Այն, ինչ կատարվեց այնքան անհավատալի էր, որ մինչև հիմա էլ ուշքի չեմ եկել. Գուրգեն Դաբաղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն այս անգամ երգիչ Գուրգեն Դաբաղյանն է: Նա պատմել է իր առաջիկա ծրագրերի, երգարվեստը մաքրելու անհրաժեշտության, հեղափոխական տրամադրության եւ իր սպասելիքների մասին:

-Գուրգե՛ն, ի՞նչ նորություններ ունեք հանդիսատեսի համար: Առաջիկայում նոր տեսահոլովակ կներկայացնե՞ք:

-Այո՛, շուտով կնկարահանեմ նոր տեսահոլովակ, սակայն այն կներկայացնեմ աշնանը: Առաջին անգամ հանդիսատեսի դատին կհանձնեմ իմ հեղինակած երգը: Ասեմ, որ նոր եմ սկսել ստեղծագործել ու էլի գրած երգեր ունեմ:

-Արտերկրից համերգային հրավերներ ունե՞ք: Կպատմե՞ք այդ մասին:

-Այո՛, թեեւ դրանք հիմնականում լինում են աշնանն ու գարնանը, բայց այս ամռանը եւս ունեմ հրավերներ, այդ թվում կոորպորատիվների մասնակցելու առաջարկներ:

-Գիտեմ, որ ինչ-որ փուլի միացաք ժողովրդական շարժմանը, ակտիվ կերպով հետեւում եք երկրի ներքաղաքական վիճակին, այս կամ այն իրավիճակի վերաբերյալ չեք խուսափում կարծիք հայտնելուց: Ինչպե՞ս եղավ, որ միացաք շարժմանը:

-Անկեղծորեն ասեմ, որ սկզբնական շրջանում ժողովրդական շարժման կողքին չեմ եղել, որովհետեւ չէի հավատում հաջողությանը: Գիտե՞ք՝ այն, ինչ կատարվեց, այնքան անհավատալի էր, որ մինչեւ հիմա էլ ուշքի չեմ եկել, բայց երբ գալիս եմ իրականություն, չեք պատկերացնի՝ որքան մեծ ուրախություն եմ ապրում: Մեր հաջողությանը սկզբում չէի հավատում, որովհետեւ նախկինում տարբեր առաջնորդների կողմից շատ են եղել հեղափոխության փորձեր, որոնք ձախողվել են: Բայց եկավ մի պահ, երբ սկսեցի հավատալ ժողովրդի ուժին, ինքս ինձ եւ հասկացա, որ ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես պետք է պայքարել եւ միասնական լինել:

-Այն փուլը, որն այսօր թեւակոխել է Հայաստանը, ինչպե՞ս կանվանեք:

-Սա մաքրման փուլ է, որը պետք է հաղթահարել: Ընդ որում` այս էտապը ոչ պակաս կարեւոր է, քան հանուն հեղափոխության պայքարը: Հիմա ժողովուրդը պետք է զսպվածություն եւ համբերատարություն ցուցաբերի, որպեսզի ճիշտ քայլերով առաջ ընթանա, գնա դեպի խորքային խնդիրների լուծման: Այս ժամանակահատվածը կարելի է կոչել նաեւ անցումային:

-Երգարվեստի ոլորտում դրական տեղաշարժեր ակնկալո՞ւմ եք:

-Ակնկալիքներն, իհարկե, մեծ են, հատկապես, որ երկրում իրավիճակ է փոխվել: Չկա ոլորտ, որը պակաս կարեւոր է: Ինչ վերաբերում է երաժշտական ասպարեզին, ես կբարձրացնեմ մեկ կարեւոր խնդիր՝ համերգների պակասը Հայաստանում: Այսօր հայ երգիչները եթե կոորպորատիվներին չերգեն, արտասահմանցի համերգների հրավերներ չունենան, անգործության կմատնվեն: Հայաստանում ապրող երգիչն ինչո՞ւ իր երկրում համերգ չունենա, եւ դա այն պարագայում, երբ ունենք կարոտած հանդիսատես: Իհարկե, առկա է նաեւ սոցիալական խնդիր. քչերն են վճարունակ, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ համերգի տոմս գնել: Դա էլ ուրիշ խնդիր է:

-Այսօր շատերը բարձրաձայնում են շոու-բիզնեսում առկա մենաշնորհների մասին: Դուք ի՞նչ կասեք, նման խնդրի բախվե՞լ եք:

-Վերջին տարիներին, երբ տեղեկատվական տեխնոլոգիաներն այսքան զարգացել են, համացանցը դարձել է այսքան մատչելի բոլորի համար, նման խնդիր գրեթե չկա: Իհարկե, տարիներ առաջ, երբ եղանակ էին ստեղծում հեռուստաընկերությունները, եւ դեպի եթեր «պռախոդ» ունենալու հարց էր դրված, այդ խնդիրն առկա էր: Համենայն դեպս, իմ առջեւ դռներ չեն փակվել:

-Դուք այս փուլը Հայաստանի համար անվանեցիք մաքրման փուլ: Իսկ շոու-բիզնեսը մաքրման կարիք ունի՞:

-Տեսեք, եթե ասում ենք շոու-բիզնես, արդեն մաքրություն ակնկալելն անիմաստ է: Այստեղ էական է շոուն եւ դրա միջոցով բիզնես անելը: Ուստի միայն բարձր չափանիշներ սահմանել հնարավոր չէ: Ուրիշ բան, եթե խոսենք երգարվեստի մասին: Բայց այս պարագայում էլ ամեն բան բավական բարդ է: Ես կողմ չեմ գեղխորհուրդների միջոցով խնդիրներ լուծելուն: Փոխարենը պետք է ամեն մեկն ինքնագրաքննությամբ զբաղվի, մի արտադրանք թողարկելուց առաջ լավ մտածի, թե ինչ է մատուցում, պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի: Այդ դեպքում հաջողությունն ակնհայտ կլինի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս