ՊԵԿ-ՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ հաշվեքննիչ պալատն արտահերթ նիստում որոշում է կայացրել այս տարի հաշվեքննություն իրականացնել նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում: Նշենք, որ Հաշվեքննիչ պալատի 2018թ. տարեկան ծրագրում ՊԵԿ-ում ստուգումներ անցկացնելը նախատեսված չի եղել, եւ միայն վերջերս են որոշել: ՀՊ-ն այսպես է մեկնաբանել որոշումը. «ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հաշվեքննություն իրականացնելու պահանջը պայմանավորված է ոլորտային ռիսկերով։ Տվյալ ոլորտում նախորդ տարիների ընթացքում իրականացված ուսումնասիրությունները կրել են բացառապես ռեվիզիոն բնույթ, այնինչ 2018 թվականի ընթացքում արդեն նոր մեթոդաբանությամբ պալատը պատրաստվում է նշված ոլորտում իրականացնել հաշվեքննություն»։ Հատկանշական է փաստը, որ ՊԵԿ-ը վերջերս հայտնվել էր նաեւ ՀՀ ԱԱԾ տեսադաշտում: Մասնավորապես, նախորդ շաբաթ ԱԱԾ-ն բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը՝ «Նորֆոլկ»-ը, խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում` ԱԱԾ-ի պնդմամբ` ընկերության ձեւավորման եւ գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թե որքանով կապ ունի ԱԱԾ բացահայտումը ՊԵԿ-ում ՀՊ նախատեսած ստուգումների հետ, դժվար է ասել: Բայց փաստ է, որ այս ամենը հաջորդեց իրար, եւ թիրախավորվեց կոնկրետ ՊԵԿ-ը:
Մինչ այդ նկատենք` հասարակությունն ԱԱԾ-ից սպասում է նաեւ լուրջ բացահայտումներ մյուս ոլորտներում, օրինակ, թեկուզ, թե ինչպես փոշիացան Նաիրիտ գործարանի միջոցները, կամ ինչպես ձեռք բերվեցին մի քանի հարյուր հազար դրամ արժողությամբ բիոզուգարանները, որ այդպես էլ չօգտագործվեցին, «Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքը, օֆշորային սկանդալները եւ այսպես շարունակ: Վերջին տասը տարիներին Հայաստանում նման պատմությունների պակաս չկա: Մնում է միայն այդ ամենով զբաղվել ու բացահայտել:

 

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, որ այս օրերին զբաղված է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծի մշակմամբ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է հայտնել: Ըստ նրա` ԸՕ- փոփոխություններով զբաղվող խումբը հետամուտ է լինելու ընտրացուցակների մաքրմանը: Եւ այդպես ցուցակներից հանվելու են ՀՀ-ից վաղուց արտագաղթած անձանց անունները: ԸՕ-ում ներառվելու են նաեւ կրկնաքվեարկությունը բացառող մեխանիզմներ: Միաժամանակ չեն փոփոխվելու առկա որոշ կարգավորումներ՝ բոլոր տեղամասերում տեսանկարահանում եւ օնլայն հեռարձակում, մինչեւ քվեարկությունը մատնահետք թողնելը եւ նախապես ու ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դրսեւորումները կանխելուն, նա տեղեկացրել է, որ նոր իշխանությունն ունի համապատասխան կամք, բացի այդ «Մտադիր ենք քրեաիրավական ոլորտում օրենսդրություն փոխել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ամբողջ զինանոցը կարողանա կիրառել նման դեպքերի բացահայտման համար»:

 

 

 

Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը տեւական ժամանակ է՝ կանգ էր առել: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս այդ գործով վերսկսվել են քննչական գործողությունները: Նախաքննություն իրականացնող մարմինը այս օրերին հարցաքննության է կանչում գործով վկաներին` հիմնականում ՀՀԿ-ականների: Չնայած սրան` այս գործով մինչ օրս մեղադրյալ չկա, թեեւ միջադեպից անցել է չորս ամիս, ավելին՝ միջադեպի ողջ տեսագրությունը կա: Հիշեցնենք՝ վերոնշյալ օրը ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները Էրեբունի վարչական շրջանի բնակիչների խնդրանքով տարիներ շարունակ իրենց մոտ տիրող կոյուղաջրերի գարշահոտության խնդիրը տեղափոխել էին Երեւանի քաղաքապետարան: Մասնավորապես, ԵԾ կին անդամները կոյուղաջրով լի տարայով փորձել էին մոտենալ Տարոն Մարգարյանին, սակայն ՀՀԿ ավագանու անդամները ամեն կերպ կանխեցին: Արդյունքում փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով:

 

 

 

Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշինսկու անվան համալսարանից «Ժողովուրդ» օրաթերթն ուշագրավ նամակ է ստացել: Ըստ այդմ` Տ. Տաճատ աբեղա (Մհեր) Ծատուրյանը Վարշավայի նշված համալսարանում ութ տարի ուսանելուց հետո փորձել է 2017 թվականին ներկայացնել իր դոկտորական ատենախոսությունը: Բայց երբ այն ուղարկվել է վերանայողներին, նրանցից մեկը համացանցում բացահայտել է, որ հոգեւորական Ծատուրյանը գրեթե նույն աշխատանքը մեկ տարի առաջ պաշտպանել է Էջմիածնում: Ծատուրյանը դոկտորականի աստիճան ստացել է 2016 թվականի սեպտեմբերի 27-ին Գեւորգյան ճեմարանում` ստանալով նաեւ վարդապետի տիտղոս: Այս բացահայտումը հայ հոգեւորականի վրա թանկ է նստելու. Լեհաստանի օրենքներով` ակադեմիական աշխատանքի սեփականությանը վերաբերող կանոնների խախտումը լուրջ պատիժներ է նախատեսում: Ու հիմա նա կանգնած է այդ խնդրի առաջ: Մինչ այդ Մայր Աթոռի մամլո դիվանից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ կապ կհաստատեն Հայր Տաճատի հետ, խնդիրը կուսումնասիրեն, նոր կպարզաբանեն:

 

 

 

ԱՆՏԵՍՎԱԾՆԵՐԸ
Հանրապետականները երեկ մինչեւ հոգու խորքը վիրավորված էին: Սարդարապատում Հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավեր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ընդամենը երեկ պատգամավորի էր ուղարկվել: Ընդ որում` ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրավիրված էր ոչ թե ի պաշտոնե, այլ որպես ՀՀԿ խմբակցության անդամ: Բաբլոյանը տեղի ունեցածը որակել է այսպես. «Իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդրի նկատմամբ դրսեւորվել է ոչ համարժեք վերաբերմունք»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կատարվածը որակել է արարողակարգի եւ էթիկայի խախտում. «Հարց եմ տալիս՝ ԱԺ խորհրդի անդամները, ԱԺ փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովի նախագահները խորhդարանական երկրում «Ճ կլասի պաշտոնյանե՞ր են», թե՞ պաշտոնյաներ, որոնք օրենսդրի ղեկավարներն են»:
Սա իսկապես տարօրինակ է: Արա Բաբլոյանը զբաղեցնում է օրենսդիր իշխանության ղեկավարի պաշտոնը, եւ իշխանության մյուս երկու ճյուղերը պարտավոր էին հաշվի նստել այդ իրողության հետ` արարողակարգի համաձայն հրավիրելով նաեւ նրան` չնայած կառավարությունից պնդում են, որ ե՛ւ ՀՀԿ խմբակցությանը, ե՛ւ ԱԺ նախագահ Բաբլոյանին հրավեր ուղարկվել է:
ԱԺ ղեկավարության այս պահվածքը նաեւ զարմանալի է: Հավանաբար հիշում եք Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում (հատկապես երբ պատրաստվում էր վարչապետ դառնալու ծրագրին) խորհրդարանն իր ղեկավարության հետ համատեղ պարբերաբար ինչպիսի նվաստացումների էր ենթարկվում: Ամենավառ օրինակը օրենսդրությամբ Ազգային անվտանգության խորհրդի անդամների ցանկը սահմանելն էր, երբ պետության համար կարեւորագույն այս կառույցում այդպես էլ չընդգրկեցին օրենսդիր իշխանության ղեկավարին: Ու սա այն դեպքում, երբ խորհրդարանը պետության կառավարման, երկրի անվտանգության ապահովման հարցում ունի կոնկրետ լիազորություններ, հետեւաբար ԱԺ նախագահն ի պաշտոնե պետք է լիներ ԱԱԽ անդամ` ծանոթ լինելով այնտեղ ընթացող քննարկումներին: Բայց այն ժամանակ ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ էլ նրա տեղակալները ծպտուն անգամ չհանեցին` համակերպվելով իրենց վերապահված դերին: Ավելին` երբ ընդդիմությունը օրենքի նախագծի քննարկումների ժամանակ բարձրացրեց այս հարցը, Բաբլոյանը փորձել էր արդարացնել կառավարությանը` ասելով. «Մենք հանդիսանում ենք բարձրագույն մարմին եւ ունենք վերահսկողական կարգավիճակ կառավարության գործունեության վրա: Մենք չենք կարող գնալ ու մաս կազմել այն գործունեության, որը պետք է մենք վերահսկենք: …Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը` դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը»:
Մինչդեռ հիմա ԱԺ ղեկավարությունը հիշել է իր կարգավիճակի մասին` փորձելով հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանության հարցում:




Լրահոս