նկատենք, սակայն, Ադրբեջանի զայրույթն իրականում խորը արմատներ ունի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2011թ. ապրիլին՝ Շվեյցարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին, Սերժ Սարգսյանը, ի պատասխան Ադրբեջանի պաշտոնական անձանց այն հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է խփել այն ինքնաթիռները, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդնավակայանում, ասել էր հետեւյալը. «Ես կլինեմ Երեւան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը»։

Այս հայտարարությունից մինչեւ այժմ խոսակցությունները չեն դադարում այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականության արդյունքը հենց Սարգսյանի խոսքերն են եղել: Դիվանագիտական աղբյուրներում առկա տեղեկությունների համաձայն` Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են, թե եթե Սերժ Սարգսյանը լինի առաջին ուղեւորը, կխոցեն ինքնաթիռը, իսկ եթե այդպիսի հայտարարություն չլիներ, թռիչքը կթողնեին, որ կայանար: Իհարկե այս ամենը միայն խոսակցությունների մակարդակով են, սակայն փաստն այն է, որ մինչեւ այժմ Ստեփանակերտի օդանավակայանից չեն սկսվել կանոնավոր փոխադրումները, իսկ այդ հարցի ձգձգման պատճառն էլ հենց Ադրբեջանի քաղաքականությունն է, որն իհարկե կապված չէ միայն չլուծված Արցախյան հարցի հետ: Բացառված չէ, որ այս հարցի ձգձգումը կապված էր հենց նախկին իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Եվ հիմա ՀՀ նոր իշխանությունների պայմաններում ռեալ հնարավորություններ են ստեղծված փոփոխությունների համար:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս