ՌԴ-Ի ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉԻ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անվտանգության ոլորտում առկա խնդիրների եւ առաջիկայում նախատեսվող քայլերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարո՛ն Գրիգորյան, մինչեւ այժմ Դուք Ձեր գործունեությամբ ընկալվել եք որպես հակառուսական, հակապուտինյան կերպար: Հիմա, զբաղեցնելով ԱԽ քարտուղարի պաշտոնը, արդյոք փոխվե՞լ են Ձեր մոտեցումները: Հատկանշական է, որ վարչապետ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը եղբայրական պետություն է մեզ համար:
-Այո՛, փոխվել է: Հիմա ես Անվտանգության խորհրդի քարտուղարն եմ եւ ներկայացնում եմ ոչ թե իմ, այլ մի շարք անձանց շահերը: Կարծում եմ` ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ: Իսկ Ն. Փաշինյանի մոտեցումները կիսում եմ:
-Դուք Ռուսաստանի հետ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում:
-Ռուսաստանի հետ համագործակցությունը տարբեր մակարդակների է լինելու: Իմ մասով կա ԱԽ քարտուղարների մակարդակով հարաբերությունները բարելավելու ճանապարհ: Ես մայիսի 24-ին հանդիպել եմ ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Խոսել ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավման, համատեղ աշխատելու, ծրագրեր կազմելու մասին:
-Ռուս որոշ պատգամավորներ ասում են, որ համագործակցության հարցում գլխավորն այն է, որ տվյալ պաշտոնյան իր տված խոստումից ետ չկանգնի եւ կատարի դա:
-Շատ նորմալ մոտեցում է: Այստեղ ոչ թե անհատի մոտեցումներն են կարեւոր, այլ կառույցների մակարդակով աշխատելու: Եվ այստեղ որեւէ խնդիր չի լինի աշխատելու Ռուսաստանի հետ, մանավանդ որ առաջին հանդիպմամբ դրա հիմքերը դրվել են:
-Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, ռուս պատգամավորների մի մասն էլ չի ողջունել Հայաստանի նոր կառավարության կազմում հակառուսական դիրքորոշում ունեցող անձանց ընդգրկելը:
-Մարդիկ կան, ովքեր ուղղակի քննադատական մոտեցում են ունեցել, բայց հակառուսական ասելը մի փոքր չափազանցված է: Բոլորն անհանգստացած են այդ առումով, բայց դա անհիմն չափազանցված է: Ես, օրինակ, հանդիպում եմ ունեցել Պատրուշեւի հետ, եւ շատ ջերմ, շատ ադեկվատ, բարձր մակարդակի հանդիպում է եղել: Եվ այդ մասով որեւէ անհանգստություն, որեւէ խոսք չի եղել:
-Դուք Ձեր վերջին հարցազրույցներում խոսել էիք ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այս ուղղությամբ որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը:
-Հիմա սահմանադրությամբ ԱԽ պատասխանատվությունը բարձրացել է: Այժմ պետք է խորհրդի կառուցվածքը ձեւավորվի, դրա վերջնաժամկետը հունիս ամիսն է: Ընդհանուր քաղաքականության մշակման վրա պետք է աշխատել: Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգի անհրաժեշտություն կա, այդ ուղղությամբ էլ պետք է աշխատենք: Եվ, ընդհանուր առմամբ, կոռուպցիայի հետ կապված մենք պետք է ընդհանուր քաղաքականություն մշակենք, ոչ թե միջամտություն կատարենք:
-Դուք ունե՞ք մարդկանց ցանկ, որոնցով պետք է զբաղվեք կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում:
-Ես որեւէ լիազորություն չունեմ ցուցակներ ունենալու: Մենք քաղաքականություն ենք մշակում:
-Ամեն դեպքում, Դուք ինքներդ ինչպե՞ս եք կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարելու:
-Կոռուպցիայի դեմ պայքարելու համար տարբեր հնարավորություններ կան` հանրային քննարկումները. ավելի շատ խոսել դրա մասին, տեսնել դա որպես ազգային անվտանգության համար մարտահրավեր եւ գտնել լուծումներ: Եթե ԱԱ հայեցակարգում մշակվում է այդ հարցը եւ դրվում բարձր մակարդակի վրա` որպես պաշտպանության համակարգ, ապա դա վերցնում են պաշտպանության ոլորտի կառույցները եւ դրանով առաջնորդվում: 1-ինը պետք է նոր իշխանությունը կոռուպցիա երեւույթից հրաժարվի, այսինքն` ամենավերեւից հրաման տրվի, որ ով դրանով զբաղվեց, պատժելու է: Մյուս կողմից` հանրային ընկալումը պետք է փոխվի. հանրությունն ավելի պահանջատեր դառնա: Եվ անհրաժեշտ է պատժել այն մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են կամ զբաղվել են:
-Դուք մշտապես քննադատում էիք ՀՀԿ իշխանությանը, որի իշխանավարման տարիներին արտագաղթն էր ավելացել, արտաքին պարտքը եւ այլն: Հիմա ինչո՞վ է նոր իշխանությունը տարբերվելու նախորդից:
-Կառավարման փիլիսոփայությունն է փոխվել: Այն ժամանակ կար մի հոգի, ով մտածում էր, որ ինքն ամեն ինչ գիտի, եւ վերեւից ներքեւ կառավարում էր: Հիմա իշխանության կողմից ժողովրդի հանդեպ պատասխանատվությունն է մեծացել. բոլորս հասկանում ենք, որ ծառայում ենք ժողովրդին, եւ պետք է ամեն ինչ անենք, որ ապահովենք նրա բարեկեցությունն ու ապահովությունը:
-ԳՇ արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը, ով Ձեր ազգականն է, երբ պաշտոնից ազատվեց, լուրեր տարածվեցին, որ դա կապված է Ձեր` պաշտոն ստանձնելու հետ:
-Իմ` պաշտոնի նշանակման հետ դա որեւէ կապ չունի:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ՀՀԿ-Ն ԿՐԿԻՆ ՀԱՄԱՌՈՒՄ Է

Խորհրդարանական ընտրությունների շուրջ կրքերն ավելի են թեժանում: Երեկ Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային, շեշտել է, թե իրենք պատրաստվում են 2022 թվականի ընտրություններին (խոսքը հերթական ընտրությունների մասին է-խմբ.):

Եվ սա այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր. «Մեր պատկերացմամբ արտահերթ ընտրություններ պետք է անցկացնել աշնանը, բայց մեր այս պատկերացումը մենք պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ»: Կառավարությանը մաս կազմող մյուս ուժերը՝ «Ծառուկյան» խմբակցությունն ու ՀՅԴ-ն, եւս կարծում են, որ քաղաքական այս իրավիճակի միակ լուծման տարբերակն արտահերթ ընտրություններն են, եւ դրան պետք է հասնել ողջամիտ ժամկետներում, սակայն որքան հնարավոր է շուտ: Դրան հակառակ` ՀՀԿ-ում չեն կիսում այս մոտեցումը՝ ասելով, թե արտահերթ ընտրությունների անցկացման համար չկան թե՛ քաղաքական, թե՛ իրավական հիմքեր:
Այս իրավիճակում կառավարության մաս կազմող «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այլ ելք չի տեսնում, քան քաղաքական ուժերի համաձայնությամբ եւ կոնսենսուսով արտահերթ ընտրությունների գնալն է, քանի որ, նրա խոսքով, արտահերթ ընտրությունների գնալու իրավական այլ հիմքեր չկան: «Մեր սահմանադրական կարգավորումներն այնպիսին են, որ լավագույն դեպքում դա կարող է լինել բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում: Հիմա միակ տարբերակը դա է»,- նշեց պատգամավորը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս իրավիճակի միակ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: «Հետագա աշխատանքում, ամեն դեպքում, կարող են հակադրություններ առաջանալ խորհրդարանում, քանի որ կառավարության ներկայացրած ծրագրերը կարող են ընդունելի չլինել ՀՀԿ-ի համար, ովքեր դեռեւս խորհրդարանում մեծամասնություն են համարվում»,- ասաց Նազարյանը:
Ընդ որում` կառավարությունում ներկայացված ուժերը միտված են արտահերթ ընտրությունների գնալ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո, որով ցանկանում են հրաժարվել ռեյտինգային համակարգից: Այս առումով եւս ՀՀԿ-ն միանշանակ որոշում չունի, սակայն դեմ չէ քննարկումների: Երեկ Վահրամ Բաղդասարյանն այս առնչությամբ ասել է. «ԸՕ-ն ընդունվել է կոնսենսուսով, տարբեր խողովակներով քննարկումներ են եղել: Դրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ, դրանց արդյունքները բոլորին բավարարել են, միջազգային կառույցների կողմից դիտողություններ եղել են մասնակիորեն: Այնպես որ, ՀՀԿ-ն նոր ԸՕ-ի վերաբերյալ առաջարկություններ չունի», – նշեց նա` միաժամանակ հավելելով, որ պատրաստ են այս թեմայով քննարկումների:
Մինչ ՀՀԿ-ականները նման պնդումներ են անում, հիշեցնենք՝ ճիշտ նույնկերպ նրանք բացառում էին նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Եւ, ընդհանրապես, ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանն ինքն էլ ասել էր, թե հրաժարական չի տա, նույնիսկ հիշեցրել մարտի 1-ը, բայց հաջորդ օրը նա ստիպված եղավ համակերպվել իրականության հետ ու հեռանալ վարչապետի պաշտոնից: Հիմա նույն ճակատագիրն է սպասվում ԱԺ-ում ՀՀԿ-ի խորհրդարանական մեծամասնությանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն

 

 

 

ԿՄԵԿՆԻ ԹԲԻԼԻՍԻ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի: Այցը կապված է Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի հետ: Այցի ժամանակ նաեւ հանդիպումներ են նախատեսված Վրաստանի ղեկավարության հետ: Նշենք, որ վարչապետի կարգավիճակում սա Փաշինյանի երրորդ այցն է: Առաջին անգամ հենց նշանակվելու հաջորդ օրը Փաշինյանը Արցախում մասնակցեց Եռատոնին նվիրված միջոցառումներին, իսկ մի քանի օր անց էլ Սոչիում ներկա գտնվեց ԵԱՏՄ խորհրդի նիստին: Սա արդեն նրա երրորդ այցն է: Հավելենք, որ երեկ էլ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է մեկնել Թբիլիսի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով մասնակցելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:

 

 

ՉԵՆ ԲԵՐՈՒՄ
Երեկ Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կրկին չի կայացել Նորք-Մարաշում 2015թ. հայտնաբերված հանցավոր խմբի գործով դատական նիստը: «Ժողովուրդ» օրաթերթին գործով փաստաբանները հայտնեցին, որ նիստերը չեն կայացել կալանավորներին դատարան չբերելու պատճառով: Ընդ որում` երբ փաստաբանները հետաքրքրվել են, թե ինչու կալանավորներին չեն բերում դատարան, եղել է պատասխան, թե՝ «չեն թողնում»: Ամենայն հավանականությամբ, մտավախություն կա, որ կալանավորներին դատարան բերելն անցանկալի հետեւանքների կարող է հանգեցնել` մասնավորապես, բողոքի ակցիաներ կանցկացվեն, ցուցարարները կշրջափակեն դատարանի շենքը` թույլ չտալով ելումուտը:
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանը, Հայրենիք ու պատիվ Կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, իսկ ահա, ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի, հանցավոր խմբի պարագլուխն է Հայոց Արծիվ կազմակերպության առաջնորդ Արթուր Վարդանյանը:

 

 

ՆՈՐ ՕՐԵՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը եւ ՀՀ արդարադատության նախարարությունը համատեղ մշակել են «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Մասնավորապես, այս երկու գերատեսչությունները ցանկանում են օրենքի ընդունմամբ բացառել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի եւ օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառաբանության (կամ կամայական կերպով) տեսակցությունն արգելելու պրակտիկան: Նշենք, որ այս դրույթի կիրառման մասին բազմիցս է բարձրաձայնվել ընդդիմության կողմից, երբ կալանավորված անձը զրկվում էր տեսակցությունից:

 




Լրահոս