ՆԱԽՈՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱ՞Ծ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս օրենսդիր իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ-ում բավական ցավոտ են ընդունել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ԱԱԾ վերջին գործողությունները: Ինչպես հայտնի է, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե իրենք բացահայտել են 350 հոգու, որոնց անունով բոլորովին այլ մարդիկ բիզնես են բացել եւ տարիներ շարունակ հարկեր չեն վճարել: Եւ ահա ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է. «Ես ցավում եմ, որ ԱԱԾ-ն շտապում է հայտարարություններ անելու համար, եւ պետք է` ավելի ուշ այդ հայտարարություններն անեն։ Խնդրում եմ իրադարձությունների զարգացմանը հետեւեք, եւ կլինեն նոր հայտարարություններ, որովհետեւ դա, հայտարարության հետ կապված, իրականության հետ չի համապատասխանում»։ Իսկ հարցին, թե ԱԱԾ պետի ասածները սուտ են, Բաղդասարյանը նշել է. «Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի ասածը։ Ո՛չ, բերման ենթարկված մարդիկ կան, այո՛, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները եւ օրենսդրական դաշտի կարգավորումը։ Դրա մասին ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ»:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քանի դեռ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Վահրամ Բաղդասարյանի մտքի ծայրով անգամ չէր անցնի ԱԱԾ-ին մեղադրել «իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ» անելու մեջ: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Վ.Բաղդասարյանը բաց տեքստով ակնարկում է, որ առնվազն տեղեկություններ ունի բերման ենթարկված անձանց ու նրանց գործերի մասին: Ըստ այդմ` նա տեղեկություններ ունի եւ գիտի այս ամենի նախապատմությունը, որ ամեն ինչ եղել է նախորդ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Ասել է, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անուղղակի ցուցմունքներ է տվել ՀՀԿ իշխանության դեմ` հասկացնելով, որ բացահայտված անձինք առանց իշխանության թույլտվության չէին գնա նման քայլերի: Իսկապես, գնալով ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում:

 

 

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մինչեւ թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնը ստանձնելն աչքի էր ընկնում հակառուսական, հակապուտինյան հայտարարություններով: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ՌԴ նկատմամբ մոտեցումներն արդյոք փոխվել են, Գրիգորյանը պատասխանել է. «Այո՛, փոխվել են: Հիմա ես ԱԱԽ քարտուղարն եմ եւ ներկայացնում եմ ոչ թե իմ, այլ մի շարք անձանց շահերը: Կարծում եմ` ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»: Նա նշել է, որ կիսում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետները: Իսկ հարցին, թե ՌԴ-ում ոմանք անհանգստացած են` ՀՀ կառավարության կազմում նախկինում հակառուսական դիրքորոշմամբ հայտնի անձանց հայտնվելով, Գրիգորյանը պատասխանել է. «Մարդիկ կան, ովքեր ուղղակի քննադատական մոտեցում են ունեցել, բայց հակառուսական ասելը մի փոքր չափազանցված է: Ես, օրինակ, հանդիպում եմ ունեցել Պատրուշեւի հետ, եւ շատ ջերմ, շատ ադեկվատ, բարձր մակարդակի հանդիպում է եղել: Եվ այդ մասով որեւէ անհանգստություն, որեւէ խոսք չի եղել»:

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո իրենց զբաղեցրած պաշտոններից դեռեւս չեն շտապում հեռանալ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Խաչատուրյանն ու Հայաստանի զարգացման հիմնադրամի նախագահ Արմեն Ավակ Ավակյանը՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդականները: Ավելին` այս երկու երիտասարդներն ընդհատակ են անցել ու օգտվելով այն հանգամանքից, որ նոր կառավարության «գլուխը խառն է»` աննկատ շարունակում են պաշտոնավարել` հարկատուներիս հաշվին ստանալով ահռելի աշխատավարձեր: Ու սա այն դեպքում, երբ այս օրերին երկու երիտասարդների գլխավորած հիմնադրամները մատնված են բացարձակ անգործության: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ երկու կառույցների ինտերնետային կայքէջերում իրենց գործունեության մասին վերջին իրադարձությունները մինչեւ ապրիլի 23-ն էին՝ մինչեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իսկապես, այս երկու երիտասարդները շատ ճարպիկ են. լինելով նախորդ կառավարության թիմի անդամ` նրանք թավշյա հեղափոխությունից հետո էլ փորձում են մինչեւ վերջին վայրկյանն օգտվել պետության բարիքներից ու բավարարել իրենց էլիտար հաճույքները:

 

 

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքը դիտարկվել է որպես փողի աղբյուր: Այդ ամենը զգալով` սփյուռքահայերը վերջին տարիներին ակնհայտ փոխել էին իրենց վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ. պատահական չէ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամ ամեն տարի նախորդից ավելի քիչ գումար էր հավաքվում: Բայց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է նաեւ սփյուռքահայերի վերաբերմունքը, եւ հավատ կա նոր կառավարության հանդեպ: Սփյուռքահայ գործարար Զարեհ Պալյանը, որ ՀՀ իշխանությունների հանդեպ քննադատական խոսքեր հնչեցրեց նախորդ տարվա Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Ե՛ւ անձերին եմ քննադատել, եւ՛ համակարգին, եւ՛ կազմակերպություններին, որովհետեւ մի այնպիսի անընդունելի, մարդկայնորեն անտանելի իրավիճակ էր, որ բոլորին էր հասնում քննադատություն»: Հիմա, ըստ նրա, «Սփյուռքը զգալիորեն շատ ավելի կվստահի Նիկոլ Փաշինյանին ու նոր Հայաստանին»:

 

 

ԴԻՄԱԴՐՈՒՄ ԵՆ
Միանգամայն սպասելի էր, որ Ադրբեջանն ամեն կերպ կդիմադրի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը: Եւ ահա երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարություններին, ասել է. «Եթե ՀՀ ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին ԼՂ անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին: Ես նաեւ իրենց ասել եմ, որ նման առաջարկը ծիծաղելի է»:
Ադրբեջանի նման կեցվածքը միանգամայն հասկանալի է: Նրանք դեմ են բանակցային գործընթացում 1998 թվականից հաստատված եւ արդեն քսան տարի շարունակվող ձեւաչափի որեւէ փոփոխության: Ի վերջո, բանակցային սեղան Արցախի վերադարձը նշանակում է Արցախը ճանաչել առանձին միավոր, ճանաչել որպես բանակցությունների սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ, ինչպես հիմա է: Եւ հետո, բանակցային ձեւաչափի փոփոխությունը ժամանակին տեղի ունեցավ հենց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշման հետեւանքով, ու այդպես Ադրբեջանին մատուցվեց նվեր, որի մասին այդ երկրի իշխանություններն ամենավառ երազում անգամ չէին կարող պատկերացնել: Ի դեպ, մեկ հիշեցում Ռ. Քոչարյանի` 1998թ. հայտարարությունից. «Երեւան-Բաքու բանակցություններն ունեն երեք հիմնական առավելություն.առաջին եւ կարեւորը` ՀՀ-ն շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: Երկրորդ` ես` որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում հանդիպումների ժամանակ ներկայացնել ԼՂ հարցը որպես սուբյեկտ, ով ուղղակի անմիջական պատասխանատվություն ու բեռ է կրում բանակցությունների համար: Երրորդ` ՀՀ նախագահի ներգրավվածությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է բարձրացնում ՀՀ պատասխանատվությունը ԼՂՀ-ի նկատմամբ, քանի որ մենք ամբողջ ՀՀ ներուժը` ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ պաշտպանական, ծառայեցնում ենք այս հարցի կարգավորմանը»։
Բայց մյուս կողմից նկատենք, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում եւ ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ: Եւ այդ բոլոր փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը: Այնպես որ, Հայաստանի նոր իշխանությունն իր առաջ թեեւ դժվար, բայց եւ` միանգամայն իրականանալի խնդիր է դրել, անկախ Ադրբեջանի ցանկություններից:




Լրահոս