ՍՓՅՈՒՌՔԸ ՍԿՍԵԼ Է ՎՍՏԱՀԵԼ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքը դիտարկվել է որպես փողի աղբյուր: Անգամ ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանն էր սփյուռքահայերին ՀՀ բանկերում հազար դոլար դնելու կոչ արել: Սակայն, դատելով վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացներից, ակնհայտ էր` Սփյուռքը կորցրել է հավատը ՀՀ իշխանությունների նկատմամբ:

Երեկ այս մտահոգությունները բարձրացվեցին նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ: Մասնավորապես, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ խոչընդոտներ են առկա, որոնք պետք է վերացնեն: «Մենք ունենք բարիերներ Հայաստանի եւ Սփյուռքի մեջ, դրանք շատ են՝ հոգեբանական, իրական, իրավական, այդ բարիերները պետք է վերացնենք: Քանի դեռ չենք վերացրել, նորից մնալու ենք սփյուռքահայ, որի խնդիրը այն է, որ օգնի, տա եւ իրավունքներ չունենա, եւ հայաստանցի, որը պետք է ստանա եւ պահանջի՝ տվեք, տվեք, տվեք», – նշեց նախագահը:
Եվ, իսկապես, տարիներ շարունակ սփյուռքահայ գործարարները հենց այս խնդիրն են բարձրաձայնել: «Հայաստան» համահայկական հիմնադրամը` 2004 թվականից սկսած, հեռուստամարաթոններ է կազմակերպում եւ հավաքված գումարն ուղղում այս կամ այն ծրագրի իրականացմանը: Եվ, համեմատելով հեռուստամարաթոնի` տարբեր տարիների արդյունքները, ականատես ենք լինում գումարի նվազման: Մասնավորապես, 2017 թվականին հեռուստամարաթոնը կրում էր «Բերքառատ Արցախ» խորագիրը, եւ հավաքվել էր 12 մլն 500 հազար դոլար գումար:
Ընդ որում` հավաքված 12,5 մլն դոլարի կառուցվածքը նայելիս ստացվում է հետեւյալ պատկերը. եթե հանում ենք հայաստանյան խոշոր գործարարների նվիրատվությունները, ստացվում է սփյուռքից մոտ 6 մլն դոլար է տրվել։ Հեռուստամարաթոն 2016-ը, որն անցկացվել էր «Իմ Արցախը» խորագրի ներքո, արձանագրել էր 15,428.777 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Ընդ որում` խոշոր նվիրատվություններ կատարած անձանց շարքում գրեթե նույն անուններն էին:
Նշենք, որ այս վերջին տարիների մարաթոնների ժամանակ ամենաշատ գումարը հավաքվել էր 2013 թվականին՝ 22 մլն 661 հազար դոլար, որն ուղղվել էր Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը` գլխավորապես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարվա ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Այս տարեթվից հետո նվիրատվությունների չափը սրընթաց անկում ապրեց՝ հասնելով 12 մլն դրամի:
Եվ գումարի սրընթաց անկմանը զուգահեռ անկում ապրեց նաեւ Սփյուռքի վստահությունը: Սակայն վերջին օրերին կրկին զգացվում է Սփյուռքի աջակցությունն ու հույսը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք կարող են դրական փոփոխություններ լինել: Այդ էներգետիկան զգացվեց հենց համաժողովրդական շարժման օրերին, երբ Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները փորձում էին գոնե չնչին բանով օգտակար լինել շարժմանը, իսկ արդեն Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նաեւ հստակ քայլերն ենք տեսնում:
Մասնավորապես, մայիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Կողմերն անդրադարձել էին Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը, եւ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել եւ շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան:
Այս օրերին ոգեւորված են նաեւ սփյուռքահայերը, ովքեր տարբեր առիթներով նախկինում քննադատում էին իշխանություններին, սակայն հիմա մեծ հույսեր են կապում նրանց հետ: Նրանցից է նաեւ սփյուռքահայ գործարար Զարեհ Պալյանը, ով Հայաստանի իշխանությունների հանդեպ քննադատական խոսքեր հնչեցրեց հատկապես Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ: Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրավիճակ է փոխվել, եւ Սփյուռքը սկսել է վստահել Հայաստանին եւ Նիկոլ Փաշինյանին:
«Զգալիորեն շատ ավելի կվստահի նոր Հայաստանին, Նիկոլ Փաշինյանին. նոր Հայաստանը զգալիորեն ավելի վստահելի է», – նշեց նա: Անդրադառնալով նախկինում իր կողմից մշտապես հնչող քննադատություններին` Պալյանը նշեց, թե դա եղել է եւ՛ անձերի, եւ՛ համակարգի դեմ: «Ե՛վ անձերին եմ քննադատել, եւ՛ համակարգին, եւ՛ կազմակերպություններին, որովհետեւ մի այնպիսի անընդունելի, մարդկայնորեն անտանելի իրավիճակ էր, որ բոլորին էր հասնում քննադատություն», – հավելեց գործարարը:
Փաստորեն, ստացվում է՝ ճիշտ էին այն պնդումները, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ իշխանությունը խանգարում էր Հայաստանի զարգացմանը: Ու հիմա` թավշյա հեղափոխությունից հետո, սփյուռքահայերի մոտ ոչ միայն ոգեւորություն կա, այլեւ վստահություն: Վստահություն առ այն, որ ուղարկված գումարները չեն գրպանվի, ատկատի ճանապարհով չեն հոսի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների գրպանները, այլ, ընդակառակը, կծառայեցվեն երկրի խնդիրներին ու կծախսվեն ըստ արժանվույն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը «պատրաստ է» հարաբերություններ հաստատել հայերի հետ: «Ադրբեջանը բարիդրացիության շրջանակներում պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ իհարկե մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»:

 

 

 

ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի փոխանցմամբ` Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները Պրահայում կայացած հանդիպման ժամանակ համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձեւավորվի եռակողմ հանձնաժողով Վրաստանի, Ռուսաստանի եւ շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: «Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի»,-նշել է փոխվարչապետը՝ հայտնելով,-«Համաձայնագրի իրականացման մասին ենք նաեւ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»:

 

 

ԿԴԱԴԱՐԵՑՎԻ
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը երեկ եղել է Մեծամորի ատոմակայանում, շրջել տարածքում, ծանոթացել նախապատրաստական աշխատանքներին, որոնք մեկնարկելու են շինաշխատանքներից առաջ: Նախարարի փոխանցմամբ` աշխատանքների մեկնարկը կտրվի հունիսի 1-ից, մայիսի 31-ի գիշերվանից Մեծամորի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի: Ատոմակայանը կրկին ամբողջությամբ կսկսի գործել դեկտեմբերից սկսած, իսկ շինաշխատանքները, նախարարի վստահեցմամբ, էլեկտրաէներգիայի սակագնի վրա չեն ազդելու:

 

 

ԱՍՈՒՄ Է` ՉԻ ՏԱ
«Սահմանադրական դատարանը չի համագործակցում երբեք որեւէ քաղաքական ուժի հետ, Սահմանադրական դատարանն իրականացնում է իր գործառույթները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։ Թովմասյանը նաեւ ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

 

 

ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումը հետ վերցնելու մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 25-ին գրավոր դիմումով հետ է վերցրել հրաժարականի մասին իր դիմումը»,-նշված է հայտարարության մեջ:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային եւ Ջուզեպե Գալատիին: Նախարարն ընդգծել է, որ Կառավարությունը տրամադրված է իրականացնելու լուրջ բարեփոխումներ, եւ հավելել, որ դրանց ուղղված միջազգային կառույցներից տրամադրված առաջարկությունները հաշվի առնելով եւ կյանքի կոչելով՝ ձգտելու ենք ունենալու մեր երազների Հայաստանը: Կողմերը քննարկել են կառավարության նոր ծրագրում արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ ուղղված դատական համակարգի, Հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը:

 

 

ԻՐԱՆԱԿԱՆԸ ԹԱՆԿ Է
Հարեւան Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաները մշտապես խոսել են Հայաստանին էժան գազ մատակարարելու մասին, իսկ հայ պաշտոնյաները մշտապես հայտարարել են, թե ռուսական գազն ավելի էժան է: Այդքանից հետո, սակայն, նախորդ կառավարությունների ներկայացուցիչները սակագների մասին մանրամասներ չեն ներկայացրել: Մինչդեռ երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը բացահայտել է, թե որքան է իրանական գազի գինը Հայաստանի սահմանին: Ըստ նրա` սահմանին Իրանը 1 հազար խմ գազը վերջին տվյալներով առաջարկում է 165 դոլարով: «Ռուսական գազը մենք ստանում ենք 150 դոլարով` դրան գումարած ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից 27-28 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որն ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- հայտարարել է նախարարը` նշելով, որ չեն դադարեցնում բանակցություններն ավելի էժան գազի մատակարարման շուրջ:

 

 

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է
Ինչպես հայտնի է, քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո կալանքի տակ գտնվող Գարեգին Չուքասզյանի եւ Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոփոխվեց. եւ նրանք ազատ արձակվեցին: Հարցին, թե արդյոք ազատ արձակման հնարավորություն կա քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դեպքում եւ ինչ հիմքերով, նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը պատասխանեց. «Մեկ ամիս առաջ ամբողջ հայ ժողովուրդն անհնազանդություն դրսեւորեց: Գեւորգն ուզում էր դա նախապատրաստել: Բայց ինչի մեջ որ իրեն մեղադրում են, դա արդեն ամբողջ ժողովուրդն իրականացրել է. եւ ոչ մեկին դրա համար քրեական պատասխանատվության չեն ենթարկել: Այնպես որ. հնարավորինս շուտ Գեւորգին պետք է ազատ արձակել. եւ նա ճանաչվի անմեղ… Այն, ինչի մեջ Սաֆարյանը մեղադրվում է, դա մեր նոր իշխանության ներքո, նոր Հայաստանում այլեւս պատժելի արարք չէ: Ժողովուրդը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրականացրել է դա»,-շեշտեց Հայրապետյանը:

 

 

 

ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ
Ինչպես հայտնի է, դատավորների ընդհանուր ժողովը ԱԺ-ում ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Դանիելյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում 100 հազար դրամով ավելացել են: Եթե նա 2016 թվականին ուներ 300 հազար դրամ, ապա անցած տարում նա ունեցել է 400 հազար դրամ: Իսկ որպես եկամուտ Ե. Դանիելյանը հայտարարագրել է երկու աշխատանքի վայրից ստացած աշխատավարձը, որը ամսական կազմել է ընդհանուր 1 մլն 184 հազար դրամ: Բացի այս նա անցած տարեվերջին 6 մլն դրամի չափով փոխառություն, վարկ է ստացել: Նշենք, որ Դանիելյանը մոտ 28 տարի աշխատում է դատական համակարգում:




Լրահոս