ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՆԱՅՔ ԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ առաջիկայում կոռումպացված ու ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: ԱԱԾ տնօրենը նաեւ խոստացել էր, որ այդ ուղղությամբ հստակ քայլերը կմեկնարկեն մայիսի 23-ից:

Ըստ ԱԱԾ պետի` Հայաստանում կա 350 մարդու անուն կրող ցուցակ, որի մեջ եղած անուններով մի խումբ մարդիկ բացել են բիզնեսներ, այդ անունը կրողների համար նույնիսկ անհայտ բիզնեսներ: Նմանօրինակ հայտարարությունը շատերի մոտ զարմանքի տեղիք տվեց, քանի որ Հայաստանում առաջին անգամ ԱԱԾ պետը աղմկալի հայտարարություն է անում:
Այսպես թե այնպես, սակայն, մայիսի 23-ից Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրան մասնակից հանրությունը, ըստ էության, մտնում են նոր փուլ, նոր ռեժիմ, եւ դա կոռուպցիոն խոշոր բացահայտումների սպասման ռեժիմն է:
Ընդ որում` ակնհայտ է, որ այստեղ հանրությունն ակնկալում է ոչ միայն կամ ոչ այնքան փողային ծավալներ եւ սխեմաների նկարագրություն, այլ շատ կոնկրետ անուններ, թե բացահայտված որ դերի թիկունքում ով է կանգնած, եւ որտեղ է նա:
Ինչեւէ, գրել էինք, որ արդեն կան բերման ենթարկվածներ, ընդ որում` նրանց թիվն անցնում է 20-ից: Ավելին` այդ անձինք հանդիսանում են խոշոր ընկերությունների աշխատակիցներ: Սակայն, ըստ մեզ հասած լուրերի, բերման ենթարկվածների թիվը այսքանով չի ավարտվի, քանի որ կծիկը գնալով շատանում է: Սակայն ԱԱԾ լրատվական ծառայությունից չէին մանրամասնել` կոնկրետ ովքեր են բերման ենթարկվածները: Միայն տեղեկացրին, որ կատարվում է քննություն, արդեն իսկ կան բերման ենթարկվածներ, եւ առաջիկայում կներկայացվեն գործով այլ մանրամասներ:
Ու մինչ ԱԱԾ-ն քննություն է տանում, «Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի բացահայտումներից, բերման ենթարկված անձանց հարցաքննություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Արդեն գրել էինք, որ բերման ենթարկվածները հայտնի ընկերությունների աշխատակիցներ են, ավելին` վերջիններիս մեջ են եղել նաեւ մի շարք կանայք:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` վերջիններս սովորականի նման գնացել են ընկերություն աշխատանքի, եւ ԱԱԾ-ն, մուտք գործելով ընկերություն, նրանց հայտնել է, որ պետք է ներկայանան իրավապահներին եւ կոնկրետ իրավիճակի մասով ցուցմունք տան: Արդյունքում, ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ խոշոր ընկերություններից մեկից մի խումբ կին աշխատակիցների տարել են հարցաքննության :
Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննիչները խոշոր ընկերությունների աշխատակիցներին հայտնել են, որ իրենց անուններով կան բացված անհատ ձեռնարկություններ, եւ նրանք հանդիսանում են այդ անհատ ձեռնարկատիրության ներկայացուցիչը, որը, ծավալելով բավականին մեծ գործունեություն, թաքցրել է առեւտրի շրջանառության իրական ծավալները:
Խոշոր ընկերություններում աշխատող կանայք, որոնք տարբեր պաշտոններ են զբաղեցրել` օրինակ` մեկը հաշվապահի, մենեջերի, մեկը կոնկերտ բաժնի պատասխանատուի, պահեստապետեր, գանձապահներ, քննիչների այդ հարցից զարմացել են` նշելով, որ իրենք շարքային աշխատող են, նման գործունեություն չեն ծավալել, սակայն երբ իրավապահները ներկայացրել են փաստաթղթերը, վերջիններս սկսել են խոսել:
Մեզ հայտնի դարձավ, որ նրանք ցուցմունք են տվել, որ խոշոր ընկերությունների ղեկավարները կամ հաշվապահներն են իրենց խնդրել այդ ԱՁ-ի տակ ստորագրել, իրենք էլ արել են եւ այլ բանից տեղյակ չեն, ուստի իրենց ԱՁ գործունության մասին գիտեն այն ընկերությունների հաշվապահները, որտեղ իրենք ընդամենը շարքային աշխատող են:
Եվ այսպես, ԱԱԾ-ն, հերթով հարցաքննելով աշխատակիցներին եւ խորը ուսումնասիրելով նրանց անուններով բացված ԱՁ-ների գործունեությունը, պարզել է, որ, օրինակ, կանացից մեկի անունով բացված ԱՁ-ն, ծավալելով իր գործունեությունը, թաքցրել է առեւտրի շրջանառության իրական ծավալները, ինչի արդյունքում, օրինակ, մեկ կնոջ անվանբ բացված ԱՁ-ի անվան տակ պետությանը հասցվել է 40 միլիոն դրամ վնաս, մի դեպքում` 90 միլիոն դրամի վնաս, եւ այսպես շարունակ:
Ասել է, թե ԱԱԾ-ն, այս օրերին հարցաքննելով շարքային աշխատողներին, կծիկը բացելով, հասնում է, ինչպես կասեր ՀՀ նախկին վարչապետը, «խոշոր ձկներին». մնում է հասկանալ, թե, ի վերջո, այս իրավիճակում «խոշոր ձկներին» կկանչե՞ն պատասխանատվության, թե՞ «մանր ձկները» կկանգնեն արդարադատության առաջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԵՎՍ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա հերթական քրեական գործն է հարուցվել: Ըստ դատախազության հաղորդագրության` «Արարատի եւ Արմավիրի մարզերի թվով 7 սոցիալական աջակցության տարածքային մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 178 դեպքով, 33 մլն. 268 հազ. դրամ գումարի չափով տարբեր բնույթի խախտումներ. նպաստներ են վճարվել անձանց, որոնք տվյալ պահի դրությամբ նպաստառու չեն հանդիսացել: Մի շարք խախտումներ եւ բացթողումներ արձանագրվել են սոցիալական աջակցության խորհուրդների անդամների գործունեության վերաբերյալ, ինչի արդյունքում եւս առաջացել են վնասներ:
Վերոնշյալ դեպքերի ու խախտումների վերաբերյալ նյութերը ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը, արձանագրված խախտումների հանգամանքները, այդ թվում` հնարավոր հափշտակության դեպքերը պարզելու, իրենց պարտականությունների մեջ հնարավոր թերացում կամ չարաշահում թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը որոշելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- ասված է հաղորդագրության տեքստում:

 

 

ԼՔՈՒՄ Է
ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին նախագահ Պեդրո Արգամունտը լքում է կազմակերպությունը: Նա լքում է ԵԽԽՎ-ն կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն է անցկացնում Ադրբեջանի նկատմամբ, որոշում էր կայացրել սառեցնել 4 պատգամավորի մանդատները, այդ թվում նաեւ՝ Պեդրո Ագրամունտի: Պատժամիջոցներն արգելում են Ագրամունտին մասնակցել դիտորդական առաքելություններին եւ զեկուցողի պաշտոն ստանձնել առաջիկա 10 տարվա ընթացքում:

 

 

ՓՈԽՎԵԼ ԵՆ
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանը: Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Վարդան Վարդանյանը, որը ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետի պաշտոնից: Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով Ջանիկ Մարությանը նշանակվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ:

 

 

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, անդրադառնալով համակարգից դիմուներ գրելու արտահոսքին, ասաց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Գրել էինք, որ թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ ոստիկանապետ նշանակվեց Վալերի Օսիպյանը, ոստիկանությունում դիմումների շարք է սկսվել: Բանն այն է, որ մի շարք վարչության պետեր ինքնակամ աշխատանքից ազատման դիմում են գրել, իսկ շատերն էլ սպասողական վիճակում են: Ավելին` երեկ մեր նախորդ համարում անդրադարձել էինք ոստիկանության զորքերում տիրող ներքին իրավիճակին: Նախկինում ոստիկանության զորքերի աշխատակիցները այնպիսի ռեժիմով են աշխատել, որ կարողացել են բացի զորքերում աշխատելուց, իրենց ընտանիքը պահելու համար այլ մասնավոր աշխատանքներ անել: Մեզ լուրեր հասան, որ ոստիկանության զորքերում աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, ուստի շատերը չեն կարողացել իրենց ընտանիքի հոգսերը հոգալ: Արդյունքում, երբ ոստիկանապետ է նշանակվել Վալերի Օսիպյանը, ռեժիմը խստացրել է, եւ աշխատակիցները այլեւս չեն կարողացել մասնավոր գործով զբաղվել, եւ հիմա վերջիններս դժգոհում են, որ միայն ոստիկանության տված աշխատավարձով չեն կարող ընտանիք պահել, ուստի ավելի լավ է` դիմում գրեն, հեռանան:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությունում աշխատանքից ազատման դիմումների շուրջ մեկնաբանություն ստանալու համար զրուցեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ:
-Պարո՛ն Օսիպյան, ՀՀ ոստիկանությունից բոլորը հեռանում են, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում, ի՞նչն է պատճառը:
-Որտեղի՞ց են գնում:
-Գրեթե բոլոր ստորաբաժանումներից` ոստիկանության զորքեր, պահպանություն եւ այլն:
-Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը :
-Բայց մենք ունենք իրավիճակ, որ համակարգից հեռանում են բոլորը, անգամ դժգոհում խիստ ռեժիմից, միգուցե Ձեզանից են վախենում կամ համակարգից են հոգնել:
– Ինձանից չեն վախենում, ովքեր մնում են, ես ինքս խստապահանջ եմ, ինքս կարգ ու կանոն սիրող, կարգապահություն սիրող անձնավորություն եմ, բոլորը դա գիտեն, մի փոքր խստացնենք, բայց հավաստիացնում եմ Ձեզ` նման բան չկա: Իմ գործընկերները բոլորը գիտեն, որ մեր` ուսադիր կրողներիս աշխատանքի հիմքում կարգապահությունը պետք է լինի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱն




Լրահոս