ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված հանցավոր զինված խմբավորման գործով կալանավորված դասախոսը ազատ է արձակել:
Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ հաղորդագրության, Հ.Բ-ն եւ Շ.Մ-ն մտադրվել են ՀՀ մի շարք բնակավայրերի հանրային նշանակության տարբեր վայրերում, այդ թվում` Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում, «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում, տրանսպորտային միջոցների եւ կամուրջների տակ, հաղորդակցության այլ ուղիներում, ինչպես նաեւ բնակելի տների շրջակայքում տեղադրվող 100-150 հատ հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքեր գործադրել ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց մահվանը կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն ուղղված պայթյուններ եւ հանրավտանգ հանցավոր այլ գործողություններ իրականացնել ՀՀ-ում վախի մթնոլորտ ձեւավորելու նպատակով: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զինված խումբը կապված էր Ժիրայր Սեֆիլյանի հետ: ԵՒ ահա այս գործի շրջանակներում կալանավորվել էր նաեւ «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության դասախոս Գնել Հովհաննիսյանը:
Ստացվում է, որ ԱԱԾ-ն բացահայտել է, թե որտեղ են հանցավոր խմբավորում ստեղծած անձինք կրակելու դասընթացներ սովորել, եւ այդ բացահայտումից հետո էլ կալանավորել են խմբի անդամներից ոմանց, այդ թվում` կրակել սովորեցնող դասախոսին` Գնել Հովհաննիսյանին: Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Գնել Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել է, եւ նա ազատության մեջ է: Վերջինիս մտերիմները հայտնեցին, որ իրավապահները պարզել են, որ նա խմբավորման հետ կապ չի ունեցել: